ՀԱՆԴԻՍԱՒՈՐԱՊԷՍ ՆՇՒԵՑ Ս. ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի` 2021 թւականի սեպտեմբերի 12-ին Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։
Թեհրանի եկեղեցիներում եւս իր հերթին կատարւեց վերացման Սուրբ Խաչի տօնը։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց Սուրբ Խաչի թափոր եւ անդաստան։

Սուրբ Սարգիս մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք.Սարգսեանը։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով խաչի խորհրդին` խաչը ըստ Պօղոս առաքեալի հաւատացեալի փառքն ու պարծանքը համարեց, խորհուրդ՝ որով հաւատացեալը մեռնելով այս աշխարհի համար, ապրում է Քրիստոսի համար։ Սրբազան Հայրը յաւելեց որ խաչը սիրոյ, նւիրւածութեան, զոհողութեան եւ համբերութեան խորհուրդն է բովանդակում իր մէջ։ Ապա Սրբազան Հայրը Քրիստոսի կողմից հարուստ երիտասարդին ուղղւած խօսքին անդրադառնալով «Թէ վաճառիր քո ունեցւածքը` վերցրու քո խաչը, ուրանալով քո անձը հետեւիր ինձ» բացատրեցեց Խաչի կեանքի իմաստը։ Սրբազան Հայրը լուսաբանելով այս հատւածը` ասաց «Խաչը վերցնել նշանակում է ապրել սիրոյ զոհողութեան, համբերութեան եւ նւիրումի խորհրդով, անցնել այն ճանապարհներով որ ընդգծեց Քրիստոսը իր արեամբ նւիրագործւած խաչով»։

Նա յաւելեց խաչը Տիրոջ ներկայութիւնն է մեր մէջ եւ մեր վրայ կրելը Նրա մշտական ընկերակցութիւնն է համարւում, որ մեզ փրկում է ամէն տեսակ փորձութիւնից եւ նեղութիւնից, եւ այս պատճառով է որ մեր հայրերը եւ ժողովուրդը Խաչի խորհրդով ապրեցին, գործեցին եւ տոկացին ամէն տեսակ նեղութիւններին եւ փորձութիւններին։ Ապա Սրբազան Հայրը յորդորեց որ այսօր մենք եւս մեր ժողովրդի եւ մեր միւս քրիստոնեայ եղբայրների նման պիտի ապրենք մեր հաւատը խաչին նայելով եւ նրանով զօրանալով, համբերութեամբ եւ յոյսով յաղթենք մեր առջեւ պատնէշւած բոլոր մարտահրաւէրներին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ