Հանդիպում Թեհրանի Միութիւնների Ներկայացուցիչների Հետ

Չորեքշաբթի դեկտեմբերի 7­ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի հրաւէրով Թեհրանում աշխատող միութիւնների ներկայացուցիչների ներկայութեամբ խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ 2017 թւականի Ամանորեան խրախճանքների կազմակերպման առումով։

Հանդիպման ներկայ էին Հ.Մ. Արարատ Կազմակերպութեան, Հ.Մ. Սիփան, Հ.Մ. Նայիրի, Հ.Մ. Սարդարապատ, Հ. Ուս. Չհարմահալ, ՀայԿին, Հ. Համալսարանականների Ընդհ.,  Հ. Ուսուցիչների, Իրանահայ Գրողների, Հ. Բարեգործական Ընդ., Փերիոյ Կրթասիրաց, Իրանի Հ. Արհեստաւորների, Իրանահայ Ճարտարապետների եւ ճարտարագէտների միութիւնների վարչութեան ատենապետ եւ փոխատենապետները։

Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը հանդիպիպման ընդառաջման եւ բարի գալստեան ողջոյնի խօսքերից յետոյ ողջունեց միութիւնների դերակատարութիւնը Թ.Հ.Թ. 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների առումով տարած աշխատանքների համար, յայտարարութիւններ կատարեց Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի Թեհրան ժամանելու եւ կազմակերպւած միջոցառումների համար, ապա ներկաների ուշադրութիւնը կենտրոնացրեց Ամանօրեան խրախճանքների, յատկապէս դեկտեմբերի 31-ին կազմակերպւող Նոր Տարւայ դիմաւորման տարբեր սրահներում կազմակերպւող խրախճանքներին։

Պրն. Կարապետեանը եւ Թեմական Խորհրդի միւս անդամները իրենց հերթին բացատրեցին որպէս Իրանի քաղաքացիներ ինչպէս միշտ այդ օրերին եւս յարգել երկրի կարգն ու կանոնները։ Միութիւններից խնդրելով իրենց ուղղակի վերահասութեամբ կազմակերպել խնջոյքները, յարգել մասնակցողների համար ունեցած սահմանափակումները եւ առիթ չտալ ոչ հայ հայրենակիցների ներկայութեամբ դժւարութիւնների հանդիպել, ուշադրութիւն դարձնել սրահ մուտք գործողների երկրի պայմանների համապատասխան լինելը եւ մի շարք այլ մանրամասնութիւններ։ 

Միութիւնների ներկայացուցիչները եւս իրենց մտահոգութիւններն ու տեսակէտները յայտնելուց եւ խորհրդակցելուց յետոյ մօտ մէկ ժամ տեւող հանդիպումը աւարտւեց, ներկաների բաւարարւածութեամբ։