ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

Երեքշաբթի, թւականիս մայիսի 18-ի առաւօտեան Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Սրբազան Արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը Ազգային Առաջնորդարանի դահլիճում։

Տէրունական աղօթքից յետոյ, Սրբզան Հօր Հոգւոց հանգուցելոց մաղթանքով եւ Քրիստոս Որդի Աստծոյ աղօթքով մեծարւեց կրօնական խորհրդիս հանգուցեալ ատենապետ՝ հոգելոյս Արժ․ Տէր Կոմիտաս Աւ․ Քահանայ Ղարախանեանի յիշատակը։

Հանդիպման ընթացքին որոշում կայացւեց բնաւ կրօնական արարողութիւն չկատարել արտասահմանից բերւած հանգուցեալների մոխրի համար։ Հայոց եկեղեցու հայրապետների ուոսումնասիրութեամբ եւ հաստատումով անընդունելի է դիակիզումը։

Հանդիպման երկրորդ հատւածում, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի անդամների ներկայութեամբ, համատեղ խորհրդակցութեան արդիւնքում եւ Առաջնորդ Սրբազան Հօր տնօրինումով Արժ․ Տ․ Սարգիս Քահանայ Խոսրովեանը Սուրբ Սարգիս Մայր Տաճարից տեղափոխւեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցի համալրելու յիշեալ եկեղեցու քահանայից դասը։

Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդ