Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է:
Սոյն տօնը համընկնում է նաև Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ այս առիթով, թւականիս երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ, որը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Պատարագին ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը և քահանայ հայրերը:
Սրբազան Հայրը քարոզի սկզբին բացատրութիւններ տւեց սրբի և իր հետ նահատակւած ընկերների կենսագրութեան մասին, շեշտելով՝ «Այսօրւայ մատուցւող Սրբազան Պատարագով մենք գոհութիւն ենք յայտնում և փառք ենք տալիս Աստծուն, որ իր եկեղեցին անցնող աւելի քան 1700 տարիներից պահւել և պահպանւում է հաւատքովն այն սրբերի, որոնք իրենց կեանքը զոհեցին և նւիրաբերեցին Քրիստոսին և իր եկեղեցուն: Սուրբերը, հաւատքի ախոյեաններ են, որոնց հաւատքը դարերի ընթացքին եղաւ Քրիստոսի եկեղեցու սերմը, որ ծլեց, աճեց, մեծացաւ և իր հովանին տարածեց ընդհանուր աշխարհին»:
Առաջնորդ Սրբազանն իր քարոզի մի այլ բաժնում աւելացրեց՝ «Նահատակների հաւատքն էր, որ եղաւ հիմքը եկեղեցու, առանցքը եկեղեցու և հաւատացեալներին: Հաւատքը, այն զօրաւոր ապրում և զգացումն է մարդու մէջ, որ նրան ամէն բանից առաջ կապում է Աստծուն: Աստծու մտերմութեան հետ ապրելով, նա դառնում է անյաղթահարելի և անպարտելի »:
Ապա Առաջնորդ Սրբազանն իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց՝ «Մեր ժողովրդի Աստծու փառաբանութիւնը բխում է մեր ամենաանկեղծ զգացումներից և ապրումներից, որովհետև ինքն էլ այդ տառապալից կեանքի միջից անցաւ, սակայն գոյատևեց իր արեամբ և կեանքով վկայելով Քրիստոսին»:
Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Մինասի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Վերջում հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:
Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Մինաս եկեղեցու եկեղեցական խորհրդի միջոցով կազմակերպւել էր յատուկ հիւրասիրութիւն Արարատ Մարզաւանի Վաչիկ Ղարաբեգեան սրահում: Ընդունելութեան հրաւիրւած էին Առաջնորդ Սրբազան հայրն ու Առաջնորդական Փոխանորդ Սրբազան հայրը, քահանայ հայրերը, միւս եկեղեցիների եկեղեցական խորհրդների և դպրաց դասի անդամները, ազգային մարմինների անդամներից և պատարագին մասնակցող արտասահմանեան հիւրերը:
Գեղարւեստական յայտագրով յագեցւած էր ճաշկերոյթը: Յայտագրի վերջում օրւայ տօնի առիթով արտայայտւեց Սրբազան հայրը, որը գնահատելով կազմակերպողներին և Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական խորհրդին ասաց. «տօնախմբութիւններն առիթ են ներշնչումի և զօրութեան և հաւատքի կենսաւորման, հարկ է կառչած մնալ մեր ազգային ու եկեղեցական աւանդութիւններին» եզրակացրեց Սրբազան Հայրը:
{gallery}201612/2016121802{/gallery}