Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ՝ ՍՐԲՈՑ ԿՈՒՍԱՆԱՑՆ ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Հոգեգալստեան «Պենտեկոստէի» տօնին յաջորդող կիրակին մեր եկեղեցին ոգեկոչում է յիշատակը Եղիա մարգարէի, իսկ նրա յաջորդ օրը յիշատակւում է Ս. Հռիփսիմէի եւ իր ընկերուհիների տօնը։

Մեր եկեղեցին սրբոց տօները տօնում է երկուշաբթի մինչեւ շաբաթ՝ բացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, որոնք վերապահւած են ապաշխարութեան, բացառութեամբ Յիսնականց շրջանին զուգադիպող չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։

Արդարեւ Հոգեգալուստեան կիրակի օրւան յաջորդող երկուշաբթի օրը մեր եկեղեցին յատուկ շարականներով եւ հանդիսաւորութեամբ տօնում է Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը։

Հռիփսիմեանց կոյսերի նահատակութիւնը նախորդում է Հայաստանում 301 թւականին քրիստոնէութեան պետական կրօն հռչակման մեծ իրադարձութեան, որով Հայաստան աշխարհը հանդիսանում է առաջին երկիրը քրիստոնէութիւնը պաշտօնապէս, որպէս իր կրօնը ճանաչող։

Հռիփսիմեանց անունով ծանօթ նահատակ 37 կոյսերն, ըստ պատմական աղբիւրների Հռոմից փախուստ են տալիս օրւայ Դիոկղետիանոս կայսրից, որ լսած լինելով Հռիփսիմէի գեղեցկութեան մասին, ուզեցել էր իր հետ ամուսնանալ, սակայն կոյսն իր ընկերուհիների եւ իրենց պետի՝ Ս. Գայիանէի գլխաւորութեամբ Արեւելք են գալիս, Եգիպտոսի վրայով անցնում են Երուսաղէմ, ուր տիրակոխ վայրերը ուխտաւորաբար այցելելուց յետոյ գալիս են Հայաստան եւ մի ժամանակ Հոգեաց վանքում մնալուց յետոյ անցնում Վան եւ երկար ժամանակով մնում են Վարագայ լեռան վրայ, որից յետոյ գալիս են Վաղարշապատ։ Այստեղ Վաղարշապատի հնձաններում թաքնւելով շարունակում են իրենց աւետարանչական գործը։ Շուտով նրանց թաքստոցը յայտնւում եւ բացայայտւում է նաեւ Հռիփսիմէի գեղեցկութեան համբաւը եւ Տրդատ հայոց թագաւորը ուզում է ամուսնանալ Հռիփսիմէի հետ։ Թագաւորը իր պալատը բերել է տալիս Հռիփսիմէին եւ հմայւած իր գեղեցկութեամբ, ուզում է ամուսնանալ նրա հետ։ Հռիփսիմէն մերժում է։ Թագաւորին կոյսը համոզելու բոլոր ճիգերը ի դիւրին են անցնում, վերջին փորձը անում է փորձելով Գայիանէին համոզի, որ այս վերջինը իր սանուկը համոզի, սակայն բոլոր ջանքերը իզուր են անցնում։ Թագաւորը յուսահատ իր ջղագրգիռ վիճակի մէջ հրահանգում է սպանել Հռիփսիմէին եւ բոլոր ընկերուհիներին, որոնցից երեքը ազատւում եւ անցնում են Վրաստան եւ այնտեղ շարունակում են իրենց առաքելական պարտականութիւնը։

Պատմութիւնը յուշում է, որ Տրդատ թագաւորը խորապէս յուզւած կոյսերի նահատակութիւնից խոր տխրութեան մէջ է մտնում, մոլեգնում է եւ սկսում թափառել դաշտերը։ Թագաւորի այս ծանր վիճակը մտահոգում է պալատականներին, բժիշկները անզօր են թագաւորին վերադարձնել իր առողջութիւնը։ Այդ օրերին արքայի քոյր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, ըստ որի՝ միայն Խոր վիրապ նետւած Գրիգորը կարող է բժշկել հիւանդ թագաւորին։ Երազը մի քանի անգամ կրկնւում է. Խոսրովիդուխտի պնդումի վրայ, պալատի իշխաններից Օտա Ամատունին գնում է Խոր վիրապ, եւ ի՜նչ հրաշք, Գրիգորը դեռ ողջ էր։ Նրան շտապ հանում են գբից, բերում Վաղարշապատ, որտեղ Գրիգոր նախ հնգօրեայ պահեցողութեան մի շրջան է հաստատում եւ ապա բժշկում հայոց թագաւորին, որ այնուհետեւ ընդունում է քրիստոնէութիւնը եւ այն հռչակում պետական կրօն։

Ահա թէ ինչու Սրբոց Հռիփսիմեանց տօնը ե՛ւ ազգային ե՛ւ կրօնական խոր իմաստ ունի եւ դրա համար էլ մեր եկեղեցին այդ հանդիսաւորապէս տօնում է։

Այս առիթով, կորոնա ժահր համաճարակի յարաբերաբար մեղմացման ի հետեւումն եւ միւս կողմից էլ մեր ժողովրդին իր ազգային եւ կրօնական տօներից ու աւանդութիւններից չզրկելու հեռանկարով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Կրօնական խորհրդի հետ համախորհուրդ որոշեց վերականգնել թեմիս հեռաւոր շրջանները ուխտագնացութեան աւանդութիւնը՝ ի մխիթարութիւն մեր ժողովրդի։

Արդարեւ երկուշաբթի թւականիս յունիսի 13-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի եւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ ուխտագնացութեան յատուկ երգչախմբի մեկնեցաւ Ղազւին, տեղւոյն Ս. Հռիփսիմէ եկեղեցում ոգեկոչելու յիշատակը նահատակ կոյսի եւ իր ընկերուհիների։ Աւելացնենք, որ Թեհրանից ուխտաւորաբար Ղազւին էին եկել Հայ Կին միութեան կից Անի միութիւնն ու նկատառելի թւով հաւատացեալներ։

Եկեղեցու բակում Սրբազան Հօրն եւ իր ընկերակիցներին բարի գալուստ մաղթեցին Ղազւինի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը եւ կարճ դադարից յետոյ սկսւեց Ս. եւ անմահ պատարագը։ Օրւայ պատարագիչն էր Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, խորանի վրայ սպասարկում էին՝ Բրշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանն ու կիսասարկաւագ Անանիա Յարութիւնեանը, իսկ բուրվառակիրն էր դպրուհի՝ Լիոդա Խոսրովեանը։

Յընթացս Ս. պատարագի օրւայ պատգամը ներկաներին փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը, որ նախ գոհութիւն եւ փառք յայտնեց Աստծուն, որ կորոնա վարակի պատճառով երկու տարւայ դադարից յետոյ վերստին սկսում ենք մեր ուխտագնացութիւնը։ «Հռիփսիմեանց տօնը, տօնն է հաւատքի յաղթանակի, տօնն է բարու եւ ճշմարտութեան յաղթանակի», ասաց առաջնորդ Սրբազան Հայրը, որ իր քարոզի մի այլ բաժնում պատմեց Հռիփսիմեանց կոյսերի նահատակութեան պատմութիւնը եւ շնորհաւորեց ներկաներին իրենց հաւատքի եւ եկեղեցու կապւածութեան համար։ Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան Հայրն անդրադարձաւ եկեղեցու կառուցման, եկեղեցու բարերարի եւ այդ շրջանի հոգեւոր հովիւ Երանաշնորհ Տ. Յարութիւն Աւ. քհնյ. Տէր-Մեսրոպեանի (Բալայեան) կեանքին եւ գործունէութեան, գնահատելով միաժամանակ եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը, որ նախանձախնդրօրէն տէր է կանգնում եկեղեցում եւ շրջակայքի կառոյցներին։

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարին, նրա վաղամեռիկ Հռիփսիմէ դստեր եւ հանգուցեալ քահանայ հօր հոգիների խաղաղութեան համար։

Պատարագից յետոյ Սրբազան հայրն իրեն ընկերակցող քահանաների հետ շրջագայեց եկեղեցու շրջափակում, գնահատեց եւ շնորհաւորեց ուխտաւորներին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

Կէսօրին եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը ճաշով հիւրասիրեց առաջնորդ Սրբազան Հօրն ու իր ընկերակիցներին։ Ճաշի ընթացքին յանուն Ղազւինի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան եկեղեցու քարտուղարուհի՝ տիկին Անահիտ Սարգսեանը բարի գալուստ մաղթեց Սրբազան հօրն եւ իր ընկերակիցներին, յատուկ շնորհակալութիւն յայտնեց միաժամանակ իր օրհնաբեր այցի առիթով։ Աւարտին Սրբազան Հայրը գնահատեց բոլորին եւ յատուկ նիստ ունեցաւ եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ պրն. Վիգէն Բարսեղեանի հետ, յաջողութիւն մաղթեց բոլորին եւ այնուհետ հրաժեշտ առնելով վերադարձաւ Թեհրան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ