ԱՍՏԾՈՒ ԽՕՍՔԻՆ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽԻՉ ԶՕՐՈՒԹԻՒՆԸ

Հայաստանեայց եկեղեցին հոկտեմբեր ամսին տօնում, ոգեկոչում է յիշատակը իր թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպին, Եղիշէին, Մովսէս Քերթողահօր, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփային, Գրիգոր Նարեկացուն եւ Ներսէս Կլայեցուն (Շնորհալուն), այսինքն այն վարդապետներին, որոնք շարականագրի բառերով՝ «Նրանք ովքեր աստւածագիտութեան ծածկւած խորհուրդը տնօրինաբար յայտնելով ճանաչեցրին մեզ, մեծ սուրբի Մովսէսի նման»: Այո, նրանք Աստծու իմաստութեամբ զարդարեցին Հայաստան աշխարհը հայ գրերի արարումով:

Նոյն ամսուն ոգեկոչում ենք նաեւ յիշատակը, չորս աւետարանիչների՝ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու, որոնք իրենց աւետարաններով աստւածային ճշմարտութեան լոյսը փոխանցեցին մեզ, հանդիպելով յաւերժահոս աղբիւր աստւածագիտութեան:

Մենք Աւետարանիչների տօնը, մեր թեմում, յայտարարել ենք որպէս ՛՛Աստւածաշնչի օր՛՛, այն խոր համոզումով որ Աստւածաշունչը իբրեւ Աստծու Յայտնութիւն եւ Յաւիտենական խօսք է եղել, է, եւ լինելու է մեր ժողովրդի զօրութեան, ներշնչման եւ առաջնորդութեան աղբիւր եւ լոյս:

Աստծու խօսքը իր էութեամբ լոյս է, խաղաղութիւն եւ միաժամանակ յաւիտենական ապահովութիւն՝ այլ խօսքով յաւիտենականութեան առաջնորդող ճշմարտութիւն:

Աւետարանիչներից իւրաքանչիւրը այդ խօսքը հարազատութեամբ փոխանցեցին ողջ աշխարհին իբրեւ պատգամ, այլեւ պատւանդան նոր կեանքի:

Մատթէոսի Աւետարանը իր էութեամբ կազմում է մի գեղեցիկ օղակ Նոր Կտակարանի եւ Հին Կտակարանի միջեւ: Իր Աւետարանը կարծէք մի կողմից վկայարանն է Հին Կտակարանի եւ միւս կողմից էլ հաստատումը Հին Կտակարանի մարգարէութեանց: Մատթէոսի Աւետարանի 5-7 գլուխները, Շնորհք պատրիարքի բառերով, կազմում են « Նոր Ուխտի օրինագիրքը, եւ որ միաժամանակ համամարդկային կրօնաբարոյական գրականութեան գագաթն է կազմում»:

Մարկոսի Աւետարանը թէեւ ամենից համառօտն է, բայց ա՛յն հնագոյնն է յարաբերաբար միւս Աւետարանների: Սոյն Աւետարանը նպատակադրւած է առաւելաբար դէպի հեթանոսներ»:

Աւետարանիչը եղած է միեւնոյն ժամանակ Եգիպտոսի եկեղեցու հիմնադիրը, որ իր նահատակութեամբ նւիրագործեց առաքելաշնորհ այդ եկեղեցին:

Ղուկաս Աւետարանիչ որպէս բժիշկ հանդիսանում է մի բացառիկ անձնաւորութիւն, որի Աւետարանը իր բովանդակութեամբ, մատուցման եղանակով եւ յիշատակած առակներով կազմում է մի սքանչելի եւ անփոխարինելի բովանդակութեամբ աստւածային մատեան: Այս Աւետարանը արտայայտում է Քրիստոսի սէրն ու գուրգուրանքը հանդէպ աղքատների, տկարների, խոնարհների, մանուկների, կանանց եւ մեղաւորների, մի երեւոյթ, որ առաւել եւս շեշտում է Աւետարանի համամարդկային նկարագիրը:

Իր Աւետարանի կողքին գրած է նաեւ ՛՛Գործք Առաքելոց՛՛ (Առաքեալների գործերը) գիրքը, որ կարծես շարունակութիւնն է իր Աւետարանի եւ սկիզբը՝ Եկեղեցու Պատմութեան:

Չորրորդ Աւետարանը իր բովանդակութեամբ իւրայատուկ է, որովհետեւ Յովհաննէս ինք իբրեւ Յիսուսի ՛՛Սիրելի Աշակերտը՛՛ իր եռանդով, հանդարտութեամբ, քաջութեամբ ու բարութեամբ, մեծութեամբ, խոնարհութեամբ, սիրով եւ խստութեամբ հանդիսանում է Քրիստոսի եկեղեցու հիմնասիւներից մին:

Չորս Աւետարանիչները չորս սիւներն են եկեղեցու, որոնք Աստծու խօսքը անարատութեամբ ու անաղարտութեամբ փոխանցեցին ողջ աշխարհին: Նրանք եղան «Քրիստոսի աշակերտները, որոնք կեանքի բանը – խօսքը - աշխարհում աներկիւղ կերպով քարոզեցին», որովհետեւ նրանք համոզւել էին, որ Աստծու խօսքը միտքը լուսաւորող, իմաստաւորող, տկարը զօրացնող, սգաւորը մխիթարող, կարօտեալը կենսաւորող, չարչարւողը հանդարտեցնող ուժ ունի իր մէջ:

Անցեալ երկու հազար տարիների կեանքը Քրիստոսի եկեղեցուն գեղեցկագոյն վկան է այս ճշմարտութեան ՛՛ Ի սկզբանէ ՛՛ խօսքը Աստծու եկեղեցու կեանքում եղաւ հոգեւոր սնունդ, Սաղմոս սիրոյ, աղբիւր երջանկութեան եւ մխիթարութեան, խաչ եւ յարութիւն, Աղօթք եւ ներողամտութիւն այլ խօսքով նոր ու պայծառափայլ կեանք, լի Աստծու շնորհներով. շնորհ, որ բանաստեղծի բառերով ՛՛ Արեւ է անոյշ՛՛ սրտերը ջերմացնող, ցուրտը փարատող եւ յաւերժաբոյր ամպ հովանի:

Սաղմոսերգուի բառերով Աստծու խօսքը ճրագ է եւ մեր ճամբաները  լուսաւորող. երանի նրան ով Տիրոջ ճանապարհով է ընթանում: