«Սօսէ Մայրիկ» հանգստեան տանը նշւեց ազգային բարերար՝ Սանդուխտ Միրզախանեանի 100-ամեակը

Իրանահայ համայնքում քիչ չեն այն բարերաները, որոնք իրենց համակ կեանքով ու ունեցւածքով իրենց անժխտելի դերն են ունեցել համայնքի կեանքի բարգաւաճման եւ զարգացման գործում:

Նմանօրինակ բարերարներից է Սանդուխտ Միրզախանեանը, ում ծննդեան 100-ամեակը նշւեց երէկ՝ յունիսի 26-ի առաւօտեան «Սօսէ Մայրիկ» տարեցների հանգստեան տանը, նախաձեռնութեամբ՝ ազգային իշխանութեան, հանգստեան տան տնօրինութեան եւ տնօրէն Անահիտ Զարգարեանի, որը ներկայում զբաղեցնում է Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան (ԹՀԿԲԸ) նախագահի հանգամանքը:

Տօնական միջոցառմանը ներկայ էին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, հանգստեան տան տնօրինութիւնը, պաշտօնեաները եւ բնակիչները:

Սանդուխտ Միրզախանեանն արդէն երեք տարի է, ինչ բնակւում է «Սօսէ Մայրիկ» հանգստեան տանը՝ խնամակալութեամբ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի: Բարերարը իրականացնելով իր հանգուցեալ ամուսնու՝ Գրիգոր Հայրապետեանի կտակը, իր բոլոր ունեցւածքը նւիրել է Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեանը: Նշենք նաեւ, որ բարերար Սանդուխտ Միրզախանեանը ելնելով իր բարեսիրական ոգուց, երկար տարիներ ունեցել է սաներ եւ հոգացել նրանց ուսման ծախսերը:

Կայացած միջոցառմանը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը շնորհաւորելով յոբելեարի 100-ամեակը, կարեւորեց բարերարութեան ոգին, եւ ընդգծեց, որ տկն. Սանդուխտը ճանաչւում է, որպէս ազգային բարերար եւ նշեց. «Ազգային բարերարները մեր իրականութեան մէջ իւրայատուկ տեղ են զբաղեցնում»: Նա յաւելեց, որ ժամանակին բարերարը դիմելով ազգային առաջնորդարանին իրականացրեց իր հանգուցեալ ամուսնու կտակը, որը վկայում է նրա ազգային բարձր ոգով տոգորւած լինելու մասին: Նա ընդգծեց, որ ազգային իշխանութիւնը եւս չի խնայելու իր կարելին՝ բարերարի, բարօր ապրուստը հոգալու համար: