Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՈՅԺԸ

«Որովհետեւ Աստւած մեզ իր հոգին տւեց, որպէսզի յաղթահարենք վախկոտութիւնը, զօրանանք, լցւենք սիրով եւ զգաստ մի կեանք վարենք»։ (Բ.Տմ 1։7)

Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչներից Պօղոս առաքեալի վերոյիշեալ խօսքերը կեանքի իմաստութեամբ օծուն եւ մարդս առ Աստւած հաւատքով առաջնորդող պատգամներ են, որոնք մարդու կեանքը պտղաբերում եւ արգասաւորում են։

Աստւած մեզ իր հոգով զօրացնում է, որպէսզի կարողանանք յաղթահարել վախկոտութիւնը եւ իր սիրով զօրացած մեր կեանքով հաւատարիմ մնանք Քրիստոս- Աստծուն։ Առաքելական այս յորդորը կազմում է առանցքը մեր հաւատքին, որը ծնունդ է առնում լսելուց. «Հաւատը ծնունդ է առնում քարոզչութիւնը լսելիս, իսկ քարոզչութիւնը հաւատ է արթնացնում, երբ Քրիստոսի խօսքերն են քարոզւում»(Հռ. 10։17)։

Քրիստոնէութեան վարդապետութիւնը բանաձեւող, իր խօսքերով ու ուսուցումներով հաւատացեալի կեանքը կերպարանափոխող Պօղոս առաքեալը մեզ առաջնորդում է, որ Աստծու Հոգով, հաւատքով մեզանից հեռու վանենք թերահաւատութիւնն ու վախկոտութիւնը, երկիւղը, քանի որ վախն ու թերահաւատութիւնը մարդ արարածին տկարացնում են, իր դիմադրականութիւնը ջլատում են։ Առաքեալը առաւել եւս թելադրում է, որ ՛՛զօրանանք ու լցւենք սիրով՛՛ որովհետեւ սէրը աղբիւրն է կեանքի, առանցքը ընտանիքի եւ պատւանդանը Քրիստոսի Եկեղեցուն։

Աւետարանական ուսուցումները յաւիտենական ճշմարտութիւնը սերունդէ-սերունդ փոխանցող իրականութիւններ են։ Աւելին նրանք մարդ արարածը կերպարանափոխող զօրութիւնը ունեն եւ ցոյց են տալիս Աստծու յաւիտենական նպատակը, այլ խօսքով դրանք յաւիտենականութիւն բուրող եւ մարդը Աստւածահաճ կեանքի առաջնորդող պատգամներ են։

Աւետարանական ճշմարիտ ուսուցումը մեզ մի կողմից կապում է Աստծուն եւ միւս կողմից էլ կապում է իր նմանին, որպէսզի երկուսը իրարով զօրացած, հզօրացած գործեն տիրութիւն անելով Աստծուց իրենց տրւած շնորհքին, որը ի վերջոյ լինելու է երաշխիք իրենց փրկութեան եւ նախապատւանդան իրենց կեանքին։

Աւետարանական ճշմարտութիւնը ի վերջոյ մեզ հաւատքի զօրութեամբ, հաւատարմութեան խորհուրդով կապում է հայրենիքին, որը երկրի վրայ մարդու գոյութեան երաշխիքն է։ Աւետարանական ճշմարտութիւնը մարդս կերպարանափոխում ու անպարտելի է դարձնում, որովհետեւ հաւատքով զինւած զօրանում է, քանի որ հաւատքը մարդ արարածի ներաշխարհում գոյաւորւող երջանկութեան ազդակն է, յաջողութեան գրաւականը, աւելին այն Աստծու ներկայութեան երաշխիքն է։

Հաւատքը հաւատարմութեան ուղին է, այլեւ լուսատու ջահը մարդու կեանքի, հաւատքով լուսաւոր մարդու սիրտը միշտ բաբախում է ջերմ հայրենասիրութեամբ, իսկ հայրենասիրական իրական ու վաւերական ակունքը հայրենաճանաչողութիւնն է։ Առանց հայրենիքի, ամբողջական հայրենիքի պատմութեան մութ ու լուսաւոր էջերով, դէպքերով, իր պարտութիւններով եւ յաղթանակներով, իր հերոսներով ու հերոսամարտերով, այլ խօսքով իր անցեալով ու ներկայով լիցքաւորելու դժւար է հասնել իրական ու վաւերական հայրենասիրութեան, որովհետեւ պատմութիւնը սիրոյ զգացումով լցնում է սիրտը մարդուն եւ նրան ամրօրէն կապում է աստւածային ճշմարտութեան։

Հաւատքով զօրացած ու Աւետարանի ուժով զրահաւորւած, մեր սրբազան հողերուն եւ հողին կառչած մնալու դաւանանքը, կեանքի սկզբունքի վերածած պիտի շարունակենք մեր կեանքի գոյապայքարը առանց վհատելու. հեռու պէտք է մնալ բանաստեղծական ու բաժակաճառային հայրենասիրութիւններից։

Հայոց Ցեղասպանութեան զոհ գնացած աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակը ամէն րոպէ լալու չափ յուզում ու տագնապեցնում է եւ իւրաքանչիւր հայի սիրտն ու հոգին։ Հայը հաւատքով, խաչի խորհրդի զօրութեամբ իր խաչը շալկած քալեց Գողգոթայի իր ճանապարհը, անտարբեր նայւածքի ներքեւ քաղաքակիրթ աշխարհի։ Քալեց խաչը շալակած հաւատալով սակայն որ խաչը կեանքի ծառ է եւ ՛՛պտուղը անմահութեան՛՛։

Այսօր ողջ հայ ժողովուրդը գիտակից Հայոց Ցեղասպանութեան ահաւորութեան, սոսկալիութեան կոչւած է ամէն բանէ առաջ լաւապէս ճանչնալու եւ ապրելու խորհուրդը այդ Ցեղասպանութեան, մանաւանդ որ այսօր Ցեղասպանութիւն իրագործողների ժառանգորդները այն շարունակում են այլ միջոցներով եւ ձեւերով։ Հետեւաբար, մենք Ցեղասպանութիւնից մազապուրծ ազատւածներս, իբրեւ ժառանգորդները Ցեղասպանութեան զոհերի նւիրական ու սրբազան պարտականութիւն եւ պարտաւորութիւն ունենք.-

Ա.- Լաւագոյն ու խորագոյն ձեւով ճանաչելու, ուսումնասիրելու մեր պատմութիւնը, ներառեալ Ցեղասպանութեան պատմութիւնը։ Իր երկրի, հայրենիքի պատմութիւնը լաւաճանաչ հայը չի ասի, որ ՛՛Քարվաճառը հայկական հող չէ՛՛ կամ ՛՛Շուշին մելամաղձոտ քաղաք է՛՛։ Հայ ժողովրդի պատմութիւնը խորապէս ուսումնասիրած ղեկավարը իր հայրենի հողերի համար սակարկութեան չի նստի թշնամու հետ։ Հարիւրաւոր մշակութային կոթողներն ու եկեղեցիները, վանական համալիրները կառուցւած՝ մեր սրբազան հայրերի ճակտի քրտինքով, անուրանալի փաստերն ու թանձրացեալ վկաներն են մեր հայրենիքի, հայութեան սեփականութիւնը լինելու իրողութեան։ Հայրենիքի դաւաճան է նա ով ուրանում է այդ հողերի հայկականութիւնը։
Ուրացումը արդիւնքն է իր պատմութեան չիմացումից։ Ահա թէ ինչու համար բազմիցս շեշտում ենք անհրաժեշտութիւնը մեր պատմութեան ուսումնասիրութեան, իմացութեան։ Յովհաննէս Թումանեանն ասում է մեր պատմութիւնը լուսատու ջահ է, որ պէտք է միշտ մեր ձեռքում ունենանք, որպէսզի չշեղւենք մեր ժողովրդի պատմութեան ընթացքից։
Բ.- Հայոց Ցեղասպանութեան պատմութեան ճանաչողութեամբ պիտի կարողանանք լիիրաւ պահանջատէրերը լինել մեր ե՛ւ հողերին ե՛ւ իրաւունքներին։ Այսօր երբ մի ընտանիք իր անդամներից մէկն մահւան առաջ է կանգնում խոր ցաւ ու կսկիծ է ապրում, ալ կարելի է երեւակայել երբ մենք գտնւում ենք աւելի քան մէկ ու կէս միլիոն նահատակների առաջ, երբ ապրում ենք դառն ցաւը մեր հայրենի հողի կորստեան, մեր հայրենիքի մէկ մասի թշնամու կողմից գրաւման, հազարաւոր եկեղեցիների, վանական համալիրների, մշակութային կենտրոնների աւերման ու քանդումին։ Աւելին, ժառանգորդները Ցեղասպանութիւն գործողների անպատկառօրէն ուրանում են Ցեղասպանութիւնը, յաւելելով որ իրենք որեւէ մի երկրից հող չեն բռնագրաւել, մոռանալով որ իրենց երկրի երեք քառորդը շրջապատի հարեւան երկրներից զաւթած հողերն են։
Գ.- Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչումը մեզ պարտաւորեցնում է հաւատարմօրէն ապրել մեր կեանքը, հաւատարմութիւն մեր նահատակների արիւնոտ կտակին, հաւատարմութիւն մեր գոյապայքարը շարունակելու իբրեւ պահանջատէրեր։ Հաւատարմութիւն հոգեւոր եւ ազգային արժէքների նկատմամբ, ի վերջոյ հաւատարմութիւն մեր լեզւի, հաւատքի, պատմութեան եւ մշակութային արժէքների նկատմամբ։
Դ.- Եւ վերջապէս կոչւած ենք թեւ եւ թիկունք կանգնելու հաւատաւոր ու հաւատարիմ այն հայորդիներին, որոնք իբրեւ պահանջատէր ժողովրդի ժառանգորդներ ոտքի են կանգնած ի խնդիր իրենց հայրենիքի, ամբողջական հայրենիքի եւ Արցախի անվտանգութեան եւ խաղաղութեան։ Միակամ ու միասնական, միասիրտ ու միախորհուրդ պայքարով կարելի պիտի լինի վերանւաճումը Արցախի եւ մեր սրբազան հողերի։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ապրիլ 2022
Թեհրան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ