ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Չորեքշաբթի՝ թւականիս յունիսի 23-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդի 135-րդ նիստին հերթականութեամբ ներկայ գտնւեցին Կրթական խորհրդի եւ Կտակա-կալւածային մարմնի անձնակազմերը:

Թեմական խորհրդի նախագահ՝ ճրտպ. Նորայր Արամեանի բարեգալստեան խօսքից յետոյ, Կրթական խորհրդի անդամները նախ ներկայացրին խորհրդի երկամեայ գործունէութեան զեկուցագիրը ապա խորհրդակցութիւններ կատարւեց Հայոց Ազգային դպրոցների վերադասաւորման գործընթացի վերաբերեալ, որի լաւագոյն եւ գործադրելի տարբերակի կապակցութեամբ արդէն ամիսներ է, ինչ աշխատանք է տարւում զոյգ խորհուրդների միջոցով:

Կտակա-կալւածային մարմինը եւս իր հերթին բացատրութիւններ փոխանցեց թեմապատկան կալւածների ընթացիկ աշխատանքների վերաբերեալ: Այնուհետ խօսւեց ու զեկուցւեց դոկտ. Սուլթան Ամիրեանի անւամբ նախագծի աւարտական աշխատանքների եւ Մոթահարի-Սանայի պողոտայում գտնւող «Գաբրիէլեան» անւամբ նախագծի գործընթացի վերաբերեալ:

Հանդիպումների ընթացքին բոլոր ներկաների կողմից հնչեցին առաջարկներ եւ մտահոգութիւններ, որոնց լաւագոյն կերպով տնօրինման համար տեղի ունեցաւ խորհրդակցութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ