Թւականիս փետրւարի 26-ի առաւօտեան ժամը 10-ին Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական բաժանմունքի Գայլիկ-Արծւիկները թւով աւելի քան 23 հոգի իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ ներկայ գտնւեցին Ս. Սարգիս մայր եկեղեցում մատուցւող Արեւագալի եւ Ս. պատարագի արարողութեանը որի ընթացքում քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սրբազան հայրը իր քարոզում յատուկ կերպով ողջունեց բոլորին եւ գնահատեց նրանց ներկայութիւնը։
Եկեղեցական արարողութիւնից յետոյ Գայլիկ-Արծւիկներին ու նրանց պատասխանատուներին առաջնորդարանի դահլիճում ընդունեց Գերշ. Սրբազան հայրը։ Սրբազան հայրը նախ ողջունեց սկաուտներին եւ գնահատեց նրանց եկեղեցում ներկայանալու համար եւ ասաց՝ դուք փոքրիկներ, որ մասնակցում էք սկաուտական բաժանմունքի աշխատանքներին, շատ բաներ սովորելով եւ հայեցի դաստիարակութիւն ստանալով ու կրօնական ձեր գիտելիքները շատացնելով ապագայում կդառնաք ազգային լաւ մարդիկ եւ կը կարողանաք ծառայել հայ ժողովրդին ու մեր հայրենիքին։
Նկատի ունենալով, որ նոյն ժամանակ տեղի էր ունենում Ի. Ի. Հ. խորհրդարանի հայ պատգամաւորի ընտրութիւնը, Սրբազան հայրը հարցրեց փոքրիկներին թէ ինչու են ժողովուրդը համախմբւել Ս. Սարգիս եկեղեցու բակում, Գայլիկ-Արծւիկների մեծամասնութիւնը պատասխանեց՝ հայ պատգամաւոր ընտրելու համար։
Սրբազան հայրը իր խօսքերը աւարտելով հարցումների առիթ տւեց փոքրիկներին որոնք՝ կրօնի, եկեղեցու եւ իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին Սրբազանին, որոնց մասին իրենց բաւարարող պատասխան տւեց Սրբազան հայրը։
Վերջում Գերշ. Սրբազան հայրը սկաուտներին յանձնեց «Աշակերտի Աստւածաշունչ» գիրքը։