ՏԵԱՌԸՆԴԱՌԱՋԻ ՆԱԽԱՏՕՆԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ


Կիրակի 13 փետրւար 2022-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Առաջնորդ Սրբազան Հայրը անդրադառնալով տօնի խորհրդին նախ անդրադարձաւ օրւայ Աւետարանական հատւածում յիշւած Սիմէոն Ծերունուն,որ Սուրբ Հոգուց խոստում էր ստացել Կուսածին Փրկչին չտեսած չպիտի մահանայ.անձնաւորութիւն որը մահւան առաջ արձնացած՝ երկար տարիներ ապրելուց յետոյ, քառասունօրեայ Սուրբ Մանկան տաճար ընծայմանը արժանացաւ նրա տեսութեան:Սրբազան Հայրը Տեառնընդառաջը որպէս լոյսի տօն ընդգծելով, ակնարկեց աւետարանական այն ճշմարտութեան, որ Քրիստոսը Իրեն աշխարհի լոյս է անւանում,լոյս որով ամբողջ աշխարհը պիտի լուսաւորւի: Նա յաւելեց որ Նա լուսաւորեց նրանց,ովքեր հաւատացին նրան եւ նրանք Նրա լոյսը իրենց հոգում լուսաւորելով լուսաւորեցին իրենց ճանապարհը դէպի Աստւած. Եւ այդ իսկ պատճառով է որ մեր հայրերը լոյսը փառաբանել են:Այդ սուրբ հայրերից է եղել Սուրբ ներսէս Շնորհալին, որի հոգեզմայլ շարականները երգւում են Արեւագալի ժամերգութեան ժամանակ:Սրբազան Հայրը իր խօսքը շարունակելով ասաց, որ հոգեւոր լոյսից զրկւած մարդը դժւարանում է կողմորշւել,բայց Աստւածային լուսով լուսաւորւած իր պայծառ մտքով յաջողում է կողմորոշւել եւ դառնալ Աստծու փառաբանիչը: Նա իր խօսքը եզրակացնելով ասաց,ահա հոգեւոր այս լոյսի փառաբանանքն է որ այսօր կատարեցինք Տեառնընդառաջի նախատօնակի այս արարողութեամբ.արարողութիւն որի ընթացքին եկեղեցու հայրերի կարգադրութեամբ ծնողները իրեն նորածիններին տաճար են ընծայում,որպէսզի Սուրբ հոգու զօրութեամբ Աստծու շնորհքով մեծանան: Իր քարոզի վերջի բաժնում Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եկեղեցում ներկայ եղող ժողովրդին,ովքեր իրենց նորածին եւ փոքր երեխաներին եկեղեցի էին բերել աստւածային օրհնութիւն ստանալու համար:

Նշելի է երեկոյեան ժամերգութեան Արարողութիւնը սկսւեց երեկոյեան ժամերգութեամբ, որին յաջորդեց նախատօնակի արարողութիւն: Ապա տեղի ունեցաւ անդաստանի արարողութիւն: Սուրբ խորանից իջեցւած Աշխարհի Լոյս Յիսուս Քրիստոս խորհրդանշող մոմով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը, ապա Քրիստոս փառաց թագաւոր շարականի երգեցողութեան ներքոյ քահանայ հայրերի միջոցով տեղի ունեցաւ նորածինների եւ փոքրիկ երեխաների տաճար ընծայման արարողութիւնը, որից յետոյ Սրբազան Հայրը ընծայւած երեխաներին պարգեւեց մէկական խաչ:
Ապա եկեղեցու շրջափակում ձեռամբ Սրբազան Հօր բոցավառւեց աւանդական խարոյկը յուրախութիւն ներկայ հաւատացեալների:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ