ՇՆՈՐՀԱՒՈՐ ՀԱՅՐԵՐԻ ՕՐԸ

Այսօր՝ յունիսի 12-ին մեր Թեմում «ՀԱՅՐԵՐԻ ՏՕՆ»-ն Է

Այդ իսկ առիթով Թեմիս Բարխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը իր հայրական պատգամը ուղղեց համայնքիս հայրերին:

Սիրելի հարենակիցներ, այսօր մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն Սուրբ Ներսէս Պարթեւ հայրապետի եւ իր օգնական Խադ սարկաւագի տօնն է․ Մի տօն՝ որ մեր եկեղեցու հայրերը յատուկ կերպով դասաւորած են, որպէսզի մեր գիտակցութեան մէջ Մեծն Ներսէսի կատարած Աստւածահաճ գործերը միշտ վառ եւ կենդանի մնան։ Մենք ժանամակին այս օրը նաեւ յայտարարեցինք հայրերի օր մեր թեմում, որովհետեւ Քրիստոնեայ աշխարհը Յունիս ամսւայ երկրորդ կիրակին նւիրած է հայրութեան եւ ամէն տեղ յատուկ ձեռնարկներ են տեղի ունենում յարգելու համար իրենց ծնողները, բայց մանաւանդ հայրը։ Մեր մէջ Խրիմեան Հայրիկ՝ Հայրիկ ենք կոչել։ Հայրութիւնը իր մէջ խտացնում է սիրոյ, նւիրումի, զոհողութեան բարեմասութիւններն ու առաքինութիւնները, եւ դրա համար, երբ ժողովուրդը Մկրտիչ Խրիմեանին հայրիկ տիտղոսը տւաւ, այս բոլորը իր մէջն էր։ Մէկը որ որպէս Հայր, ոչ միայն հոգ էր տանում իր հօտին, այլ ամ՝էն ինչ անում էր, որպէզի կարողանայ օգտակար լինել իր ժողովրդին, դրա համար էր որ ժողովուրդը ինքը Հայրիկ տիտղոսը տւեց Մկրտիչ Խրիմեան Կաթողիկոսին երբ տակաւին կաթողիկոս չէր ընտրւած։

Հետեւաբար այսօր մենք ոգեկոչում ենք յիշատակը ՄԵԾՆ ՆԵՐՍԷՍ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ, մի անձ որ Ս․ Լուսաւորչի ծոռն է եղել, որը Կեսարիայում ուսում առած էր, եւ այդ շրջանին չորրորդ դարում ամուսնացած էր եւ իր տկնոջ հետ միասին համալսարան էին գնում։ Ունենում են մի զաւակ եւ կինը երիտասարդ տարիքին մահանում է դժբախտաբար, ինքը շարունակում է իր ուսումը եւ ապա վերադառնում է Հայաստան արքայական պալատին մէջ ծառայելու իր ժողովրդին։ Երբ օրւայ Փառէն կաթողիկոսը վախճանւում է, բոլորի աչքը դառնում է դէպի Սուրբ Ներսէս, որը միակն էր լուսաւորչի սերնդից։ Շատ գեղեցիկ եւ յուզիչ են նրա կաթողիկոսական ընտրութեան պարագաները, երբ ժողովականները կանչում են, որ Սուրբ Ներսէսը լինի կաթողիկոս, ինքն ասում է, ես արժանի չեմ, բայց ստիպողաբար նրան ընտրում են, նոյն օրը ձեռնադրում են սարկաւագ եւ ապա ուղարկում են Կեսարիա, որտեղ ինքը եպիսկոպոս ձեռնադրւելով կը վերադառնայ Հայաստան եւ հակառակ իր երիտասարդ տարիքին, քրիստոնէութիւնը կեանքի վերածող հայրապետ է դառնում։ Իր առաջին գործը եղաւ Աշտիշատի ժողովի գումարումը, որով բարեգործական հսկայ աշխատանք իրագործեց առաւել բարեսիրական, բարեգործական հաստատութիւններ հաստատեց; այրիանոցներ, ծերանոցներ, անկելոցներ, հիւանդանոցներ եւ բորոտանոցներ, օթեւաններ ու վանքեր եւ դպրոցներ հիմնեց, որտեղ այս շրջանի կրօնաւոր-ուհիներ կարող էին երթալ եւ իրենց կեանքը նւիրել Աստծոյ։ Իր այս աշխատանքը նրա սիրելի դարձրեց ժողովրդին եւ դրա համար նրան տւեցին Մեծն տիտղոսը։ Մեծն Ներսէս, մեծ ոչ թէ իր տարիքով, ոչ անպայմանօրէն իր խելքով, թէ եւ մեծ էր նաեւ խելքով, բայց մեծ իրագործած իր աշխատանքներով։ Հետեւաբար այսօր սիրելի հայրեր՝ ձեր տօնն է․ դուք կոչւած էք հայրութիւն անելու ոչ միայն ձեր զաւակներին, այլ նաեւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որովհետեւ հայրութիւնը նւիրական պաշտօն է, նւիրական կոչում է եւ իմ փափագն է, որ դուք ձեր հայրութիւնը ապրէք ձեր փորձով, ձեր կեանքով։ Շնորհաւորում եմ ձեզ ձեր տօնի առիթով եւ ի սրտէ մաղթում եմ ,որ ամենակալ Աստւած օրհնութիւնը իր շնորհքը միշտ ուղղեկից անի ձեզի եւ դուք արժանի լինէք իրօք հայրութեան տիտղոսին, որովհետեւ նւիրական է Հայր կոչումը։ Մենք Աստծուն ենք Հայր կոչում, հետեւաբար զգոյշ պիտի լինէք, որ այդ հայրութեան կոչումին, որեւէ մէկը արատ չը բերի։ Թող Աստւած օրհնէ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր խնամքին յանձնւած զաւակներն ու հարազատները։ Ամէն

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ