Տեղի ունեցաւ Ս. Թադէի վանքի պատկերով թողարկւած նամականիշի շնորհանդէսը

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մի երկիր է, որի սահմաններում՝ գտնւում են հարիւրաւոր պատմական հայկական եկեղեցիներ, որոնցից մի քանիսը վերակառուցւելով եւ յատուկ խնամքով, Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան կողմից` դառել են պատմամշակութային փայլուն գոհարներ։ Այդ սուրբ վայրերից մէկը, Ս. Թադէոս առաքեալի շիրիմի վրայ խոյացած Ս. Թադէի վանքն է: Այդ իսկ առիթով Իրանի փոստի ազգային ընկերութեան կողմից իրանական 1399 թւականին թողարկւեց վանքին նւիրւած մի նամականիշ:

Կիրակի` թւականիս 12 ապրիլին համագործակցութեամբ «Կապի ու հաղորդակցութեան» եւ «Արտակ Մանուկեան» թանգարանների` վերջինիս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ իրանական եւ հայկական նամականիշերի համատեղ ցուցահանդէսը, որի ընթացքին նաեւ կատարւեց Ս. Թադէոս Առաքեալի վանքին նւիրւած նամականիշի շնորհահանդէսը: Ցուցահանդէսում ներկայացւեցին իրանական, ինչպէս նաեւ Հայաստանի թողարկած նամականիշերի ընտրանները:

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, Իրանի փոստի ազգային ընկերութեան գլխաւոր տնօրէն և կապի նախարարի տեղակալ՝ Սոբհանի Ֆարը, Իրանում թանգարանների ազգային կոմիտէի ԻԿՈՄ-ի նախագահ՝ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամներ պարոնայք՝ Ռաֆիկ Մէլիքսէթեանը, Աշոտ Սինանին ու Հարմիկ Աւետեանը եւ սահմանափակ թւով հիւրեր։

Ծրագրի սկզբում Արտակ Մանուկեան թանգարանի տնօրէն` տկն. Ալիս Շահմուրադեանի բարեգալտեան խօսքից յետոյ Թեմական խորհրդի անդամ եւ եկեղեցիների կապ՝ պրն. Աշոտ Սինանիի կողմից ընթերցւեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի պատգամը։

Սրբազան Հայրը շնորհաւորելով զատկական տօները, այս բարեբաստիկ իրադարձութեան հեղինակներին՝ խաղաղութեան, ճշմարտութեան և սիրոյ առաքեալներ անւանեց և յաւելեց, որ այս ծրագիրը մէկ անգամ եւս առաւել հնարաւորութիւն է ընձեռում երկու հարևան և բարեկամ երկրներին` Իրանին և Հայաստանին, ընդարձակելու իրենց մշակութային եւ այլ բնագաւառներում յարաբերութիւնները։

Նա իր խօսքի այլ բաժնում գնահատելով Իրանի վարչակարգի քրիստոնէութեան եւ նրա եկեղեցիների նկատմամբ տացած խոր յարգանքն` ասաց, Իրանն ու Հայաստանը որպէս տարածաշրջանի ամենահին երկրներ եւ մշակոյթ ունեցող ժողովուրդներ բարւոք յարաբերութիւններ են ունեցել եւ այդ յարաբերութիւնների ամենագեղեցիկ ապացոյցը Իրանի Ատրպատականի նահանգի մէջ պահպանւած եւ մինչեւ հիմա պետութեան խնամքի ու գուրգուրանքի առարկայ եղող Ս. Թադէի վանքն է, ինչպէս նաեւ Ս. Ստեփանոսի եւ Ծործորի վանքերը, որոնք հանդիսանում են քրիստոնէութեան եւ այս պարագային հայ եկեղեցու պատմական յուշակոթողները։ Մինչդեռ մեր հարեւան երկրին՝ Թուրքիոյ իշխանութիւնները հայ եկեղեցու եւ քրիստոնէութեան պատկանող դարաւոր եկեղեցիների ու վանքերի մեծ մասը աւերակի են վերածել եւ կամ վերածել իսլամական մզկիթների։

Միջոցառմանը Իրանի փոստի ազգային ընկերութեան գլխաւոր տնօրէն և կապի նախարարի տեղակալ՝ Սոբհանի Ֆարը, կարևորութեամբ անդրադարձաւ Իրան-Հայաստան նմանօրինակ համատեղ միջոցառումների կարևորութիւնը երկու երկրների բարեկամական կապերը ընդլայնելու առումով: Նա ընդգծեց, որ նամականիշի շնորհանդէսը և մի խօսքով նամականիշը հասարակութիւնների ու ժողովուրդների միջև մշակութային դեսպանն ու խորհրդանիշն է:

Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ու Հայաստանի միջև փոստի վաղեմի անցեալին և Իրանի պատրաստակամութիւնը յայտնեց երկու երկրների միջև փոստի ցամաքային ու օդային փոխանակումները վերսկսելու առումով :

Իրանում Հայաստանի Լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը նոյնպէս իր գոհունակութիւնը յայտնեց այս արարողութեան անցկացման կապակցութեամբ։
Այնուհետև, ԻԿՈՄ-ի նախագահ՝ Թաբաթաբային բարենպաստ համարեց Իրանի սրբազան երկրում հարիւրաւոր քրիստոնէական եկեղեցիների ներկայութիւնը։

Վերջում փոխնախարարի եւ դեսպանի ձեռամբ տեղի ունեցաւ շնորհահանդէսի արարողութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ