Տեղեկանք

Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները կազմակերպելու նպատակով, ժամանակին կեանքի կոչւեց Կենտրոնական Ընտրական Յանձնախումբ:

ԿԸՅ-ը անմիջապէս իր աշխատանքը սկսեց եւ կազմեց ընտրութեան ժամանակացոյցը, առաջնահերթաբար ճշտելով թեկնածուների արձանագրութեան ժամկէտը՝ 12-26 հոկտ. 2016 թ.:

Արձանագրութեան ժամկէտը աւարտւելու սեմին էր, երբ մի քանի միութիւններ (ԻԱՄՄ, «Րաֆֆի», «Աշխարհատեսներ»), 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութեան վերաբերեալ իրենց մտահոգութիւնները արծարծելու խնդրանքով հանդիպում ունեցան Թեմական խորհրդի ներկայացուցչի եւ Կենտրոնական Ընտրական յանձնախմբի նախագահի հետ: Հանդիպման արդիւնքը գոհացրեց դիմողներին եւ պատճառ դարձաւ, որ Կենտրոնական յանձնախումբը փոխըմբռնման կարգով երկարաձգի թեկնածուների արձանագրութեան ժամկէտը մինչեւ հոկտ. 28-ը: Եւ դրանով փակւեց արձանագրութեան կայքէջը:

Շաբաթ, հոկտ. 29-ին յանձնախումբը տեղեկանում է, որ ոմանք փորձել եւ չեն կարողացել կայքէջում արձանագրւել: Դրանց եւս առիթ տրւեց իրենց թղթածրարը ներկայացնեն: Արդիւնքում երկու հոգի դիմեցին:

Նոյն օրը արձանագրութեան երկարաձգելու դիմում է կատարւում վերոյիշեալ միութիւնների կողմից: Յիշեալներին փոխանցւում է նամակով դիմեն եւ իրենց թեկնածուների անունները պատկան անձնագրի պատճէնով ներկայացնեն:

Հոկտեմբերի 30-ի կէսօրին ստացւել է այդ նամակը, առանց որեւէ անւանացանկի, որի համար կրկին յիշեցւել եւ իրազեկւել են ցանկը ներկայացնելու:

Նման պայմաններում ԿԸՅ անկախ առաջացած ընտրական ընթացքի բարդութիւններից ելնելով համայնքի ընդհանուր շահերից, դրական արձագանգեց նշած միութիւնների նամակին:

Ցաւօք, պահանջւած անւանացանկը չներկայացւեց եւ ԿԸՅ իր նիստում սկսեալ ժամը 21:00-ից - 23:00-ը բջջային կարճ հաղորդագրութեամբ (SMS) եւ հեռախօսի կապով ստացաւ մի շարք անուններ:

Որպէսզի ներկայացւած անունները օրինական լինեն, ԿԸՅ-ը պահանջել է՝ 2 օրւայ ընթացքում անունները գրաւոր, ստորագրւած եւ ազգային կոդի համարով ներկայացւեն:

Սակայն, դժբախտաբար, դա եւս չի կատարւել: Կենտր. յանձնախումբը համբերատարութեամբ, շրջահայեացութեամբ եւ փոխըմբռնման կարգով, նոյեմբերի 3-ի կէսօրւայ ժամը 12-ը, որպէս վերջին առիթ սահմանել է պահանջւող փաստաթղթերի ստացման համար ժամկէտը:

Նոյեմբերի 3-ին, սահմանւած ժամին ստացւել է 6 դիմում, որոնք պէտք է մինչեւ նոյեմբերի 8-ը անձնապէս դիմեն ազգային առաջնորդարան եւ ամբողջապէս լրացնեն իրենց դիմումը:

Յատկանշական է, որ ճշտորոշւած վերջնական ժամկէտից յետոյ, երբ արդէն փակւած է եղել Կենտրոնական Ընտրական յանձնախմբի գրասենեակը, ժամը 14-ին դարձեալ ուշացած մի անձի կողմից ներկայացւում է 13 նոր թղթածրար, որը, բնականաբար, Կենտրոնական յանձնախումբը իր ժողովում մերժեց վերջնականացւած ժամկէտից դուրս ստացւած այդ թղթածրարները:

Թ. Հ. Թ.16-րդ Պատգամաւորական ժողովի

Կենտրոնական Ընտրական յանձնախումբ