Սրբազան Հօր այցը Ազգային Դպրոցներ (1)

Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, այս տարւայ ազգային դպրոցների այցելութիւններն սկսեց սեպտեմբերի 28-ից:

Սրբազան Հայրը նախ այցելեց Սասուն Մանկապարտէզ:  

 

Ապա իր երկրորդ այցն ունեցաւ «Թունեան» օրդց. տարրական դպրոց:

Իսկ երրորդ այցելութեան վայրն էր Թովմասեան օրդց. միջնակարգ դպրոցը, ուր համախմբւած էին նաև Թունեան օրդց. ուղեցոյց դպրոցի աշակերտուհիները:

Բոլոր դպրոցներում Սրբազան Հօրը դիմաւորեցին ծաղկեփնջով և աւանդական աղ ու հացով:

Առաջնորդ Սրբազանն աղ ու հացն օրհնելուց յետոյ, մօտեցաւ աշակերտ-ուհիներին, որոնք միաձայն ողջոնելով՝ «Աստւած Օգնական, Սրբազան Հայր» ստացան Սրբազան Հօր օրհնանքը՝ «Աստւած ձեզ բոլորին պահապան, սիրելիներս»:

Տէրունական աղօթքից յետոյ, տեցչուհիները կամ փոխտեսչուհիները բարի գալստեան խօսքեր ասացին:

Սասուն մանկապարտէզում, սաների խմբական երգերով, աշակերտական խօսքով և արտասանութիւնով շարունակւեց ծրագիրը:  Այնուհետև Սրբազան Հայրը քաջալերեց մանկապարտէզի բալիկներին իրենց կատարած գեղեցիկ երգերի և ասմունքների համար, ապա մանուկների համար հասկանելի լեզւով պատմեց Ս. Մեսրոպ Մաշտոցի և Վարդան Զօրավարի մասին:  

Իսկ Թունեան տարրական, Թունեան ուղեցոյց և Թովմասեան միջնակարգ դպրոցներում աշակերտուհիները հանդէս եկան Սաղմոս կարդալով և ասմունքներով:

Սրբազան Հայրը, Թունեան տարրականում ունեցած իր արտայայտութիւնն սկսեց Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն՝ տունն է Հայուն» բանաստեղծութիւնը ասմունքելով, ապա բացատրեց՝ «Հայ լեզուն մեր ինքնութիւնն է:  Դրանով է, որ մենք խօսում ենք միմեանց հետ և դրանով՝ կարդում ու յարաբերւում, մեր պատմութիւնն և կրօնն ենք սովորում:  Որտեղ, որ լինենք, երբ մենք հայերէն ենք խօսում, ուրեմն մենք մեր տան մէջ ենք»:

Առաջնորդ Սրբազանը գնահատելով Թունեան ուղեցոյց և Թովմասեան միջնակարգ դպրոցների աշակերտուհիների կատարած գեղեցիկ բարի գալստեան խօսքերն ու ասմունքները, իր հայրական խօքերում ասաց՝ «ձեր ընկերուհիները մի անգամ ևս մեր հոգիները և մտքերը ալեկոծեցին և յիշեցրեցին մեր ցեղասպանութիւնը և Աստծուն փառաբանելու մեր պարտականութիւնը:  Եղեռնը յիշել, մտածել և խօսել դրա մասին, երկու հիմնական բան է ուզում ասել մեզ:  Առաջին՝ որ մենք ջարդը չենք մոռացել և շարունակում ենք յիշենք և յիշեցնենք: Երկրորդ և ամենից կարևորը՝ հաւատարիմ մնալ մեր զոհերի յիշատակին և արժէքներին, որոնց համար նրանք նահատաւեցին»:

Պէտք է նշենք, որ այցերի ընթացքին ներկայ էին Կրթական Խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Մելինէ Բադալը, տկն. Ռուբինա Օհանեանը, պրն. Մանաւազ Խաչատրեանը և պրն. Նարբէ Աբուլեանը: