ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Մտահոգութեամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դէմ իրականացւող դաժան ռմբակոծութիւններին, որին զոհ գնացին աւելի քան 20000 անմեղ մարդիկ:

Այսօր Գազայի հատւածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մօտեցումը հակասում է բոլոր Աստւածային կրօնների ուսուցումներին եւ ցուցմունքներին։

Որպէս ցեղասպանութեան արհաւիրքն ապրած ժողովրդի ներկայացուցիչներ, բուռն կերպով դատապարտում ենք իսրայէլական հակապաղեստինեան այս անմարդկային արշաւանքն ու ռմբակոծումը եւ կոչ ենք անում միջազգային ատեաններին համախմբելու բոլոր ջանքերը կասեցնելու համար Գազայի հատւածում տեղի ունեցող աղէտը։

Իւրաքանչիւր վայրկեանի վատնումը եւ կորուստը կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ ճիշտ այնպէս, ինչպէս դա տեղի ունեցաւ Արցախում, որի արդիւնքում աւելի քան 120 հազար արցախահայեր ստիպւած եղան լքել իրենց պատմական հայրենիքն ու տարագրւել։

Զգում ենք դառնութիւնն եւ կսկիծը Պաղեստինի ժողովրդի եւ խորապէս զօրակցում ու ցաւակցում ենք Պաղեստինի ազնիւ եւ մարտունակ ժողովրդին:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ