Առողջապահութեան նախարար` դոկտ. Սէյէդ Հասան Հաշեմին այցելել է հայ հիւանդի

«ԱԼԻՔ» - Առողջապահութեան նախարար դոկտ. Սէյէդ Հասան Հաշեմին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, ուրբաթ, յունւարի 1-ի կէսօրին այցելել է հայ տարեց եւ հիւանդ 83-ամեայ Մարգարիտ Ղադիմեանին:

Նախարարը ներկայ գտնւելով տկն. Ղադիմեանի բնակարանում, որտեղ նա իր բուժման կուրսն է անցկացնում, նրան մաղթեց առողջութիւն եւ յոյս յայտնեց, որ Աստւածային բոլոր կրօնների հետեւորդները խաղաղ ու անվրդով պայմաններում ապրեն միմեանց կողքի:

Նա ընդգծելով, որ իրանահայերը երկրի համար արտակարգ բոլոր պայմաններում, ի մասնաւորի սրբազան պաշտպանութեան տարիներին Իրանի միւս քաղաքացիների կողքին պայքարել են եւ նւիրաբերել մեծ թւով նահատակներ, վիրաւորներ ու անդամալուծներ, աւելացրեց՝ «Որեւէ խտրականութիւն չկայ մեր հայրենակիցների միջեւ: Իրանը նոյնիսկ հիւրընկալում է ոչ-իրանցիների եւ նրանց բուժման ծառայութիւններ տրամադրում, իսկ բոլոր իրանցիների իրաւունքն է օգտւել այս ծառայութիւններից, քանզի մեր համոզմամբ բոլոր մարդիկ հաւասար են եւ բժշկական կարիքի դէպքում պէտք է ստանան անհրաժեշտ բուժօգնութիւն»:

Նախարարը նշեց. «Մենք մտադիր էինք Թեհրանում՝ իրանահայերի եւ քաղաքապետարանի օժանդակութեամբ հիւանդանոց կառուցել, որը սակայն դեռեւս չի ստացւել, բայց նրանք ունեն բուժարան, որին եւս տրամադրւել է պետական նպաստ: Սակայն, նկատի առնելով նրանց բարձր կարողականութիւնը եւ մասնագէտներն ու գերմասնագէտները, անհրաժեշտ է հայ հայրենակիցների համար կառուցել հիւանդանոց»: