Խորհրդակցական Ժողով Իրանի քրիստոնէական եկեղեցիների հոգեւոր ներկայացուցիչների Հետ

Թւականիս շաբաթ 26 նոյեմբերի առաւօտեան թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական ժողով Հայ Առաքելական, Արեւելեան Ասորի, Կաթոլիկ-Քաղդէական, Հայ եւ Ասորի Աւետարանական եկեղեցիների եպիսկոպոսների եւ հոգեւոր ներկայացուցիչների մասնակցութեամբ։

Հանդիպման հիմնական նպատակն էր «քննարկել Իրանի եկեղեցու խորհրդի» կազմութեան գաղափարը եւ նպատակ-կանոնագիրը»։

Վերոյիշեալ խորհրդի նպատակն է լինելու Իրանի քրիստոնէական եկեղեցիների համագործակցութեան խորացումը, Աստւածաշնչեան հիմնական ուսուցումների՝ սիրոյ, խաղաղութեան եւ արդարութեան հաստատումն ու համագործակցութեան աշխուժացումը քրիստոնեայ համայնքում։

Առաջնորդ Սրբազան հօր կողմից առաջադրւած նպատակներն էին իսլամ-քրիստոնեայ միջ-կրօնական երկխօսութեան եւ միջ-եկեղեցական հանդիպումների կազմակերպումը։

Միջ-եկեղեցական ոլորտում Սրբազան հայրը նաեւ յորդորեց ըստ Քրիստոսի խօսքի՝ «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք»(Յհ.13։31), խոր սէր եւ համագործակցութիւն հաստատւած պիտի լինի Իրանի քրիստոնէական համայնքների միջեւ, որը մեր  յաջողութեան երաշխիքն է։

Վերոյիշեալ խորհրդի կենսական նպատակներից է լինելու նաեւ, ըստ Իրանի սահմանադրական օրէնքի փոքրամասութիւնների իրաւունքների պաշտպանումը։

Սրբազան հայրը, որպէս այս խորհրդի աշխատանքի մեկնարկ, եկեղեցիների առաջնորդներին քրիստոնէական ջերմ սիրուց մղւած՝ հրաւիրեց մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Վեհափառի պատւին կազմակերպւած սիրոյ ճաշին, որը կը կայանայ դեկտեմբեր ամսու ընթացքին։

Հանդիպման ընթացքին եկեղեցիների առաջնորդների եւ ներկայացուցիչների կողմից բարձր գնահատւեց Առաջնորդ Սրբազան հօր մտայղացումը։ Ապա քննարկւեց խորհրդի անւանակոչութեան եւ անդամակցութեան նախապայմանների յօդւածը։