ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Երկուշաբթի 18 Յուլիս 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի ներկայացուցիչ օրդ. Անժելիքա Սքոփին, որ եկած էր Սրբազան հօրը հրաւիրելու Սեպտեմբերին, իր կազմակերպւելիք կլոր սեղանին մասնակցելու համար։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց օրդ. Անժելիքային եւ յաջողութիւն մաղթեց իրեն իր մարդասիրական աշխատանքների մէջ։ Այնուհետ խօսւեց ընդհանրապէս միջազգային Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի համատեղ եւ առանձին աշխատանքների մասին։ Սրբազան հայրը Կարմիր Խաչի ներկայացուցչին լայն բացատրութիւններ տւեց հայակեանքում հայ Կարմիր Խաչի՝ ՀՕՄ-ի եւ իր շրջանային ու տեղական մարմինների ունեցած դերակատարութեան եւ օրհնեալ աշխատանքների եւ բարեսիրական գործունէութեան մասին, շեշտելով գլխաւորաբար հայ կնոջ, հայ իգական սեռի անփոխարինելի ծառայութիւնը մեր ժողովրդի կեանքում։