«Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում հանդիպում՝ հայ արւեստագէտների հետ

Թեհրանի հայոց թեմի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը մէկն է այն կենտրոնների, որտեղ առողջապահական պրոտոկոլները յարգւելով ունեցել է իր միջոցառումները:

Թւականիս փետրւարի 24-ին նոյն կենտրոնում կազմակերպւել էր մտերմիկ հանդիպում իրանահայ արւեստագէտ, գեղանկարիչներ՝ Լէոնի Թաշճեանի եւ Արշալոյս Աղայեանի հետ:

Հանդիպմանը, որին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ռաֆիկ Մելիքսէթեանը, նաեւ ոչ հայ արւեստի գործիչներ, վաստակաւոր ուսուցիչ Աշոտ Սինանեանը անդրադարձաւ Արշալոյս Աղայեանի կենսագրական հակիրճ գծերին ընդգծելով նրա դերը իր հանգուցեալ եղբօր՝ Վիգէն Սինանեանի նկարչական ունակութիւնների զարգացման եւ կեանքի ընթացքում:

Գեղանկարիչ Արշալոյս Աղայեանը ծնւել է 1946 թւականին Բուրւարի շրջանի Ֆարաջաբադ գիւղում, տարրական ուսումը ստացել է Թեհրանի «Արարատ» դպրոցում, 1970 թւականին աւարտել է Քամալօլմոլք անւան գեղարւեստի ուսումնարանը, 1973-ին ընտանիքով հայրենադարձւել է Հայաստան: 1978-ին աւարտել է Երեւանի գեղարւեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1980-ից 1992 թւականներին դասաւանդել է Երեւանի գեղարւեստա-թատերական ինստիտուտում: Նա բնակւում է Հայաստանում եւ այցով՝ գտնւում է Թեհրանում: «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած մտերմիկ հանդիպում-զրոյցի ընթացքում զրուցելով արւեստագէտի հետ նա ընդգծեց, որ կազմակերպւած միջոցառման հարցով խիստ անակնկալի է եկել եւ իր խօսքն ուղղելով երիտասարդներին ասաց. «Մեր երիտասարդները կարող են դառնալ Չարենցներ, եթէ իրենք հաւատան ներքուստ: Մեր երիտասարդները կարող են դառնալ նկարիչներ, եթէ հաւատան իրենց, բայց եթէ կարծում են, որ նկարիչներ են շատ են սխալւում»:

Մտերմիկ հանդիպմանը՝ զրուցեցինք գեղանկարիչ, արձանագործ, Լէոնի Թաշճեանի հետ: Լէոնի Թաշճեանը ծնւել է 1926 թւականին Իրանի Մարաղա քաղաքում, նա աւարտել է հայոց լեզու եւ գրականութիւն, իսկ մանկուց նկարչութեան նկատմամբ սէրը նրան մղել է իր արւեստագէտ հօր՝ Մկրտիչ Թաշճեանի մօտ սովորել գեղանկարչութիւն: Նրա հետ ունեցած զրոյցի ընթացքում, նա երիտասարդներին, ովքեր այսօր սովորելու համար ունեն շատ հնարաւորութիւններ խորհուրդ տւեց սովորել այն, ինչը իրենց հետաքրքրում է եւ իրենք համոզւած են, որ այս գործում կարող են յաջողութեան հասնել:

Վերջում թանգարանի տնօրէն, պատասխանատու Ալիս Շահմուրադեանը ընդգծեց, որ նման միջոցառումների նպատակն է հայ արւեստագէտներին ու արւեստի գործիչներին եւ հայկական մշակոյթն ու արւեստը ծանօթացնել իրանական շրջանակին եւ թանգարանի շրջանակում, որտեղ տեղադրւած է մեր արւեստագէտների գործերը, ըստ հնարաւորին արւեստագէտի ներկայութեամբ հանրութիւնը ծանօթանայ նրանց: Նա նշեց, որ այս խնդրի իրականացման համար եղել են նաեւ միասնական միջոցառումներ թանգարանի եւ այլ կենտրոնների հետ եւ ապագայում եւս նախատեսւած են նման ծրագրեր:

Լուրը՝ «Ալիք»-ից