Առաջնորդութեան Նախարարութեան Նախաձեռնութեամբ՝ Փոքրամասնութիւնների Ներկայացուցիչների Հանդիպում Ազգային Առաջնորդարանում

Ալիք - Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի ծրագրերի նախապատրաստական աշխատանքների առիթով, երեքշաբթի յունւարի 19-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում կայացաւ հանդիպում հայ, ասորի, զարդաշտական եւ հրէա ներկայացուցիչների մասնակցութեամբ: Հանդիպումը նախաձեռնութիւնն էր՝ Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Նախարարութեան Կրօնական Փոքրամասնութիւնների Գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւիի: Ներկայ էին Թեհրան նահանգի Նահատակների հիմնարկի եւ Նահատակների հիմնարկի մշակութային գերատեսչութեան պատասխանատուներ՝ հոջ. Սադրին եւ պրն. Մոշիրին, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կառոյցների գերատեսչութեան ներկայացուցիչ՝ տկն. Մոբարհանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Ազգային առաջնորդարանի վարիչ՝ Սերոժ Օհանեանը, Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը, Յարաբերական մարմնի ատենապետ Գասպար Ամիրխանեանը:

Հանդիպման սկզբում, պրն. Թաղաւին բացատրութիւններ փոխանցեց Յեղափոխութեան յաղթանակի տարեդարձի հանդիսութիւնների կապակցութեամբ,նշելով որ այս տարի մասնաւոր միջոցառում է տեղի ունենալու Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ուր յարգանքի տուրք է մատուցւելու կրօնական փոքրամասնութիւնների բոլոր նահատակների յիշատակին:  Հանդիպմանը տեղի ունեցաւ մտքերի փոխանակում ծրագրերի վերաբերեալ:

Աւարտին հիւրերին ընդունեց Թ.Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ զրոյցը շարունակւեց ջերմ մթնոլորտում: