Կիրակի, 13 նոյեմբեր 2022 թւականին կայացած Թեմական խորհրդի 52-րդ նիստի օրակարգերում, ըստ ընկալեալ ընթացակարգի նախորդ նիստի արձանագրութեան ընթերցումից եւ հաստատումից յետոյ անդրադարձ կատարւեց Խորհրդին յղւած նամակներին, որոնց քննարկելով, ներկայացւեց իւրաքանչիւրի համապատասխան ընթացքը:
Յաջորդ օրակարգում՝ զեկոյցների լսումից յետոյ, առկայ հարցերը քննարկման ենթարկելով կատարւեց հետեւեալ որոշումները՝
1- Շրջաններում հայ համայնքի բնակչութեան թւի նոսրացման պատճառով առաջացած ազգային-հասարակական եւ կալւածային խնդիրները նկատի ունենալով, համապատասխան տւեալների հաւաքագրման ընթացքը սահունացնելու համար յանձնախումբ կեանքի կոչել եւ ըստ այնմ պարտն ու պատշաճը տնօրինել:
2- Արաքի շրջանում առկայ գրքերի պահպանման նկատառումով, գրքերը Ազգային գրադարան տեղափոխելու աշխատանքը շուտափոյթ իրագործել:
3- Առկայ ֆինանսական եւ տնտեսական դժւարութիւններին դիմակայելու ուղղութեամբ Խորհրդիս ներքին տնտեսական յանձնախմբի խորհրդակցութեամբ միջոցներ կիրառել:
4- Ներհամայնքային կեանքն աւելի ակտիւացնելու եւ նորօրեայ ծրագրեր մշակելու ուղղութեամբ խորհրդակցական հանդիպումներ ունենալ ազգային-հասարակական աշխատանքներում փորձառու անհատների հետ:
Նիստի աւարտին, վերջին շաբաթներում կայացած ժողովրդական հանդիպումների կազմակերպումը եւ ժողովրդի ընդառաջումը դրական գնահատելով, որոշւեց նմանատիպ հանդիպումները յաճախակի դարձնել:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ