×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016051001
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016051001

Անմոռանալի մի օր Արցախում

Ինքնաշարժը արագ սուրում է դէպի Ղարաբաղ, քաջերի մեր նորօրեայ ազատամարտիկների, Ֆիդայիների օրրան երկիրը, ուր ժողովուրդը իր կեանքով պաշտպանում ու պահում է իր հայրենիքը։

Տարօրինակ զգացում եմ ունենում, հակառակ նրան որ աւելի քան երեսուն անգամներ եղել եմ Ղարաբաղ, օրերով եւ շաբաթներով մնացել եմ այնտեղ ու վայելել նրա չքնաղ ու հիասքանչ բնութիւնը, այցելել եմ սրբաբոյր եկեղեցիներն ու վանական համալիրները, սակայն անբացատրելի մի զգացում պարուրում է ողջ էութիւնս ու անհամբեր եմ։ Ուզում եմ մի վայրկեան առաջ հասնել Ստեփանակերտ, այցելել ճակատները, սեղմել ձեռքերը հայ զինւորների, համբուրել փոշոտ ու քրտնաթոռ ճակատը նրանց եւ ասել որ ողջ հայութիւնը նրանց կողքին է եւ աղօթում է նրանց համար։

Արեւի առաջին շողերի հետ մօտենում եմ Բերձոր եւ այնուհետ հանգիստ մօտենում եմ հերոսական Շուշիի եւ ապա Ստեփանակերտին։

Իմ ընկերակիցները թեհրանահայ եւ երեւանահայ մի ծնողք, որի երկու երիտասրադ զաւակները մին Աղտամի ճակատի իսկ միւս՝ Տաւուշում, անընդհատ քաջալերում են իրենց ծնողներին, որ չմտահոգվեն նրանցով, որովհետեւ հայ զինւորը քաջ է ու արի, անվախ է ու համարձակ եւ ամենից կարեւորը իր հայրենի հողի զօրութեամբ արիացած վերածւել է Առիւծ Մհերի ու Սասունցի Դաւիթին։

Մի պահ հանգստանալուց յետոյ հանդիպում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխ վարչապետ տիար Արթուր Աղաբէգեանին, որ ջերմօրէն ընդունում է մեզ եւ շնորհակալութիւն է յայտնում Թեհրանի հայ ժողովրդի ցուցաբերած օժանդակութեան ու գործնական զօրակցութեան։ Այնուհետ հանդիպում եմ Հանրապետութեան վարչապետ մեծարգոյ պրն. Արայիկ Յարութիւնեանին, որի հետ զրուցում ենք եւ ունկնդրում Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի քաջագործութիւնները, վեր բերելով հայ զինւորի մարտականութեան ոգին։

Հազիւ դուրս եկած պրն. վարչապետին գրասենեակից, մեզ յայտնեցին որ Հանրապետութեան Արտաքին Գործոց նախարարը եւս փափագում է մեզ հանդիպել։ Իմ համար մեծապէս հաճելի էր հանդիպել վաղեմի ծանօթ ու սրտակից պրն. Կարէն Միրզայեանին, որի հետ եւս զրոյցի թեման մեր քաջարի բանակի ու զօրականների սխրագործութիւններն էին։

Հասած էր ժամը մեկնումի դէպի Աղտամի ճակատը տեսնելու հայ քաջարի զինւորին իր խրամատում, որտեղ նա աջալուրջ հետեւում է թշնամու ամէն շարժումի։ Անհամբեր եմ դարձել ու նաեւ խիստ յուզւած. անցնում ենք Ասկերանի պարիսպների միջից ու հասնում եմ Աղտամ։ Ճանապարհը խորտ ու բորդ է եզերւած չքնաղ կանաչութեամբ, հասնում ենք մեզ թոյլատրւելիք կէտին, մի խորխուլ տնակում երկու գիշերապահ զինւորներ խորը քնել են. ակամայ աղօթում եմ, «Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ զօրաց եւ զինւորացն մերոց»։ Ձայն ենք տալիս ճակատի հրամանատարին, գալիս է հայ զինւորը, հայ հրամանատարը եւ ապա գալիս են հայ զինւորները, նրանց յանձնում ենք այն ամէն ինչ բերել էինք իրենց. բայց մեր տւածը ի՞նչ, իրենք ամէն վայրկեան իրենց կեանքը մատաղ անելու պատրաստ վիճակում են, այո՛, ահա հայ զինւորը, կանգնած մեր դիմաց անխռով ու անվեհեր, պատրաստ ամէն վայրկեան թշնամուն հասցնելու իր անվրէպ փամփուշտը։

Աղօթում եմ. աղօթում եմ երկար ու աղաչական ու չեմ ուզում աւարտել աղօթքս։ Աղօթք վասն խաղաղութեան աշխարհիս հայոց, աղօթք հայոց բանակի յաղթանակի համար, աղօթք հերոսական Արցախի ժողովրդի համար եւ վերջապէս աղօթք ողջ աշխարհի համար, որպէսզի լռեն պատերազմներն ու դադարեն զէնքերի ձայներն ու թշնամու յարձակումները եւ սէր ու խաղաղութիւն հաստատւի ամենուրեք։

Մի քիչ էլ մնում ենք եւ այնուհետ նրանց յանձնելով Աստծու պահպանութեան վերադառնում ենք Ստեփանակերտ, որտեղ մեզ ընդունում է Հանրապետութեան վսեմաշուք նախագահը՝ մեծարգոյ պրն. Բագօ Սահակեանը. քաջ, արի նախագահ որ հպարտ է իր բանակով եւ աշխարհով մէկ տարածւած իր հայրենակիցներով, որոնց ուշադրութեան առանցքը այս օրերին կենտրոնացած է միայն ու միայն Արցախի վրայ։ Զրուցում ենք պրն. նախագահի հետ. ինքնավստահ է ու հպարտ իր զինւորներով, պաշտպանութեան բանակով եւ իր ժողովրդով, որը վճռել է իր կեանքով պաշտպանել իր հայրենիքը։ Պրն. նախագահը իր եւ իր ժողովրդի շնորհակալութեան անկեղծ զգացումները արտայայտում է եւ խնդրում իր ողջոյնները փոխանցել իրանահայութեան ընդհանրապէս եւ թեհրանահայութեան յատկապէս։

Մեր ժողովուրդը միշտ տագնապալի ու ճգնաժամային պահերին ինքնապաշտպանութեան իր ինքնածին բնազդովն ու կարողականութեամբ, ուժգնութեամբ գնում է յառաջ անվախ ու անկաշկանդ, յաղթահարելով ամէն տեսակի դժւարութիւն։

Շահեկան, խրախուսիչ ու ապագայատեսիլ զրոյցից յետոյ հրաժեշտ ենք առնում պրն. նախագահից ու առանձնանում Պարգեւ Սրբազանին հետ, մի մարդ որ նոր օրերի Ղեւոնդ Երէց է եւ Ղեւոնդեան իր շունչով, հոգով ու ոգով իր ժողովրդի կողքին, զինւորի կողքին է, ամենուրեք է եւ ամենուն հետ է։

Օրը երեկոյեանում է, հասել է պահը հրաժեշտի. ի՞նչ հրաժեշտ, կարծես ողջ Արցախը հոգուս մէջ առած իր հետ շնչելով քայլում եմ։ Այո՛, ոչ մէկ ատեն հայրենիքին հրաժեշտ չես կարող տալ, քանի որ նա էութեանդ հետ տարրացած է։ Այս խոհերով ծանրաբեռն հասնում եմ Ս. Էջմիածին եւ մի պահ քառագագաթ Արագածին նայելով հայցում եմ մեր հաւատոյ հօր Լուսաւորչի բարեխօսութիւնը իր ժողովրդի եւ Հայաստան ու Արցախ աշխարհների խաղաղութեան եւ բարօրութեան համար։

Ուրբաթ՝ յագեցւած ու լիցքաւորւած Արցախի միօրեայ այցելութիւնից հանդիպեցի Սփիւռքի նախարարուհի՝ Ազնւափայլ տիկին Հրանոյշ Յակոբեանին, որը ջերմ սիրով ընդունեց զիս եւ իւրայատուկ երջանկութեամբ տօնեց Արցախ միօրեայ իմ հանդիպման եւ ունեցած ուրախ, հպարտ եւ միաժամանակ դառն ապրումներիս։ Տիկին նախարարուհին իր գոհունակութիւնը յայտնեց այս հանդիպման համար։

Այնուհետ թեմական հարցով այցելեցի, Հ. Բ. Ը. Միութեան նորակառոյց կենտրոնը, որտեղ հանդիպեցի Տիար Վազգէն Եագուպեանին, որ Հ. Բ. Ը. Միութեան միջին Արեւելքի բաժանմունքի վարչութեան պետն է։ Հաճելի եւ մտերմիկ զրոյցից յետոյ առիթ եղաւ շրջագայելու նորակառոյց կենտրոնի բաժանմունքներում եւ հանդիպելու նաեւ իւրաքանչիւր բաժանմունքի պատասխանատուների հետ։

Այժմ Թեհրանի բնակարանիս գրասեղանի առաջ նստած երբ գրում եմ այս տողերը, հաւատացէք, որ ես չեմ գրողը, այլ այն զինւորն է, այն հրամանատարն է, որոնց ձեռքերը սեղմելիս ինչ որ բան ներարկեցին եւ ուժ տւեցին իմ ձեռքերին։

Տէ՛ր, քո խաղաղութիւնը շնորհիր ողջ աշխարհին եւ նաեւ հայոց աշխարհներին՝ Հայաստանին, Արցախին եւ վաղւայ ամբողջական Հայաստանին. Ամէն։

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

{gallery}201605/2016051001{/gallery}