Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԺ. ՏԷՐ ԿՈՄԻՏԱՍ ՔԱՀԱՆԱՅ ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Արժ․ Տէր Կոմիտաս Քահանայ Ղարախանեանը աւազանի անունով «Րաֆֆի», որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ․ Թովմասեան» Հայոց Ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով արժանացել է դիպլոմի։

Նա 1978 թ.-ին մասնակցել է համալսարանի մուտքի քննութիւններին եւ ընդունւել համալսարան, բայց աւաղ յեղափոխութեան բերումով համալսարանների փակման պատճառով չի յաջողել շարունակել իր ուսումը, բայց երբեք չի յուսահատւել եւ մէկ տարի անց Հնդկաստան մեկնելով շուրջ մէկ տարի սովորել է Փունա քաղաքի պետական կոլեջի լեզւի դասընթացներում։

1980-86 թթ․ համայնքումս աշխատել է որպէս ժողովրդական երգիչ եւ թողարկել է 8 ձայնաերիզ՝ ազգային, յեղափոխական եւ ժողովրդական թեմաներով։ Ապա 1986 թ․ մեկնել է Հայաստան եւ ուսանել պետական կոնսերւատորիայում։

1985 թ.-ին ամուսնացել է օր․ Լիդուշ Իսայեանի հետ եւ բախտաւորւել երկու զաւակներով՝ Շապինանդ եւ Սեբաստիա անուններով։ Նշելի է, որ վերջինս աւարտելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Զարեհեան դպրեվանքը, ձեռնադրւել է կուսակրօն քահանայ վերանւանւելով Վահրիճ Աբեղայ եւ այժմ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ որպէս վարդապետ եւ հոգեւոր հովիւ ծառայում է Վենեզուէլայի հայոց թեմում։
Նա որպէս հայ աւանդապահ ընտանիքի հաւատաւոր զաւակ, նախանձախնդրօրէն հետամուտ է եղել իրանահայութեան հասարակական, հոգեւոր խնդիրներին, իր օժանդակութիւնն է բերել իր ազգին եւ իր համայնքին։

1992 թ.-ին հանգուցեալ Տէր Հայրը հոգեւոր ծառայութեան կոչումը զգալով՝ տնօրինութեամբ Գերշ․ Տ․ Արտակ Ս․ Արք․ Մանուկեանի մեկնել է Անթիլիաս եւ իր հոգեւոր ուսումը աւարտելուց յետոյ, 1995 թ.-ի հոկտեմբերի 14-ին, Սրբոց Թարգմանչաց տօնին Թեհրանի նոյն անուն եկեղեցում ձեռնադրւել եւ օծւել է քահանայ, եւ մինչեւ իր վախճանումը անխոնջ կերպով ծառայել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Նա իր ծառայութեան ընթացքին որպէս հոգեւոր հայր, ու բարի տնտես, Սուրբ եկեղեցու խորհուրդների ճամբով՝ իրեն վստահւած հօտը առաջնորդել է դէպի Յիսուս Քրիստոսի Արքայութիւնը․ իր հայրական ու Տիրաբոյր կեցւածքով ու յորդորներով մխիթարել է վշտացեալներին ու սրտաբեկներին, ու ինչպէս շարականն է ասում, Սուրբ Սեղանի առջեւ, իր աղօթքներով ու Սուրբ Հաղորդութեամբ մարել է հաւատացեալների մեղքի կրակը, մերժել խաւարն ու իր քահանայական կարգի միջնորդութեամբ տրտում հոգիների ուրախութեան եւ մեղքերի թողութեան պատճառ է հանդիսացել։

Տէր հայրը նաեւ կարեւորելով մատաղ սերնդի ու երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակութիւնը իրեն վստահւած Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կիրակնօրեայ դպրոցի ճամբով, նրանց ուսուցանել է հայ եկեղեցու վարդապետութիւնը, Տէրունի խօսքն ու դաստիարակել է եկեղեցու տասնեակ սպասաւորներ։

Որպէս հայ ժողովրդի շահերի պաշտպան, պետական հասարակական միջոցառումներում եղել է իր համայնքի խօսնակը։ Նա իր ծառայութեան տարիներին որպէս բարի մշակ, հնազանդօրէն եւ սիրով համակւած ծառայել է իր հոգեւոր հայր առաջնորդներին, ժողովրդին ու քաջատեղեակ լինելով Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքներին անաղարտ է պահել ուղղափառ հաւատքը։

Ստորեւ ներկայացնում ենք Տէր Հօրը վստահւած աշխատանքները.

• 1995-2000 թթ.-ին դասաւանդել է կրօն՝ Հայոց Ազգային «Նոր Անի» դպրոցում:
• 1995 թ.-ից մինչեւ իր կեանքի աւարտը՝ եղել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի տեսուչ։
• 1999 թ.-ից ստանձնել է Ազգային Առաջնորդարանի նոտարի գրասենեակի պատասխանատւութիւնը։
• 2001-թ.-ից անդամակցել է Պատգամաւորական ժողովին եւ Կրօնական խորհրդին եւ զբաղեցրել է նոյն խորհուրդի առաջին եւ երկրորդ ատենադպիրի եւ ապա վերջին երկու տարիներին, ստանձնել է Կրօնական խորհրդի Ատենապետի պատասխանատւութիւնը։
• 2005-2009 թթ.-ից՝ երկու շրջան, եղել է Թ․Հ․Թ. Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի ատենապետ։
• 2005 թ.-ի ապրիլի 27-ին, որպէս իր արդիւնաշատ գործունէութեան գնահատանք Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանի տնօրինութեամբ եւ Արամ Վեհափառի սրբատառ կոնդակով, ստացել է «Լանջախաչ» եւ ապագայում «Ծաղկեայ փիլոն» կրելու իրաւունք։ Ապա 2019 թ.-ին արժանացել է «Աւագութեան» տիտղոսին։
• 2018-2019 թթ.-ին դասաւանդել է կրօն՝ Հայոց Ազգային «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում:

Նա իր մահկանացուն կնքեց 2021 թւականի մայիսի 5-ին, Կորոնաժահրից վարակւելու բերումով։

Քահանայ հայրը հոգեւորպէս իր վերջին ողջոյնը Ս․ Եկեղեցուն եւ հաւատացեալ ժողովրդին տալով, անսալով Տիրոջ հրաւէրին․ «Եկէ՛ք Իմ Հօ՛ր օրհնեալներ, այն արքայութիւնը, որ պատրաստւած է ձեզ համար» (Մտ․25։34), ասելով «Հօրից ելայ եկայ աշխարհ, դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում եմ Հօր մօտ» Ս․ Ստեփանոս նախավկայի պէս փարւեց Տէրունի լանջին ու գտաւ իր յաւիտենական հանգիստը, ըստ այն խօսքի թէ․ «Եկէ՛ք Ինձ մօտ բոլոր յոգնածներ ու բեռնաւորւածներ եւ Ես ձեզ պիտի հանգստացնեմ»։

«Յաւիտենական Յիշատակն Արդարոց՝ Օրհնութեամբ Եղիցի»:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ