Ս. ԳՐՈԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉԻ ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Շաբաթ՝ սոյն թւականի մարտի 20-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այդ իսկ առիթով նոյն օրը Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց Ս. Եւ անմահ պատարագ: Կրօնական արարաողութեանը նախագահում էր՝ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, պատարագիչն էր Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, ԻԻ խորհրդարանաում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն․ Արա Շավերդեանը եւ հաւատացեալ ժողովուրդ։

Սրբազան Հայրը իր պատգամի սկզբում գնահատեց հաւատացեալների ներկայութիւննը, որոնք հաւատարմօրէն եկել էին հաղորդակցւելու հայոց հաւատոյ Հօր Ս․ Գրիգոր Լուսաւորչի մուտն ի վիրապի տօնի խորհրդին։ Նաեւ ողջունեց Քահանայ հայրերին եւ յարգարժան պատգամաւորին, որ մշտապէս իր մասնակցութիւնն է բերում կրօնական եւ ազգային տօնակատարութիւններին։

Սրբազան հայրը իր խօսքի սկզբում կարեւորելով Սուրբ եւ Անմահ պատարագներին մասնակցութեանը ասաց․ «Ներկայ լինել պատարագին վկայութիւնն է Քրիստոնէական հաւատքին մեր կապւածութեան եկեղեցւոյ եւ ինչոու չէ նաեւ մեր հոգեւոր եւ ազգային արժէքներին»։ Նա յաւելեց, որ Ս․ Գրիգոր Լուսաւորիչը մեր հաւատքի հայրը եւ սիւնը լինելով յատուկ տեղ եւ դեր է ունեցել հայ ժողովրդի կեանքում ։

Ապա Սրբազան հայրը անդրադառնակով տօնի անւան եւ խորհրդին ասաց․ «Սուրբի չարչարանքները վկայում են Քրիստոսի հանդէպ ունեցած հաւատարմութեան եւ կապւածութեան եւ Նրան իր մէջ ունենալուն»․ Նաեւ յաւելեց, որ Պետրոս առաքեալի խօսքի համաձայն ճշմարտութան եւ Աստծու համար չարչարւելը փառք է ու պատիւ։ Նա հալածանքները ներկայացրեց այն գործօնը, որը միշտ մարդու միտքը կենտրոնացնում է այն գաղափարների շուրջ, որ նա ընդունել ու յանձն է առել։

Ապա Սրբազան Հայրը ակնարկելով Ս․ Գրիգոր Լուսաւորչի նկարագրին, յաւելեց․ «Նա այն չարչարանքները յանձն առաւ, որովհետեւ հաւատացած էր Քրիստոսին, իր առաքելութեան եւ ազգային պատկանելիութեան, եւ այդ իսկ պատճառով սիրով ու յօժարակամ կրեց այդ հալածանքները, քանի որ նա գիտակցում էր իր առաքելութեանը։ Նա իր հաւատքի զօրագլուխ Քրիստոսի պէս չարչարւեց եւ խաչակից եղաւ, բայց Նրա նմանութեամբ եւ զօրութեամբ յաղթեց այդ բոլորին եւ յարութիւնը չուշացաւ, եւ այդ միջոցով բարիով յաղթեց չարին»։

Չարչարանքը իմաստաւորելու խորհուրդը բացատրելով բնութագրեց խաչի կեանքի խորհուրդը, եւ յիշեց թէ Քրիստոսն սիրելով մարդկութեանը յանձն առաւ չարչարւել մեր մեղքերի քաւութեան համար, օրինակ դառնալով մեզ բոլորիս համար, քանի ով սիրում է պատրաստ է լինում ամէն ինչ յանձն առնել, իր սիրոյ ենթակայի համար։ Ուստի երբ սիրում ենք հայրենիքը ոչ մի ջանք չես խնայում նրա համար։
Նա յաւելեց, որ այս օրերին եւս հայ ժողովուրդը Արցախեան պատերազմի գողգոթան, իր կեանքում եւ հոգում ապրելով հանդերձ, յուսալով շարունակում է իր կեանքը իր վերջնական յաղթանակի ակնկալութեամբ։

Կրկին անդրադառնալով Սուրբի տօնին, եզրակացնելով իր պատգամը ասաց, Ս․ Գրիգոր Լուսաւորիչը գերագոյն սիրով կրեց այդ տառապանքները, եւ ի վերջոյ դրանք եղան ճանապարհ յաղթանակի։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ