ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՊՐԵԼ ՅԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

 

«Մտէ՛ք նեղ դռնով, քանի որ կորստեան տանող դուռը լայն է եւ ճանապարհը ընդարձակ, եւ շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։ Մինչդեռ դէպի կեանք տանող դուռը նեղ է, եւ ճանապարհը՝ դժւարին եւ քչերն են միայն որ գտնում են այն։»
Մտ.7.13-14

Աւետարանը անփոխարինելի սրբազան այն մատեանն է, որի իւրաքանչիւր էջը, իր բովանդակութեամբ, մեր առաջ բաց է անում յաւիտենական, անանցանելի ճշմարտութիւն, որի վրայ պատւանդւած մարդ արարածը, ժողովուրդներ դառնում են յաւերժի ժառանգորդ։ Աւետարանը խաւարի մէջ քայլող մարդու ճանապարհը լուսաւորող անմար ճրագ է, լուսաշող ճառագայթ է, որ ջերմացնում ու լուսաւորում է ցրտահար ու մոլորեալ մարդ արարածը, որի փրկութեան համար ի լրումն ժամանակին, երկինքը պատռւեց եւ անիմանալի Լոյսով ներթափանցւեց ողջ աշխարհը։ Հայ Եկեղեցու երախտարժան վարդապետներից՝ Սարգիս Շնորհալին գրում է.- «Ինչպէս որ ջուրն է պտղաւէտ ու տերեւաշատ դարձնում ծառը, նմանապէս աստւածային գործերի ընթերցումն է աստւածասէրների միտքն ու հոգին աճեցնում եւ զարդարում առաքելութեան պտուղներով»։


Աւետարանական վերոնշեալ հատւածը մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է երկու հիմնական գաղափարների, աւելի երկու ճշմարտութիւնների վրայ։ «Նեղ դուռ» եւ «Լայն դուռ» հասկացութիւնները խորիմաստ են ու բազմանշանակ։ Նեղ դուռ ասելիս հասկանում ենք զրկանքի կեանք, նեղութիւնով ապրւող, ժուժկալ կեանք ունեցող հաւատացեալների խումբ ի խնդիր երկնքի արքայութեանը։ Լայն դուռը անպատասխանատու կեանք ապրելու, անտարբերութեամբ ապրելու կեանք է, որի վախճանը ի վերջոյ կորուստ է։

Երկու այս հասկացութիւնների բարոյական իմաստը այն է, որ մարդ գործի սիրոյ, նւիրումի, բարեգործութեան, իրար օգնութեան կեանքով, որպէս հաւատացեալ ու մարդասէր իսկ միւս երեսը այն է, որ լսում է Աւետարանի պատգամը եւ սակայն իր կեանքով հեռու է մնում Աւետարանական ուսուցումներից։

Այս երկու օրինակներից առաջինը նա է, որ ժուժկլութեամբ, զոհողութեամբ, սիրոյ գերագոյն նւիրումով իր կեանքը ընծայում է իր Աստծուն, իր ազգին որպէս անուշահոտ զոհ, պատարագ ինչպէս բնութագրում է առաքեալը։ Մարդ արարածը, քրիստոնեան կոչւած է ապրել ոչ թէ մարմնական ցանկութիւնների համաձայն այլ Սուրբ Հոգու կամեցած ձեւով։ Պօղոս առաքեալ հռոմէացիներին գրած իր նամակում ասում է.- «Եթէ Քրիստոսը ձեր մէջ է ապրում, թէկուզ եւ ձեր մարմինները կը մեռնեն, որովհետեւ մեղանչեցիք, բայց Սուրբ Հոգին դարձեալ կեանք կը տայ ձեզ, որովհետեւ արդարացած էք» (Հռ.8։10)։ Աստւած իրեն սիրողների գործակից է եւ Աստծու Սուրբ Հոգին բնակւում է իր մէջ, որով մարդը զօրանում է, աւելին դառնում է Աստծու որդին եւ նեղ դռնով անցնող ի խնդիր երկնքի արքայութեան ու այնուհետեւ կարող է հանգիստ սրտով ասել «Եթէ Աստւած մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»(Հռ.8։31)։

Նեղութիւնն ու հալածանքը, տագնապն ու չարչարանքը մարդ արարածին զօրութիւն, քաջութիւն եւ համարձակութիւն են տալիս, որպէսզի վկայի իր հաւատքի, մարդկային կոչումին ու առաքելութեան այլեւ հոգեւոր-ազգային այն արժէքներին, որոնց վրայ պատւանդանւած է լինում ազգը, ընկերութիւնը։ Որքա՜ն գեղեցիկ ու ներշնչող են Պօղոս առաքեալի հռոմէացիներին գրած այս խօսքերը.- «Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հաւատով հասնել այն շնորհին, որի մէջ ապրում ենք այժմ եւ պարծենում Աստծու փառքին արժանանալու յոյսով։ Եւ ոչ միայն այսքանը, այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս՝ իմանալով, որ նեղութիւնները մեզ տալիս են համբերութիւն, համբերութիւնը՝ տոկունութիւն, տոկունութիւնը՝ յոյս, իսկ յոյսը երբէք ամօթով չի թողնում» (Հռ.5։2-5)։

Հաւատքի զօրութեամբ է, որ բոլոր նեղութիւններն ու տագնապները յաղթահարւում են, ինչպէս անցեալին նոյնպէս եւ ներկային ու ապագային, որովհետու հաւատքով մարդ-Աստւած յարաբերութիւնը սկիզբն է նոր զօրաւոր, ուժեղ, հաստատուն ու ամրակուռ կեանքի։ Մեր հայրերի բնորոշումով հաւատքը Աստծուց մարդուն տրւած շնորհ է, որով վահանաւորւած նա իր երկրային ամէն տեսակ յարաբերութիւնների մէջ նպատակասլաց Երկնքի՝ Աստծուն է ցանկանում եւ ըստ այնմ ապրում ու գործում, ի վերջոյ հաւատքը հոգեւոր կեանքի հէնքն է, առանցքը, որի վրայ խարսխւած մարդու կեանքը դառնում է զօրութեան եւ ներշնչման աղբիւր։

Այս ճշմարտութիւնից մեկնելով է որ մեր ժողովուրդը, եկեղեցին ամէն տարի առաւել յարաճուն հաւատքով ու պատասխանատու յանձնառութեամբ կանգ է առնում Ապրիլեան խորհրդին առաջ, մի պահ խորհում, եւ ապա լռելեայն ուխտում է հաւատարմութիւն իր աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակի առաջ, ուխտ որով յանձնառու է լինում շարունակել իր գոյութենական պահանջատիրական պայքարը ի խնդիր իր երազների, տեսիլքների իրականացման, ուխտ, որով իր կեանքը ապրելու է իր հայրենիքի կորուստի գիտակցութեամբ։

Այսօր այն օրն է, որ հայ մարդը, հայ ուսուցիչը, աշակերտը, եկեղեցականը, խանութպանը, գործարարն ու երկրաչափը, զինւորն ու հրամանատարը, նախագահն ու վարչապետը, նախարարն ու պատգամաւորը, գրողն ու մտաւորականը, դեղագործն ու բժիշկը, ինքնաշարժի վարորդն ու օդաչուն, կուսակցականն ու անկուսակցականը, այլ խօսքով հայ մարդը ինչ դիրքի, պաշտօնի եւ վիճակի մէջ էլ որ լինի պիտի ուխտ անի, որ ինք հաւատարմօրէն կառչած մնալու է հայ ժողովրդի պահանջատիրութեան պայքարին, այնքան ատեն, որ Տէրզօրի անապատներից, հայաստանի դաշտերի ու ձորերի խորքից, Եփրատ ու Տիգրիս գետերի ջուրերի կարկաչունից իր ականջին անլռելի զանգակատան ղօղանջի նման, հնչում է աւել քան մէկ ու կէս միլիոն մեր սուրբ նահատակների արեան կանչը։ Ու ոչ ոք չի կարող եւ յետագային էլ կարողանայ մեզ շեղել մեր կեանքի այս ընթացքից։

Անցեալ աւելի քան հարիւր վեց տարիները եկան ցոյց տալու, որ հայի համար կարմիր գիծ է իր նահատակների կտակի նկատմամբ արտայայտւած նւազագոյն արհամարանք, անտարբերութիւն եւ կամ ինչ ինչ նպատակների եւ կամ մեկնաբանութիւնների արդիւնքում ձեռք ձգւած պայմանաւորւածութիւնը։

Յիշենք, որ Հայաստանի երկրորդ հանրապետութեան եօթանասուն տարիների ընթացքին կոմունիզմը ոչ միայն չկարողացաւ հայրենաբնակ մեր ժողովրդի մտքից ու հոգուց դուրս բերել մեր նահատակների սրբազան կտակի Խորհուրդը, այլ ինք ընթացք տւաւ ժողովրդի ինքնաբուխ պահանջին եւ կանգնել տւեց Ծիծեռնակաբերդ յուշահամալիրը իբրեւ Անլռելի ղօղանջ Հայոց Ցեղասպանութեան։

Ապրիլեան մեր նահատակների խորհրդով օծուն այս օրերին, արար աշխարհ թող իմանայ, որ թուրքը եւ իր այս օրերի նոր եղբայր ադրբէյջանցին թշնամի են մեր ժողովրդին. թուրքը քանդիչ, աւերիչ, ջարդարար է ու կմնայ այդպիսին, այնքան ատեն, որ շարունակում է ժխտել Ցեղասպանութիւնն ու գրաւեալ պահել մեր սրբացած նահատակների արիւնով սրբազնացած մեր հայրենիքը։

Տակաւին թուրքը կը մնայ թշնամի որքան ատեն, որ համաթուրանական իր ծրագրի իրագործման համար շարունակում է հայատեաց ու թշնամական իր վերաբերումը Հայաստանի ու հայութեան նկատմամբ։ Որովհետեւ համաթուրանական ծրագրի իրագործում, նշանակում է վերացում Հայաստանի Հանրապետութեան, որպէս ամբողջացում Արեւմտեան Հայաստանի ու հայութեան վերացման ու բնաջնջման սադայէլական ծրագրին. առաւել նշանակում է նաեւ հրաժարումը Արցախից, այն ընդունելով որպէս Ադրբէյջանի հողատարածք։ Աւելին թուրքը ամէն ձեւի խոչընդոտներ է յարուցում եւ պայման է դնում, որ հայն ու Հայաստանը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարւեն, որպէսզի հանգիստ քուն ունենայ։

Թշնամին Արցախեան վերջին խայտառակ պարտութիւնից եւ անպատւաբեր յանձնատւական համաձայնագրի կնքումից յետոյ աւելի է անմարդկայնացել, ախորժակը սրել եւ փորձում է ամէն գնով ստորնացնել Հայաստանն եւ հայութիւնը։

Այսօր թշնամին ամէն ջանք թափում է ոչնչացնելու իր գրաւեալ հողերի վրայ հազարաւոր տարիների պատմութիւն ունեցող մշակութային յուշակոթողները, եկեղեցիներն ու պատմական վանքերը քանդել, բնաջնջել իբրեւ շարունակութիւն Ցեղասպանութեան։ Այլ խօսքով Մարդկային Ցեղասպանութեան կողքին աշխուժօրէն հետամտում է մշակութային Ցեղասպանութեան իրականացմանը։

Այս տխուր եւ դառն իրականութիւնների դիմաց կանգնած իզուր է մտածել եւ փորձել թուրքերի հետ բարեկամութեան եզրեր գտնել, երբ այս վերջինը հետեւողականօրէն շարունակում է հետապնդել իր համաթուրանական ծրագրի իրագործման ընթացքը։

Ապրիլեան սրբազան մեր նահատակների եւ նոյնպէս Արցախեան երկու պատերազմների նահատակների յիշատակի ոգեկոչումը մեզ պարտաւորեցնում է առաջին հերթին ճանչնալ, իմանալ, սովորել մեր պատմութիւնը, ամբողջական պատմութիւնը, հայրենիքի աշխարհագրութիւնը, պատմութեան ընթացքին մեր արձանագրած յաղթանակներն ու պարտութիւնները ու նրանց յաջորդած ժամանակաշրջանները իրենց նւաճումներով, իրագործումներով։ Պատմութեան ճանաչումը լոյս է սփռում մեր խաւարացեալ կեանքի առաջ լուսաւորելով մեր յառաջընթացը։ Անմահանուն Թումանեանը ասում է, խօսքը ուղղելով նոր սերնդին.- «Անցեալի պատմութիւնը մի լուսատու լապտեր է, որ ամէն մի ժողովուրդ ձեռքին պէտք է ունենայ՝ իր ճամբէն անմոլոր գնալու համար»։ Իր պատմութիւնը լաւապէս ճանաչած հայ մարդը իր հայրենի հողի որեւէ մի շրջանի հայկական պատկանելիութիւնը կասկածի տակ չի դնի։ Արդարեւ պատմութիւնը դաստիարակ է, որ ինձ, քեզ եւ նրան ուժ եւ զօրութիւն է տալիս վշտին, տառապանքին յաղթելու եւ լուսաւորւած շարունակելու կեանքի ճանապարհը։ Ի վերջոյ հայրենասիրութեան աւիւն ու աւիշ տւողը հայրենաճանաչողութիւնն է։ Հայրենասիրութիւնը ծնւում է հայրենաճանաչողութիւնից։

Հաւատքով գօտեպնդւած մեր ժողովուրդը կոչւած է համատեղ պայքարով շարունակելու պահանջատիրական իր գոյապայքարը։ Ամէն մի հայի սրտում հայրենասիրութիւնը ամէն այլ տեսակ սէրերից բարձր պէտք է լինի։ Յիշենք 19-րդ եւ 21-րդ դարերի անձուրաց ֆեդայիները, ովքեր իրենց կեանքի օրինակը մեզ կտակ թողեցին։

Երբ Հայ ժողովուրդը իմաստնօրէն շարժի, մէկդի դնելով իր ներքին անհամերաշխութիւնը եւ բռունցքւած իր գոյամարտը շարունակի, այն ատեն յաղթանակը իր կեանքի ուղեկից կը լինի. իզուր չի ասւել, հոն ուր կամքը հզօր է, դժւարութիւնները նւազում են, որքա՜ն գեղեցիկ ու թելադրական է հայոց Խրիմեան հայրիկին խօսքը.- «Ներքին անհամերաշխութիւնը աւելի շատ է հայրենիքին կորստեան մատնում, քան եկած թշնամին»։

Պատմութեան իւրացումով հայ աշակերտը, երիտասարդը, յանձնառու հաւատացեալը պիտի գիտնայ որ ինք Ցեղասպանութեան է ենթարկւել ու Ցեղասպանութեան ենթարկւել նշանակում է ջարդ, կողոպուտ, բռնաբարում, հայրենազրկում, աւեր ու աւար, եկեղեցիների, վանքերի, տաճարների քանդում ու աւերում, մի խօսքով, ողջ մի երկրի աւերակի վերածում։ Եւ սա հանդիսանում է մարդկային պատմութեան ամենասեւ էջերից մէկը։ Աւելի սեւն ու անմխիթարը ցեղասպան թուրքին դեռեւս անպատիժ մնալն ու անամօթաբար ուրացումը իր գործած ոճիրին։

Այսօրւայ այսպէս կոչւած Թուրքիոյ հանրապետութեան աշխարհագրական տարածքի մեծ մասը այլոց՝ հարեւան երկրների Հայաստանից, Յունաստանից, Սիրիայից, Պուլկարիայից բռնագրաււած հողատարածքներ են, որոնք վստահաբար մի օր պիտի վերանւաճւեն իրենց սեփական տէրերի կողմից։ Արարատ սրբազան լեռը որպէս խորհրդանիշ մեր գրաւեալ հողերին հայ բանաստեղծին՝ Անդրանիկ Ծառուկեանին ներշնչել է որ գրի մարգարէաշունչ ու բոցավառ սա խօսքը ուղղւած Արարատին.-
Եւ հաւատա՛ , կրանիդիայ ո՛վ Աստւած,
Սրբազան լեռ, հաւատա՛ թէ կը հասնինք
Մենք կը հասնինք կատարիդ։

Միեւնոյն հաւատքով ու վառ յոյսով կանգնած Արարատ լեռան դէմ յանդիման, բանաստեղծը՝ Աւետիք Իսահակեան գրում է.-

Արարատի ծեր կատարին
Դար է եկել վայկեանի պէս,
Ու անցել։
Անհուն թեւով կայծակների
Թուրն է բեկւել ադամանդին,
Ու անցել։
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լոյս գագաթին,
Ու անցել։
Հերթը հիմա քոնն է մի պահ
Դու էլ նայիր սէգ ճակատին,
Ու անցիր…։

Լսենք ստոյգ Ցեղասպանութիւնից հրաշքով ազատւած մի հայորդու՝ Արշակ Տէր Պօղոսեանի, 20 Փետրւար 1917-ի Թիմրուկ հայկական գիւղից. «Իսկ մենք որ ականատես ենք մեր հայրենիքի զաւակներուն կորստեան եւ զոհերուն, չգիտեմ պիտի գտնւի Աստւած մը, որ մեզ ներշնչէ ուժ մը, որպէսզի կարող ըլլանք տանիլ մեր անպատւած հայրենիքի ծովացած հսկայ վիշտը։ Այդպիսի Աստւած մը շատերը չեն հաւատար, բայց ես անհատապէս կը հաւատամ այդ աստւածութեան. այդ Աստւածը մեր կամքն է՝ մեր գաղափարը՝ մեր ուժը՝ մեր սէրը՝ մեր յոյսը։ Գազան թուրքը մեր մարմինը յօշոտելու կարող է, բայց ոչ մեր բարոյականը եւ հոգեկանը, դրա համար է, որ կը հաւատամ, որ Աստւած մը կայ, որ պիտի մխիթարէ մեզ, ուստի՝ քանի որ վիշտը ընդհանուր հայութեանն է, անհատական վիշտը թող մեզ համար քիչ մը թեթեւ գայ եւ մենք պատրաստ ըլլանք այս առածը գործադրելու՝ «թէ լանք, թէ ընթանանք»։

Ականջ տանք վերոնշեալ պատգամներին եւ լինենք զգաստ ու արթուն մեր կեանքի գոյապայքարում. չմոռանանք որ թշնամին դարանակալ մռնչող առիւծի նման առիթի է սպասում շարունակելու իր գործը, այնպէս ինչպէս արեց 27 Սեպտեմբեր 2020-ին. հետեւաբար գիտակից ու խորաթափանց արթնամտութեամբ դիտենք մեր շրջապատը եւ ըստ այնմ կողմնորոշենք միշտ տեսիլքովը մեր ամբողջական հայրենիքին իր ամբողջական ժողովուրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

20 Ապրիլ 2021
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com