Ուրախութեամբ յայտնում ենք, որ սոյն թւականի դեկտեմբեր ամսին Թեհրան է ժամանելու Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, հովանաւորելու իր ընտրութեան և օծման 20-ամեակի հանդիսութեանց:
Այս առիթով Թեհրանում կայանալու է հերթական միջազգային, միջ-կրօնական յարաբերութիւնների շրջագծում երկխօսութեան համագումար, Իրանի Մշակոյթի և Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնի նախաձեռնութեամբ: Յայտնենք, որ այս շրջագծում վերջին համագումարը կազմակերպւել էր Անթիլիասում: Այս տարւայ երկօրեայ համագումարի գլխաւոր թեման լինելու է «Կրօնք եւ բռնութիւն»:
Յայտնենք նաև, որ Իրանի Մշակոյթի և Միջազգային Հաղորդակցութեան կենտրոնն արդէն պաշտօնական հրաւէր է տւել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, մասնակցելու սոյն համագումարին:
Վեհափառ Հօրը Թեհրանում դիմաւորելու և ընդունելութեան նպատակով, կեանքի է կոչւել յանձնախումբ, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: Սոյն յանձնախմբի ատենապետն է Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը:
Յանձնախմբի միւս անդամներն են՝
- Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեան
- Տկն. Արմինէ Սէթխանեան
- Պրն. Մինաս Աղանեանս
- Տկն. Ժանեթ Թարվերդեան
- Օրդ. Սեդա Թարվերդեան
- Տկն. Անեթ Բաղդասարեան
- Պրն. Հարմիկ Աւետեան
- Պրն. Յակոբ Յակոբեան
Յանձնախումբն արդէն իսկ սկսել է իր աշխատանքները: