Զեկոյց՝ Ս. Աստւածածին Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի Աշխատանքներից

Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը զրուցել է մի քանի եկեղեցական խորհրդների հետ, և հակիրճ զեկոյցներից մէկը ներկայացնում ենք ստորև:

Ս. Աստւածածին եկեղեցւոյ խորհրդի ատենապետ՝ պրն. Յովիկ Բէգլարեանը զեկուցեց՝

2015 թւի յուլիսի 5-ին գումարւեց մեր առաջին նիստը, որտեղ աշխատանքի բաժանում եղաւ ըստ հետևեալի՝

  • Պրն. Յովիկ Բէգլարեան՝ ատենապետ
  • Պրն. Լևիկ Հայրապետեան՝ փոխատենապետ
  • Տկն. Արինէ Զոհրաբեան՝ ատենադպիր
  • Տկն. Յասմիկ Խալաֆեան՝ գանձապահ
  • Տկն. Թագուհի Ղարէ Մաթրոսեան՝ գոյքապահ
  • Տկն. Հերմինէ Արշակեան՝ անդամ
  • Տկն. Ժաքլին Չհարմահալեան՝ անդամ
  • Պրն. Թոմիկ Յարութիւնեան՝ անդամ

Կազմի անդամ էր նաև տկն. Նւարդ Բաղդասարեանը, որը ներկայացրել է իր հրաժարականը:

Եկեղեցում, մինչ այժմ կատարել ենք հետևեալ աշխատանքները՝

  • Նորոգւել են եկեղեցու աթոռների խաչերը
  • Բակի ջրերի խողովակների, ծորակների և յարակից գործիքները ևս նորոգւել և կարգին վիճակի են բերւել
  • Եկեղեցու ձայնի սարքաւորումը խնդիրներ ունէր, բայց հիմա նորոգւել է
  • Աւելացրել ենք եկեղեցու դպրաց դասի վճարումները
  • Ընթացքի մէջ է եկեղեցու ապակիների վիթրայ նկարչութեամբ զարդարելը, որը յոյսով ենք կաւարտւի մինչև 6 ամիս

Այս ընթացքում Ս. Աստւածածնի տօնի առիթով եկեղեցում մատուցւել է Ս. Պատարագ, որին նախագահել է Թ. Հ. Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:  Արարողութիւնից յետոյ, խորհրդիս կողմից ընդունելութիւն էր կազմակերպւել Սրբազան Հօր և միւս հիւրերի պատւին:

Ապագայի համար ունենք որոշ բարեկարգման և մասամբ շինարարական ծրագրեր:  Նաև ծրագրել ենք եկեղեցու արտաքին կողմի լուսաւորման խնդիրները լուծել և աւելի գունեղ դարձնել այն:  Մտածում ենք իրադրութիւնը աւելի մանրակրկիտ վերահսկելու համար տեսախցիկներ տեղադրել յարմար վայրերում:

Ս. Աստւածածին եկեղեցու 70-ամեակի նախօրէին մտածում ենք առաւել աշխուժացնել եկեղեցին, կազմակերպելով տարբեր խմբերի, մասնաւորաբար աշակերտութեան, այցելութիւնները և նրանց ծանօթացնելու մեր 70-ամեայ պատմութեանը:

Յոյսով ենք կարողանանք առաւել նորութիւններ մտցնել մեր ապագայ ծրագրերում, որպէսզի դրանք աւելի հետաքրքիր լինեն մեր համայնքի համար: