
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շարունակելով Հիւսիսային Ամերիկայի արևմտեան թեմ կատարած իր ուղևորութիւնը երեքշաբթի մայիսի 31-ին այցելութիւններով յագեցած օր ունեցաւ:
Գերշ. Սրբազան հայրը երեքշաբթի օրը նախ այցելեց «Ասպարէզ» օրաթերթի խմբագրութիւն, որտեղ մտերմիկ զրոյց ունեցաւ թերթի գլխաւոր խմբագիր Աբօ Պողիկեանի հետ: Հանդիպման ժամանակ Աբօ Պողիկեանը համառոտ կերպով ներկայացրեց օրաթերթի ընթացիկ աշխատանքները, իսկ Սրբազան Հայրը պարզաբանումներ կատարեց իրանահայ թեմի առօրեայ կեանքի մասին, ընդգծելով գաղութի կենսունակութիւնը: Կողմերը նաև զրուցեցին ու մտքերի փոխանակում կատարեցին համազգային յուզող հարցերի, այդ թւում արցախեան գոյամարտի շուրջ: Այցի ընթացքում Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին ընկերակցում էին Գլենդէլի «Օրակարգ» պարբերաթերթի խմբագիր Զարեհ Աճէմեանն ու թեհրանահայ նախկին ազգայիններից Ռոբերտ Մարգարեանը:
Սրբազան Հայրն այնուհետեւ հիւրընկալւեց Լոս Անջելէսի Իրանահայ միութեան յարկի ներքոյ: Միութիւն մուտք գործելիս Սրբազան Հայրը դիմաւորեց աւանդական աղ ու հացով և ծանօթացաւ միութեան խնամակալ մարմնի ու վարչութեան, ինչպէս նաեւ միութեան տարբեր կառոյցների ներկայացուցիչների հետ: Սրբազան Հայրն այցելեց միութեան գեղեցիկ շէնքն ու տարբեր բաժինները, այնուհետեւ մասնակցեց իր պատւին կազմակերպւած հիւրընկալութեանը: Այցելութեան ընթացքում Սրբազան Հօրն ընկերակցում էին նախկին թեհրանահայեր՝ Հռիփսիկ Դաւթեանը, Գէորգ Աբուլեանը, Զարեհ Աճէմեանն ու Ռոբերտ Մարգարեանը և հիւրաբար ԱՄՆ-ում գտնւող Արշաւիր Քեշիշեանը:
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանն այնուհետև այցելեց Հ.Մ.Ը.Մ.-ի Գլենդէլի «Արարատ» մասնաճիւղը, որտեղ դիմաւորւեց միութեան վարչութեան անդամների եւ պատասխանատուների կողմից: Սրբազան Հայրը շրջեց միութեան երկու առանձին շէնքերում գտնւող վարչական ու մարզական բաժինները եւ մօտկից ծանօթացաւ միութեան յարկի ներքոյ տարւող աշխատանքներին: Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ապա մասնակցեց կազմակերպւած հիւընկալութեանը, որի ընթացքում մտքերի փոխանակում կատարւեց Հ.Մ.Ը.Մ.-ի համազգային կարեւոր դերակատարութեան ու նաև երիտասարդութեանը նրա աշխատանքներում առաւել ներգրաւելու ուղիների շուրջ:
Բոլոր հանդիպումների ժամանակ Գերշ. Սրբազան Հայրը ցաւ յայտնելով արտագաղթի երևոյթի կապակցութեամբ ընդգծեց իրանահայ գաղութի կենսունակութիւնն ու բարւօք պայմանները:
{gallery}201606/2016060201{/gallery}