ԻՐԱՆԱՀԱՅ ԱՐԾԱԹԱԳՈՐԾ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 26-ին, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, փակումը կատարւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կազմակերպւած, իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի, որտեղ շուրջ երկու շաբաթ տեւողութեամբ ցուցադրութեան էին դրւել հայ արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումեանի, Սարօ Մկրտչեանի, Արմէն Վարդումեանի, Ռուբէն Սաֆարեանի, Ադիս Կարապետեանի, Իշխան Շերոեանի, եւ Սիմոն Մելիքեանի աշխատանքները:

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանի եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեցին յիշեալ ցուցահանդէսը:

Սրբազան Հայրը շրջելով ցուցասրահի տարածքը դիտեց բոլոր ձեռքի աշխատանքները, լսելով հեղինակների բացատրութիւնները իրենց աշխատանքների մասին: Առաջնորդն իր գնահատական խօսքն ուղղելով Արծաթագործ վարպետներին յոյս յայտնեց, որ նմանօրինակ ցուցահանդէսների կազմակերպումը խթան կը հանդիսանայ արւեստների զարգացման համար:

Միջոցառմանը ներկայ էր նաեւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը եւ Իրանի ինքնուս արւեստագէտների կենտրոնի տնօրէն Ալի Էզաթին, ում կողմից նաեւ բարձր գնահատւեց նախաձեռնութիւնը:

Միջոցառման ընթացքում գնահատագրեր յանձնւեցին հայ վարպետներին իսկ այցելութեան աւարտին աւանդական գեղարւեստի հետազօտական կենտրոնի տնօրէն դոկտ. Սէյէդ Աբդօլմաջիդ Շարիֆզադէի միջոցով յուշանւէր շնորհւեց Սրբազան Հօր:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ