Հ. Հ. Ը. Միութիւնը հիւրընկալեց Դոկտ. Ռոբերթօ Մարգարեանին

Սեպտեմբերի 18-ին Թեհրանի պետական համալսարանի հրաւէրով Իրան էին ժամանել Ուրուգուայի “Universidad  de laRepublica Uruguay” համալսարանի նախագահ/ռեկտոր՝ դոկտ. Ռոբերթօ Մարգարեանը և իր տիկին՝ Աննա-Մարիա Ֆերրարին:

Նրանք իրենց այցելութեան առաջին օրերում մասնակցեցին պաշտօնական և ակադեմիկ հանդիպումների և այցելեցին մի շարք պետական վայրեր:

Երեքշաբթի Սեպտեմբերի 20-ի երեկոյեան, հիւրընկալւեցին Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան անդամների միջոցով, որտեղ առիթը եղաւ մօտիկից հանդիպել և ունենալ մտերմիկ զրոյց:

Նախ Հ.Հ.Ը. միութեան կենտրոնատեղին այցելելով ծանօթացան տարբեր բաժինների և ընթացիկ աշխատանքների ու միութեան 73 տարիների պատպութեան մասին: Ապա տրւեցին ամփոփ բացատրութիւններ իրանահայերի պատմականից և իրանում գործող՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի և իրենց ենթակայ կրթական և մշակութային կենտրոնների գործունէութեան և համայնքների կառոյցների մասին: Բացատրւեց նաև, որ համայնքում աշխատում են մասնագիտական, բարեգործական, մշակութային և մարզական տարբեր միութիւններ: Խօսւեց իրանի իսլամական խորհրդարանում 2 հայ պատգամաւորների աշխատանքների և պարտականութիւնների մասին:

Նախապէս համադրելով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հետ և վարչութեանս անդամների ուղեկցութեամբ՝ այցելեցին Ազգային Առաջնորդարան և Ս. Սարգիս եկեղեցի:

Մեր հիւրերի այցը զուգադիպելով Իրանի 48-րդ համահայկական խաղերին, որոշեցինք միասին այցելել Արարատ մարզաւան և մօտիկից նրանց ծանօթացնել Հ.Մ. Արարատ կազմակերպութեանը և մարզաւանի շրջափակը, Ս.Խաչ մատուռը, մարզական դաշտերը և սրահները: Այնտեղ տրւեցին բացատրութիւններ Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչների կողմից: Բարձր տպաւորութեամբ հիւրերի հետ միասին վարչութեանս անդամների ներկայացուցիչների հետ տեղի ունեցաւ մտքերի լայն փոխանակում՝ համալսարանական և ակադեմիկ աշխատանքների և համագործակցութիւնների վերաբերեալ:

Դոկտ. Ռոբերթօն և Տկն. Աննա-Մարիան 5 օրեայ շրջագայութիւն ունենցան դէպի Շիրազ, Սպահան և այլ վայրեր: Թողնելով Իրանը, մեկնեցին Հայաստան-Երևան, գործնական հանդիպումներ ունանլու՝  Հայաստանի պետական համալսարանների հետ:  Սեպտեմբերի 30-ին, դոկտ. Մարգարեանը հանդիպեց Հայաստանի հանրապետութեան նախագահ՝ Պրն. Սերժ Սարգսեանին:

Վերջում յարկ է նշել, որ դոկտ. Ռոբերթօ Մարգարեանը ճանաչւած դէմք է Ուրուգուայում, արմատներով արևմտեան Հայաստանի հայերից է, հայերէն չի խօսում, սակայն բնաւորութեամբ հայ է: Նրա եղբայրը՝ Սերջիօ Մարգարեանը յայտնի ֆուտբոլիստ և մարզիչ է: Նա աւելի քան 20 ֆուտբոլի խմբերի և 2015 թւին Յունաստանի Ֆուտբոլի հաւաքականի մարզիչն է եղել:

Հ.Հ.Ը.Մ. Վարչութիւն