Զրոյց Կ.Ը.Յ.-ի ատենապետ՝ Համլետ Խալոյեանի հետ

Ազգային բարձր գիտակցութեամբ՝ նոյեմբերի 25-ին մասնակցենք Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին

Ալիք - Թւականիս նոյեմբերի 25-ին Թեհրանի հայոց թեմում կայանալու է համայնքի բարձրագոյն օրէնսդիր մարմին՝ Պատգամաւորական ժողովի 16-րդ նստաշրջանի ընտրութիւնները:

Ընտրութիւններ, որին մասնակցելը համարւում է ազգային պարտականութիւն եւ պարտաւորութիւն, քանզի՝ ընտրութիւններին մասնակցելով է հնարաւոր պահանջատէրը լինել իրաւունքներին:

Առ այդ հերթական անգամ «Ալիք» հաստատութիւնը հարցազրոյց է ունեցել Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի Կենտրոնական ընտրական յանձնախմբի՝ Կ.Ը.Յ.-ի ատենապետ՝ Համլետ Խալոյեանի հետ, ով աւելի քան 60 թեկնածուների գրանցման հարցով փոխանցեց վերջին նորութիւնները:

 Պրն. Խալոյեանը անդրադառնալով ընտրութիւնների գծով տարբեր միութիւնների եւ մարմինների հետ կայացած հանդիպումներին, այսպէս ասաց. «Մինչ օրս հանդիպումներ ենք ունեցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, հայոց դպրոցների ծնողական խորհուրդների հետ՝ ազգային առաջնորդարանում, եւ նոյեմբերի 7-ին էլ Իրանի Հայ արհեստաւորների հաւաքականութեան հետ՝ «Արամ Մանուկեան» սրահում:

Քարոզչական յանձնախմբի ծաւալած աշխատանքների մասին նշելի է, որ շուտով համացանցի տարբեր միջոցներով, ինչպէս թելեգրամ եւ.... համայնքի սեփականութիւնն է դառնալու զանազան քարոզչական ֆիլմեր ու նիւթեր, որոնք ժողովրդին իրազեկ են դարձնելու Պատգամաւորական ժողովի կարեւորութեան եւ տարւող աշխատանքների մասին»:

Անդրադառնալով թեկնածուների արձանագրութիւններին, Կ.Ը.Յ.-ի ատենապետը նշեց. «Թեկնածուների արձանագրութեան համար, որը իրականացել է ժամանակին յանձնախմբի կողմից մամուլով յայտարարւած կայքէջի միջոցով, ըստ նախնական հաղորդագրութեան ժամկէտ էր ճշտւել հոկտեմբերի 26-ը, սակայն արձանագրութեան ժամկէտի վերանայման հարցով երեք միութիւնների կողմից Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին յղւած նամակի արդիւնքում արձանագրութիւնը երկարաձգւեց երկու օրով՝ մինչեւ հոկտեմբերի 28-ի երեկոյեան ժամը 24:00-ը, որից յետոյ արձանագրութեան կայքէջը փակւեց, սակայն դիմում ներկայացւեց, թէ կան թեկնածուներ, որոնք չեն հասցրել արձանագրւել կայքէջի միջոցով եւ Կ.Ը.Յ.-ի որոշմամբ առիթ տրւեց նրանց, իրենց արձանագրութեան փաստաթղթերը անձամբ յանձնել գրասենեակին:

Երրորդ անգամը լինելով Կ.Ը.Յ.-ն կրկին ստացաւ դիմում, թէ կան բազմաթիւ թեկնածուներ, որոնք չեն հասցրել արձանագրւել: Թէեւ մեծ դժւարութեան դիմաց էինք կանգնած նշանակւած ժամանակացոյցով ընթանալու համար, սակայն նկատի առնելով չգրանցւած թեկնածուների գրաւոր խնդրագիրը, Կ.Ը.Յ.-ն առիթ տւեց նրանց, որպէսզի գրանցւեն երեք օրերի ընթացքում, մինչեւ՝ նոյեմբերի 3-ը կէսօրւայ ժամի 12-ը եւ այսպիսով գրանցւեցին 6 թեկնածուներ: Նշեմ սակայն, որ ինչ-ինչ պատճառներով արձանագրւողները իրենք անձամբ չէին ներկայացել գրասենեակ եւ անուղղակի ձեւով նրանց արձանագրութեան փաստաթղթերի պատճէններն է յանձնւել գրասենեակին. այսու Կ.Ը.Յ.-ի կողմից նրանց առիթ էր տրւել մինչեւ թւականիս նոյեմբերի 8-ը ներկայացնեն իրենց փաստաթղթերը եւ ստորագրեն դրանք: Յիշեալ 6 հոգին ներկայացել են եւ Կ.Ը.Յ.-ն նրանց փաստաթղթերը համեմատելով՝ ներկայացւած պատճէնների հետ, հաստատել է գրանցւողների թեկնածութիւնը:

Յատկանշական է, որ ներկայացւել է նաեւ 13 անհատների փաստաթղթեր, որոնք գրանցւել էին հինգշաբթի, նոյեմբերի 3-ին, սակայն պաշտօնական ժամը 12:00-ը աւարտւելուց յետոյ եւ կէսօրւայ ժամը 14:00-ին, որը արդէն իսկ շատ ուշացած էր: Թէեւ գրասենեակում ներկայ են եղել յանձնախմբի անդամներից մի քանիսը եւ դիմողներից ստացել են արձանագրութեան փաթեթները, սակայն միաժամանակ մի զեկոյցով յայտնել են թէ յիշեալ փաթեթների ստացումը, չի նշանակում նրանց թեկնածութեան հաստատում, այլ լոկ բարեացակամ կամքի դրսեւորում է համարւել նրանց փաթեթների ստացումը եւ դրանք յանձնւել են Կենտրոնական յանձնախմբին՝ քննարկման համար:

Կենտրոնական յանձնախումբը նիստ գումարելով որոշում կայացրեց ընդունել այն 6 թեկնածուների արձանագրութիւնը, որոնք գրանցւել էին մինչեւ նոյեմբերի 3-ի ժամը 12:00-ը, սակայն 12:00-ից յետոյ ստացւած փաթեթները, որպէս արձանագրութեան փաթեթներ չհաստատւեցին, որպէսզի այլ թեկնածուներին բողոքի առիթ չտրւի, քանզի կայ սահմանւած օրէնք, որը հնարաւոր չէ խախտել պայմանների թելադրանքով: Աւելացնեմ, որ մէկ առ մէկ կապ ենք հաստատել յիշեալ 13 պատգամաւորների հետ եւ նրանց ներողամտութիւնը հայցել, որ հնարաւոր չի եղել ընդունել իրենց դիմումները՝ վերը նշւած պատճառներով:

Ժողովրդի հետ անկեղծ լինելու համար նշեմ, որ անձամբ գոհ չեմ արձանագրութեան ժամկէտը անընդհատ երկարաձգելու առումով, սակայն համայնքում համերաշխութիւն ու համագործակցութիւն տարածելու եւ թիւրիմացութիւնները փարատելու նպատակով Կ.Ը.Յ.-ն գնաց այդ քայլին»:

Վերջում Կ.Ը.Յ.-ի ատենապետը դիմելով ժողովրդին նշեց, որ ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է եւ պարտաւորութիւն եւ ընտրութիւններին խուռներամ շարքերով մասնակցութիւն բերելով, որպէս օրինապահ քաղաքացիներ եւս կը կարողանանք է՛լ աւելի լայն մասշտաբով պահանջատէրը լինել մեր իրաւունքների: