Սուրբ Գէորգ եկեղեցին գտնւում է Թեհրանի Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառւազէ Ղազւին) հրապարակին կից Ղաւամ օլ Դոլէ շուկայի Քելիսա փողոցում:
Ըստ աւանդութեան, սկզբում եկեղեցու տեղում հայ բնակչութեան կրօնական կարիքները հոգալու համար կառուցւել է փոքր մատուռ, թաղում բնակւող երկու հայերի՝ Յովսէփեանի եւ Ստեփանեանի միջոցով: Թաղամասի հայ բնակչութիւնը Աղա Մոհամմադ Խան Ղաջարի 1795 թւականին Կովկաս կատարած արշաւանքների ժամանակ, գերեվարւել էր Ղարաբաղից եւ բնակեցւել Թեհրանում: 1798-ին
Ֆաթհալիշահ թագաւորի գահ բարձրանալուց յետոյ Նոր Ջուղայից եւ Թաւրիզից մի խումբ հայ արհեստաւորներ գաղթում են Թեհրան եւ բնակութիւն հաստատում Դարւազէ Ղազւին թաղամասում, ինչի արդիւնքում թաղամասի հայ բնակչութեան թիւը մեծանում է: Փոքր մատուռը հայ բնակչութեան կրօնական կարիքներին չբաւարարելու պատճառով, 1884 թւականին նրա տեղում կառուցւում է ներկայիս եկեղեցին:
Եկեղեցու յատակագիծը ուղղանկիւն է, որի երկար կողմը ձգւում է արեւելքից արեւմուտք: Եկեղեցու խորանը գտնւում է արեւելեան կողմում: Ունի երկու մուտք՝ արեւմտեան եւ հարաւային կողմերում: Գմբեթն ունի բազմաթիւ լուսամուտներ եւ հանգչում է քառակուսի յատակագծով չորս սիւների վրայ: Եկեղեցին շինւած է ամբողջապէս աղիւսից եւ պատերի ներքին մակերեսը սւաղած է գաջով: Արեւմտեան կողմում բաւականաչափ տարածութիւն չլինելու պատճառով, եռայարկ զանգակատունը կառուցւել է հարաւային կողմում:
Եկեղեցու եւ զանգակատան արտաքին պատերի վրայ տեղադրւած են մեծ թւով շիրմաքարեր: Սրանք սկզբում համարւում էին այլ տեղերից բերւած շիրմաքարեր, սակայն 1983-ին ջրանցքի քանդման աշխատանքները ի յայտ բերեցին նոր շիրմաքարեր, ինչը ապացուցում էր, որ շիրմաքարերը պատկանում են այս նոյն վայրին: Դրանց մի մասը պատկանում են հայ իրանցիների, որոնք պատմական յայտնի դէմքեր են, ինչպէս՝ Թեհրանի Հայկազեան դպրոցի ուսուցիչ՝ Յովսէփ Գասպարեանը, որի շիրմաքարը տեղադրւած է զանգակատան հիմնաքարերի վրայ: Կարելի է յիշել նաեւ Ուսումնասիրաց Միութեան հիմնադիր՝ Միքայել Մարգարեանին, ղաջարական բանակի հայ հրամանատար Ալլահվերդի Խանին եւ նրա որդի, ղաջարական բանակի զինւորական՝ Յարութիւնին: Եկեղեցու պատերի վրայ տեղադրւած միւս շիրմաքարերը ցոյց են տալիս, որ այստեղ են թաղւել Ամիր Թումանը, ղազախական բրիգադի շտաբի պետ եւ ղաջարական արքունիքի թագաւորական պահակազօրի հրամանատար՝ Միրզա Մարտիրոս Դաւիթխանեանը, Քուրդիստանի եւ Խուզիստանի նահանգապետ՝ Մանուչեհր Խան Մոթամէդ օլ Դոլէի եղբայր, Սուլէյման Խան Սահամ օլ Դոլէն, նաեւ Ջահանգիր Խան Անագոլուփեանս Մամիկոնեանը, ով արհեստների եւ զինանոցի առաջին նախարար, վառօդագործութեան, թղթի արտադրութեան, գործւածքի արտադրութեան, պետական դերձակատան եւ մեխանիկական ցորենաղացի հիմնադիր եւ իրանական բանակի առաջին փամփուշտ արտադրող՝ Սուլէյման Խանի որդին էր:
Վաղուց ի վեր Սեպտեմբեր ամսին, Սուրբ Գէորգի տօնին, մեծ թւով հաւատացեալներ են ուխտի գալիս այս եկեղեցին եւ կրօնական արարողութիւնները տեւում են մի քանի օր:
Տարիներից ի վեր, եկեղեցու շրջափակում գտնւող սենեակները բնակութեան համար յատկացւել են հայ միայնակ ծերերին: Ծերանոցը կառավարւում է Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի եւ Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան վերահսկողութեան ներքոյ եւ ժողովրդի նիւթական օժանդակութիւններով: