ԶԵԿՈՅՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔԻՑ

Կիրակի, 6 նոյեմբեր 2022 թւականին, Թեմական խորհրդի հրաւէրով եւ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ գնահատանքի հանդիպում կայացաւ Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների տնօրէնուհի Քլարա Աղախանեանի հետ:

Նշելի է, որ 1961 թւականին Թեհրանի հայոց թեմում սկզբնաւորւած Հայերէնագիտական դասընթացները, երկար տարիների ընթացքում զանազան փոփոխութիւններ ունենալով հանդերձ՝ իր անխափան ուղին հաստատակամ շարունակել եւ տարիների ընթացքում ունենալով շուրջ 550 շրջանաւարտ ուսանող-ուհիներ, ուրոյն հետքն է թողել Թեհրանահայ համայնքի կեանքում՝ դաստիարակելով գիտակից եւ ուսեալ սերունդ, ովքեր ծառայել են ոչ միայն նոր սերնդին, այլեւ ներդրում են ունեցել միութիւններում եւ ազգային տարբեր հաստատութիւններում:

Նկատի ունենալով վերջին տարիներում Հայերէնագիտական երեկոյեան դասընթացներ յաճախող ուսանողների աչքառու թւային անկումը, Թեմական խորհրդի որոշումով 2021 թւականի սեպտեմբեր ամսից դադարեցւեց յիշեալ դասընթացների աշխատանքը:

Գնահատանքի հանդիպման ընթացքում տկն. Աղախանեանը ամփոփ ներկայացրեց Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների անցած ուղին եւ նմանօրինակ դասընթացների կարեւոր առաքելութեանը, ապա այդ ոլորտին առնչւող հետագայ աշխատանքների շրջանակներում առաջարկութիւններ հնչեցին՝ կրթութեան արդիականացման եւ տարբեր հմտութիւններ ներառելու ուղղութեամբ, որոնք ենթակայ են քննարկման:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը եւ նաեւ իր հերթին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը գոհունակութեան եւ գնահատանքի խօսք ուղղեցին տկն. Քլարա Աղախանեանին իր կատարած արժանաւոր եւ անգնահատելի գործունէութեան կապակցութեամբ ապա Սրբազան Հօր Ձեռամբ գնահատագիր յանձնւեց Տկն. Քլարա Աղախանեանին:

Յատկանշական է, որ չորեքշաբթի, 2 նոյեմբեր 2022 թւականի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ 2018-ից 2021 թւականների շրջանաւարտների վկայականների բաշխման վերջին հանդիսութիւնը:

Անդրադառնալով Թեմական խորհրդի թւականիս նոյեմբերի 6-ին կայացած նիստի ընթացքին, հարկ է նշել, որ հետեւելով Պատգամաւորական ժողովի պահանջը, կեանքի կոչւեց ընտրութիւնների գործընթացին առնչւող օրէնսդրութեան վերանայման յանձնախումբ անդամակցութեամբ պարոնայք՝ Վահէ Թարոյեանի, Հայրիկ Աղանեանի, Վալոդ Հախինեանի, Արտոյտ Զոհրաբեանի եւ Նորայր Աբուլեանի: Յանձնախմբի առաքելութիւնն է Պատգամաւորական Ժողովի «Կազմակերպչական Հարցերի» յանձնաժողովի կողմից ներկայացւած առաջարկութիւնների վերաբերեալ վերջնական տեսակէտ կազմել եւ ներկայացնել՝ առ ի հաստատում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ