ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻ» ԱՆՒԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷԻ (کمیته امداد امام خمینی) ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Կիրակի, թւականիս սեպտեմբերի 11-ին, Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպել են «Իմամ Խոմէյնի» անւան օգնութեան կոմիտէի նախագահ՝ Սէյէդ Մորթեզա Բախթիարիի հետ:

Հանդիպման հիմնական նպատակն է եղել օժանդակութիւններ ապահովել եւ դիւրութիւններ ստեղծել՝ աջակցելու համայնքիս կարիքաւոր ընտանիքներին:

Հանդիպմանը պրն. Բախթիարին անդրադարձ է ունեցել կոմիտէյի աշխատանքների ընթացքին ու դիմողներին ներկայացւող ծառայութիւններին:

Դրական եւ մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպան ընթացքում, բացատրութիւններ է ներկայացւել Թեմական խորհրդին ենթակայ՝ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի կողմից իրականացւող աշխատանքների, նպաստ ստացողների թւի և օժանդակութիւնների ընթացքի մասին, որը ներառում է ամսական նպաստների յատկացումը նաեւ բնակարանի վարձի կանխավճարի նպաստի, անակնկալ ծանր հիւանդութիւնների բուժման եւ վիրահատութեան ծախսերի որոշակի բաժնի յատկացումները եւ նիւթական դժւար պայմաններ ունեցող աշակերտութեան կրթաթոշակի վճարումն եւ այլ օժանդակութիւններ: Հանդիպման աւարտին «Իմամ Խոմէյնի»-ի անւան օգնութեան կոմիտէի նախագահին է փոխանցւել Կարիքաւորներին Օժանդակող մարմնի կողմից տրամադրւած ցանկը:

Հարկ է նշել, որ վերոնշեալ հանդիպման արդիւնքում այսօր՝ հինգշաբթի թւականիս սեպտեմբերի 15-ին, «Իմամ Խոմէյնի» անւան օգնութեան կոմիտէից ստացել ենք առաջի փուլի օժանդակութիւնը, որի մանրամասնութիւնը կը տեղեկացւի յաջորդիւ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ