Հանդիսութիւն՝ նւիրւած Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նոր հաւաքատեղիի շինարարական աշխատանքների առաջին փուլի աւարտմանը

«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, դեկտեմբերի 22-ի երեկոյեան, Զէյթուն քաղաքամասի  Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում, կայացաւ հանդիսութիւն՝ նւիրւած միութեան նոր հաւաքատեղիի շինարարական աշխատանքների առաջին փուլի աւարտմանը եւ շէնքի բացմանը:

Միջոցառման բացման խօսքից յետոյ, որը արտասանեց Արինէ Ասլանեանը, բեմ հրաւիրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը: Նա իր գնահատանքը յայտնելով տարւած աշխատանքների կապակցութեամբ, ընդգծեց երեք հիմնասիւներ հանդիսացող՝ Հայոց Առաքելական Եկեղեցու, միութիւնների եւ հայոց դպրոցների անժխտելի դերը Սփիւռքում, հայապահպանման ի խնդիր:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական յայտագրով, ուր ասմունքով հանդէս եկաւ Արգին Արիստակէսեանը, իսկ երգերի կատարմամբ՝ Էդւին Աբրահամեանը, որին երաժշտական գործիքների նւագակցութեամբ ընկերակցում էին Էդւարդ Աբրահամեանը եւ Ստեպ Բաբայեանը: Յաջորդ բաժնում հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահ Ֆրէդ Աշուղեանը: Նա հակիրճ տողերով ներկայացրեց ծաւալւած շինարարական աշխատանքները, աշխատանքների իրականացման համար  նիւթական աղբիւրների ապահովման  եւ բարերարների անժխտելի դերակատարութեան, բակի եւ ներքնայարկի շինարարական  առաջիկայում  ծաւալւող աշխատանքների մասին: Ապա թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեմական խորհրդի ատենապետի ձեռամբ յուշանւէրներ յանձնւեց բարերարներին, իսկ մինչ այդ՝ թեմակալ առաջնորդին եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին, իրենց անվերապահ աջակցութեան համար: Գեղարւեստական բաժնի աւարտին թեմակալ առաջնորդը իր գոհունակութիւնը յայտնեց շինարարական աշխատանքների իրականացման համար: Նա կարեւորեց ժողովրդի անժխտելի դերը ընտանիքներին, եկեղեցուն, միութիւններին եւ դպրոցներին կեանք պարգեւելու հարցում եւ աւելացրեց. «Մարդ էակը ոչ միայն այդ հիմնասիւներին շունչ պէտք է տայ, այլ  կենդանութիւն: Սփիւռքեան պայմաններում այս չորս կառոյցները կազմում են հոգեւոր հայրենիքը եւ հոգեւոր հայրենիքի տեսիլքով ապրողը կարող է իր հոգում աճեցնել տեսիլքը  եւ երազը իր պատմական հայրենիքի»:

Գեղարւեստական բաժնի աւարտին թեմակալ առաջնորդի եւ խորհրդարանի պատգամաւորի ձեռամբ բացումը կատարւեց նորակառոյց շէնքի եւ «Սիլւա Տէր-Ղուկասեան»-ի յիշատակին՝ «Զարթօնք»  անունը կրող դահլիճի, ուր կազմակերպւել էր «Նռանի» ցուցահանդէսը, սիրիահայ  նկարիչ, մոդելաւորող Գէորգ Շադոյեանի գեղանկարչական գործերի, արւեստագէտի մասնակցութեամբ:

Ծրագրին հրաւիրւած էին նաեւ  Պատգամաւորական ժողովի, «Ալիք» հաստատութեան եւ միութիւնների ներկայացուցիչներ: