Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի 14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեանը Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, շաբաթ 13 փետրւար 2016-ի երեկոյեան ժամը 4-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:
Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ: Ծնողներն իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ շաբաթ 13 փետրւար 2016-ի երեկոյեան եկեղեցի բերեցին, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Սրբազան Մակարն իր քարոզի ընթացքին ասաց. «Յիսուս Քրիստոսի քառասնօրեայ տաճար ընծայման Ս. Տօնը մի տօն է, որ իւրաքանչիւր ճշմարիտ հաւատացեալի սիրտը և հոգին ներքին ուրախութեամբ և ցնծութեամբ է լցնում: Մի տօն, որ իսկապէս մեզանից իւրաքանչիւրի ներքին գիտակցութեան մէջ վերաթարմացնում է իսկական հաւատացեալի կոչումը և առաքելութիւնը: Մի անգամ ևս մեզ զգաստութեան և արթնութեան է հրաւիրում անդրադառնալու թէ քրիստոնեայ հաւատացեալը ինչպիսի մեծ կոչումի է հրաւիրւած, ինչպիսի մեծ առաքելութիւն է տրւած իրեն և պէտք է իր ամենօրեայ հաւատքի կեանքն աճեցնի, զարգացնի ու կատարելութեան հասցնի»: «Տեառնընդառաջ անունն ինքնին գալիս է բացայայտելու օրւայ խորհուրը, որ մեզ սովորեցնում է թէ ինչպէս մենք որպէս ճշմարիտ հաւատացեալներ ընդառաջ պէտք է գնանք Տիրոջը՝ Քրիստոսին, ուստի հաւատքով դիմաւորելու գնանք Տիրոջը, Փրկչին և Աստծուն»:
Սրբազան Հայրը մի այլ տեղում, խօսելով տաճար ընծայւած զոյգ աղաւնու կամ տատրակների մասին և նրանց առնչելով Քրիստոսի նկարագրին ու առաքելութեան՝ ասաց. «Քրիստոս թէև մի կողմից, որպէս խոնարհ աղաւնի եկաւ ծառայելու և որպէս անմեղ գառնուկ մորթւելու, բայց միւս կողմից տեսնում ենք, որ նա իբրև տատրակ իր ամբողջ առաքելութեան ընթացքին, գիւղից-գիւղ, քաղաքից-քաղաք, անհանդարտ և անհանգիստ տատրակի նման պտտեց և քարոզեց Աստծու կենդանի խօսքը՝ Աւետարանը և փրկութեան բարի աւետիսը»: «Այսօր Քրիստոսը, որպէս քառասնօրեայ մանուկ գալիս է և թակում ե մեր սրտի դուռը և մենք ճիշտ է, որ ֆիզիկապէս եկել ենք եկեղեցի, բայց եկէք Սիմէոն Ծերունու հասկացողութեամբ, այսօր Ս. Հոգով առաջնորդւած, հոգեպէս կանգնենք Մանուկ Յիսուսի առաջ և ընդառաջենք Նրա կանչին, հրաւէրին և Նրա կոչին, որպէսզի մի կողմից ինք մեր մսեղէն տաճարը մտնելով՝ իրենով սրբացնի, մաքրի ու արդարացնի մեզ և միւս կողմից էլ մենք բացելով մեր սիրտը, ընդունենք նրան և այդպիսով հոգևոր ճշմարիտ միութիւն կատարւի և վայելենք Աստծոյ բնակութիւնը մեր սրտերում:
Աւանդական խառոյկի հրավառութեան մասին բացատրելով, Սրբազան Հայրն ասաց. «Սա հին հասկացողութեամբ ճիշտ է, որ հեթանոսական սովորութիւն էր: Հայերը նախքան քրիստոնեայ դառնալը կրակն էին պաշտում: Բայց Գրիգոր Լուսաւորիչն երբ քրիստոնէական լոյսը տարածեց համայն Հայաստան Աշխարհում, հեթանոսական աւանդութեանը հագցրեց քրիստոնէական տարազ և դրանով ժողովրդի հայեացքն ուղղեց դեպի Քրիստոս ճշմարիտ ՝ լոյս Աստւածագիտութեան: Ահաւասիկ Քրիստոսի լոյսն է խորհրդանշում խորանի վրայ վառւած մոմը, որի միջոցով մենք բերում և վառում ենք դրսի խառոյկը: Այդպիսով Քրիստոսի փրկութեան և բարի Աւետարանի լոյսն ենք տարածում և վկայում ենք ասելով, որ մենք լոյսի, յարութեան և ցերեկւան որդիներն ենք: Հետևաբար, այդ լոյսը, որ միաժամանակ մեր յոյսն է պէտք է առնենք և մեր տները տանենք և լուսաւորենք Քրիստոսի լոյսով, որպէսզի մեր ողջ կեանքն աստւածային լոյսով լուսաւորւած՝ Ս. Հոգով առաջնորդւած, հաւատքով զօրացած, ապրենք և յաղթանակենք, օրհնութեամբ լցւենք և մեր կեանքն օրհնութիւն դարձնենք նաև մեր ընտանիքում և մեր շրջապատում»:
Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաև հաւատացեալների հոծ բազմութիւն:
Արարողութեան աւարտին, Սրբազան Մակարի ձեռամբ վառւեց աւանդական խառոյկը, այնուհետև ժողովուրդը ուրախութեամբ շուրջպար բռնեցին խառոյկի շուրջ և երիտասարդները ցատկեցին խառոյկի վրայից:
Այդ ուրախ առիթով, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը պատրաստել էր համեստ հիւրասիրութեան սեղան, որն օրհնւեց Սրբազան Հօր ձեռամբ, ապա հիւրասիրւեցին եկեղեցու բակում հաւաքւած ժողովուրդը: