ԶԵԿՈՅՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔԻՑ

Կիրակի, թւականիս հոկտեմբերի 30-ին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում՝ Թեմական խորհրդի հրաւէրով եւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ հանդիպում կայացաւ Կրթական խորհրդի հետ:

Հանդիպմանը ի պաշտօնէ ներկայ էր նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանի Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Սոյն հանդիպման հիմնական օրակարգում էին դպրոցների վերադասաւորումը, տարրական դպրոցներն երկսեռ դարձնելու պետական թոյրտւութիւնն ստանալու գործընթացը, «Արարատ» դպրոցի վերակառուցումը, որոշ դպրոցներում առկայ խնդիրների լուծումը եւ 2022-2023 ուս. տարեշրջանի ուսումնավճարների որոշումը:

Հարկ է նշել, որ Նկատի ունենալով պայմանների թելադրանքով դպրոցների վերադասաւորման վերաբերեալ յոյժ կարեւոր եւ այժմէական օրակարգը, ընթացիկ շրջանում Թեմական խորհրդի ուշադրութեան կենտրոնում է դպրոցների վերադասաւորման ծրագիրը, գործնական փուլին մօտեցնելու իրագործումը: Իսկ «Արարատ» դպրոցի վերակառուցման հարցի կապակցութեամբ պէտք է նշել, որ այն իրականացնելու նախապայմանն է դպրոցների վերադասաւորման ծրագրի յստակեցումը, որտեղ նախ կը քննարկւեն առկայ հնարաւորութիւններից օգտագործելու տարբերակները:

Անդրադառնալով 2022-2023 ուս. տարեշրջանի թոշակների գումարին, հարկ է նշել, որ վերջին ամիսների ընթացքում Կրթական խորհրդի կողմից ուսումնասիրւել են 2021-2022 ուս. տարեշրջանում դպրոցներում եւ մանկապարտէզ-նախակրթարաններում իրականացւած ծախսերի իրական պատկերն օղակ առ օղակ բաժանումով, որոնց հիման վրայ կազմւել է կրթաթոշակների համեմատական աղիւսակները եւ ներկայացւել՝ կրթաթոշակի յաւելման առաջարկութեան տարբերակները եւ Թեմական խորհրդի սուբսիդաւորման տոկոսային պատկերը: Սոյն հանդիպման քննարկւեց եւ հաստատւեց կրթաթոշակների 40%-ով յաւելումը: Հարկ է ընդգծել, որ թէ դպրոցների եւ թէ մանկապարտէզների ծախսերի հիմնական բաժինը սուբսիդաւորւում է Թեմական խորհրդի կողմից իսկ մնացեալը գանձւում է աշակերտութիւնից:

Նոյն օրը վերոնշեալ հանդիպումին յաջորդեց 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների կազմակերպման կապակցութեամբ խորհրդակցական հանդիպումը, որը մեկնելով մի շարք մտահոգութիւններից եւ միաժամանակ որոշ թեկնածուների խնդրանքին ընդառաջ, եւ յետ խորհրդակցութեամբ Թեմակալ Առաջնորդի, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւորի, 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական Խորհրդի եւ 17-րդ շրջանի Ընտրական Կենտրոնական յանձնախմբի ատենապետի, յարմար նկատւեց յետաձգել նոյեմբերի 25-ին նախատեսւած 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները՝ ցնոր տնօրինում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ