Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ՝ «ԱՐԱՐԱՏ» ԵՒ «ՇԱՆԹ-ՄԱՐԻԱՄԵԱՆ» ԴՊՐՈՑՆԵՐ

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է Ազգային Իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Յիշեալ հանդիպումների շարանում շաբաթ, թւականիս նոյեմբերի 12-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի եւ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Ալենուշ Շահնազարեանի այցելեցին «Արարատ» օրիորդաց դպրոց:

Սոյն հանդիպմանը առանձնաբար խորհրդակցութիւն կատարւեց դպրոցի տեսչուհու՝ տկն. Բաղդադիի, փոխտեսչուհիներ՝ Շաքէ Նազարբէգեանի եւ Լալա Յովակիմեանի նաեւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Ծնողական խորհրդի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց դպրոցի ընդհանուր դրւածքին եւ աշխատանքներին նաեւ շօշափւեց դպրոցի վերակառուցման հարցը, որը դեռեւս ուսումնասիրութեան փուլում է եւ հիմնականում կապւած է դպրոցների վերադասաւորման ծրագրի յստակեցման եւ դպրոցների տարր. օղակը երկսեռ դարձնելու պետական արտօնութիւնն ստանալու գործընթացի վերջնական արդիւնքին:

Դպրոցի տեսչուհու եւ փոխտեսչուհիների հետ հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ կարեւորւեց դպրոցը ուրախ, հաճելի եւ եռանդուն միջավայրի վերածելու անհրաժեշտութիւնը, որը նաեւ կը հանդիսանայ դպրոցի ուսման որակը բարձրացնելու երաշխիքը: Մատնանշւեց նաեւ երկսեռ միասնական արտաժամեայ աշխատանքներ իրականացնելու եւ արտադասարանային դասընթացներ ունենալու ծրագրին:

Իսկ անդրադառնալով հայոց դպրոցների հիմնական առաքելութեան, ընդգծւեց հայ աշակերտին ազգային եւ հոգեւոր հոգով սնուցանելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու կարեւորութիւնը: Այս ուղղութեամբ մատնանշւեց, որ հայոց դպրոցներում մայրենի լեզուն սերտելու եւ հայ մշակոյթը զարգացնելու հնարաւորութիւնը ունենալով, հարկ է այն լաւագոյնս օգտագործել քանի որ հայեցի դաստիարակութեամբ մեծացած հայն է յանձնառութիւն զգում հայօրէն գոյատեւելու եւ հայապահպանման սուրբ աշխատանքին լծւելու:

Սոյն հանդիպման յաջորդեց «Շանթ-Մարիամեան» տղայոց դպրոցի այցելութիւնը, որտեղ ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը եւ Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Անի Համբարձումեանը:

«Շանթ-Մարիամեան» դպրոցում հանդիպում կայացաւ դպրոցի տեսուչ պրն. Արեզումանդի, տարր. օղակի փոխտեսչուհի Քարմէն Չարմահալի եւ միջն. Ա. օղակի փոխտեսուչ Արբի Ալլահվերդեանի նաեւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Դպրոցի աշխատանքների եւ ծրագրերի կապակցութեամբ ընդհանուր բացատրութիւն ներկայացւելով, նշւեց, որ նոր տեխնոլոգիաների դարաշրջանում՝ հարկ է նորարարական մեթոդներ կիրառել եւ աշակերտութեան հետաքրքրութեանը շարժառիթ ստեղծելով, ուսուցումը դիւրացնել եւ արդիւնաւորել:

Հանդիպման ընթացքում կարեւորւեց դպրոց-ծնող երկկողմ յարաբերութիւնների եւ փոխադարձ համագործակցութեան կարեւորութիւնը, որոնք օգնում են զարգացնել դպրոցների կենսունակութիւնը եւ որակը:

Յիշեալ դպրոցում նաեւ կարեւորութեամբ անդրադարձ կատարւեց հայեցի դաստիարակութեան հիմնախնդրին, որի փոխանցման ամենադժւարին եւ կարեւորագոյն դերն անշուշտ բաժին է ընկնում հայկական դպրոցներին:

«Շանթ-Մարիամեան» դպրոցի շինարարական աշխատանքներին անդրադառնալով նշւեց, որ դպրոցը վերելակով օժտելու նախագիծն արդէն իսկ Թեմական խորհրդի կողմից հաստատւել եւ բիւջէն հայթայթելով հնարաւոր կը լինի այն իրագործել:

Անդրադառնալով երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակին նշւեց, որ ուսուցիչների աշխատավարձերը նաեւ դպրոցների շինարարական եւ առօրեայ ծախսերը նկատի ունենալով իւրաքանչիւր աշակերտի իրական թոշակը տարրականի եւ միջնակարգի երկու օղակներում, կազմում է մօտաւորապէս 10 միլիոն թուման, իսկ մանկապարտզէների առումով 22 միլիոն թուման, սակայն ինչպէս միշտ Թեմական խորհրդի կողմից մէկ բաժինը սուբսիդաւորւում եւ մնացեալը գանձւում է ծնողներից:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ