Կիրակի Հոկտեմբերի 9-ի կէսօրին, 15 գերմանացի, Շւեդացի և Աւստրիացի թուրիստներ Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին, ապա Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց իրենց:
Խումբը ղեկավարում էր՝ հոգևորական, վերապատւելի Հէլմութ Ֆալքէնսթոֆերը:
Ողջոյնի և բարեգալստեան խօսքից յետոյ, Սրբազան Հայրը նախ համառոտ բացատրութիւններ տւեց Թեհրանի Հայոց Թեմի և ընդհանրապէս հայերի Իրանում ունեցած իրաւունքների, հայ եկեղեցիների և ազգային դպրոցների մասին:
Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ արտայայտւեց՝ «կրօնական մշակոյթը իրանում գալիս է պատմութիւնից, կրօնական փոքրամասնութիւններն այստեղ ունեն իրենց իրաւունքները: Մենք հայերս, լինելով քրիստոնեայ փոքրամասնութիւն այս երկրում, ևս ունենք մեր եկեղեցիները, կրօնական և ազգային արարողութիւնները, մեր դպրոցները և որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից, կրօնական փոքրամասնութիւններին տրւել են այս իրաւունքները»:
Վերջում, ներկաները տարբեր բնոյթի հարցեր ուղղեցին Թեմիս Առաջնորդին, որոնց սպառիչ պատասխաններ տւեց Սրբազան Հայրը: