ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ իրենց գործօն մասնակցութիւնը բերեն Նախագահական ընտրութիւններին»


Նախագահական ընտրութիւնների առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր պատգամն է յղել, որի մէջ ասւած է.

«Իրանը մի անգամ եւս իր ողջ ժողովրդով, նախագահական ընտրական մթնոլորտում է եւ խանդավառ, յուսադրիչ ապագայի տեսիլքով լեցուն վայրկեաններ է ապրում:

Քաղաքացու բնական իրաւունքն է, նախընտրական արշաւների սեմին, միշտ դէպի ապագան ձգտելու, իր կենսամակարդակը աւելի բարելաւելու եւ երկրի ներքին ու արտաքին յարաբերութիւնների առաւել զարգացման նայելու ընտրւող նախագահին:

Երկրորդ՝ նախագահական ընտրութիւնները որեւէ երկրի պարագային ցոյց են տալիս այդ երկրում տիրող ժողովրդավարութեան մակարդակն ու հասկացողութիւնը: Ուրախ ենք, որ Իրանի մէջ այս անգամ եւս աւելի շեշտակի կերպով այդ մթնոլորտը կայ, ու ժողովուրդը յուսադրիչ նայւածքով եւ տեսիլքով նայում է իր նախընտրած թեկնածուին: Ես վստահ եմ, որ ժողովուրդը իրեն յատուկ ինքնագիտակից զգացումով կը կողմնորոշւի տեսնելու համար այն թեկնածուին, որ իր գործունէութեան որպէս առաքելութիւն ունի երկրի ամբողջականութիւնը, Իրանի ժողովրդի հասարակական, տնտեսական, քաղաքական կեանքի բարելաւումը եւ ինչու չէ մեր երկրի ներքին եւ արտաքին յարաբերութիւնների զարգացումը եւ միւս կողմից՝ տարբեր կրօնների պատկանող ժողովուրդների համատեղ գոյակցութիւնը եւ կեցութիւնը, որի լաւագոյն օրինակներից մէկը հանդիսանում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը:

Ես այս մտածումներով կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ իրենց գործօն մասնակցութիւնը բերեն ընտրութիւններին, որպէս Իրանի իսլամական Հանրապետութեան քաղաքացի, որ իր պարտականութեան գիտակցութեամբ առաջնորդւում է եւ մասնակցում այդ ընտրութիւններին, որովհետեւ երբ դու քո պարտականութիւնները կատարում ես, այն ժամանակ իրաւունք ես ունենում նաեւ քո պահանջները ներկայացնելու: Մենք մեր պարտականութիւնը եւ պարտաւորութիւնը պիտի կատարենք Իրանի իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւններին մասնակցելով եւ անշուշտ ժամանակին էլ մենք մեր իրաւունքները պահանջելու ենք իբրեւ լի իրաւ քաղաքացիներ այս երկրի:

Հաւատում եմ, որ մեր ժողովրդի մասնակցութիւնը որպէս դրական արտայայտութիւն՝ կը գնահատւի բոլորի կողմից եւ յատկապէս այն թեկնածուների կողմից որոնք իրենց պատրաստակամութիւնն են յայտնել իրենց ծառայութիւնը բերելու այս երկրին եւ այս ժողովրդին:

Ես յաջողութիւն եմ ցանկանում մեր ժողովրդի զաւակներին եւ բոլոր նրանց, ովքեր կը մասնակցեն այս ընտրութեանը, ինչու չէ նաեւ ապագայ ընտրւող նախագահին, որին շնորհաւորում եմ եւ յաջողութիւն մաղթում»:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ