ԱՍՏՒԱԾԱՇՆՉԱԿԱՆ ՍԵՐՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Թեհրանի Հայոց Թեմում շարունակւում են Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները՝

1) Երկուշաբթի, Յունւարի 2-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեան խօսեց Յիսուսի կրած առաջին փորձութեան մասին (Մտ 4.1-4)։ Պատմւում է որ մկրտութիւնից յետոյ, Յիսուս Սուրբ Հոգու կողմից տարւեց անապատ՝ փորձւելու Սատանայից։ Այս իրողութիւնը սովորեցնում է մեզ, թէ փորձութիւնների ժամանակ Սուրբ Հոգին մեր կողքին է կանգնում եւ մեզ փորձութիւնների դէմ յաղթող դարձնում։ Երբ Յիսուս քաղցեց, Սատանան մօտեցաւ որ փորձի նրան։ Սա պարզում է, թէ երբ տկարանում ենք, Սատանան մօտենում է մեզ եւ աշխատում մեզ փորձութեան առաջնորդել։ Փորձութեան ենթարկւելը սխալ չէ, այլ՝ փորձութեան մէջ ընկնելը։ Յիսուս ինքն էլ փորձութեան ենթարկւեց։ Սատանան առաջարկեց Տիրոջը որ քարերը հացի վերածի եւ ուտի։ Յիսուս Օրէնքի գրքից վկայակոչութիւն արեց եւ ասաց. «Մարդ միայն հացով չի ապրում, այլ այն բոլոր խօսքերով, որ Աստւած է ասել» (Մտ 4.4։ Բ.Օր 8.3)։ Տէրը իր այս պատասխանով սովորեցրեց մեզ, թէ Աստծու խօսքը հա՛ցն է մեր հոգիներին, սնո՛ւնդն է մեր սրտերին, եւ թէ մեր հոգիներն ու սրտերը կը մեռնեն առանց Աստծու խօսքի հացին։ Մարդը հողից ստեղծւած լինելով՝ ունի նիւթական մարմին, եւ Աստծու պատկերով ստեղծւած լինելով՝ ունի աննիւթական հոգի։ Մարդու նիւթական մարմինը՝ նիւթական հացի կարիքը ունի, իսկ նրա աննիւթական հոգին՝ աննիւթական հացի կարիքը, որը Աստծու խօսքն է։ Մարդու հոգին պէտք ունի Աստծու խօսքի հացին որպէսզի կարող լինի վերստին ծնւել (Ա.Պտ 1.23), որպէսզի կարող լինի փրկւել (Յկ 1.21), եւ որպէսզի կարող լինի սրբւել, որովհետեւ «ամէն ինչ Աստծու խօսքով եւ աղօթքով է սրբւում» (Ա.Տմ 4.5)։

2) Երեքշաբթի, Յունւարի 3-ին, Սրբ. Թարգմանչաց եկեղեցում կատարւեց սերտողութիւնը ինը երանիներին։ ա) «Երանի՜ հոգիով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը» (Մտ 5.3)։ Հոգիով աղքատները նրանք են՝ որոնք զգում են թէ իրենք Աստծու կարիքը ունեն, եւ թէ առանց Աստծուն չեն կարող ապրել։ բ) «Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք Աստծուց մխիթարութիւն պիտի գտնեն» (Մտ 5.4)։ Սգաւորները նրանք են՝ որոնք սգում են իրենց եւ ուրիշների գործած մեղքերի համար։ Այսպիսիները պիտի մխիթարւեն երբ Տիրոջ գալստեան ժամանակ տեսնեն մեղքի վերացումը աշխարհքից։ գ) «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մտ 5.5)։ Հարուստ, ուժեղ եւ դիրք ունեցող մարդիկ խորհում են թէ աշխարհը իրենց է պատկանում, մինչդեռ հեզերը, ընդհակառակը, գիտակցում են թէ իրենց ներկայութիւնը աշխարհում ժամանակաւոր է, եւ թէ իրենք հող ու մոխիր են, որոնք այսօր կան եւ վաղը պիտի չլինեն։ Տէրը յայտնում է, թէ ժամանակների աւարտին, աշխարհը պիտի խլւի նրանց ձեռքից որոնք իրենք իրենց աշխարհի տէրերն են կարծում եւ պիտի տրւի նրանց՝ որոնք չեն սիրում աշխարհը ու չեն կապւած աշխարհին. սա անշուշտ տեղի պիտի ունենայ աշխարհի կատարածին (Յյտ 5.10, 21.1։ Սղ 37.9,11,22,29,34։ Բ.Պտ 3.13, եւ այլն)։ դ) «Երանի՜ նրանց, որոնք արդարութեան քաղցն ու ծարաւն ունեն, որովհետեւ նրանք պիտի յագենան» (Մտ 5.6)։ Տէրը յայտնում է, թէ նրանք որոնք սիրում ու հետապնդում են արդարութիւնը, եւ ուզում են արդարութիւն տեսնել աշխարհում՝ «պիտի յագենան», այսինքն՝ իրենց աչքերով պիտի տեսնեն Արդարին ձեռքով արդարութեան հաստատումը աշխարհում (Բ.Պտ 3.13)։ ե) «Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք Աստծուց ողորմութիւն պիտի գտնեն» (Մտ 5.7)։ Ողորմածները միայն նիւթապէս ուրիշներին օգնողները չեն։ Տկարներին օգնելը, գլորածներին կանգնելը, հիւանդների հանդէպ հոգատար լինելը, անզօրներին զօրացնելը, այս եւ նման բաներ անելը՝ ողորմած լինել է նշանակում։ զ) «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մտ 5.8)։ Սրտով մաքուրները նրանք են, որոնք Քրիստոսի արիւնով սրբւել ու մաքրւել են։ Այսպիսիները արժանի պիտի լինեն տեսնել Աստծուն։ Անշուշտ Աստւած իր բնութեանը եւ էութեանը մէջ անտեսանելի է։ Սրտով մաքուրները Աստծու բնութիւնը չէ որ պիտի տեսնեն, այլ նրա փառքի մեծութիւնը։ Ինչպէս տեսնում ենք արեւու լոյսը առանց տեսնելու նրա ներքինը, նոյնպէս էլ, սրտով մաքուրները պիտի տեսնեն Աստծու փառքի լոյսը, նրա մեծափառութիւնն ու շքեղութիւնը, առանց սակայն տեսնելու նրա ներքինը, աստւածային էութիւնը, որովհետեւ մարդ չի կարող Աստծու էութիւնը տեսնել (Յհ 1.18, 6.46։ Ա.Տմ 6.16։ Ելք 33.20)։ է) «Երանի՜ նրանց, որոնք խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն» (Մտ 5.9)։ Խաղաղութեան հաստատման համար աշխատողները նրանք են, որոնք աշխատում են որ խաղաղութիւն լինի իրենց եւ Աստծու միջեւ, իրենց եւ մարդկանց միջեւ, մարդկանց եւ Աստծու միջեւ, եւ ընդհանրապէս մարդկանց միջեւ։ Երկրաւոր հասկացողութեամբ «խաղաղութիւն» նշանակում է՝ կռիւի դադարում երկու երկիրների կամ երկու մարդերի միջեւ, իսկ հոգեւոր հասկացողութեամբ «խաղաղութիւն» նշանակում է՝ կռիւի դադարում Աստծու եւ մարդու միջեւ։ Երբ մարդը մեղքեր է գործում՝ իր մեղքերով կռւում է Աստծու դէմ, իսկ երբ դադրում է մեղք գործելուց եւ ապաշխարութեամբ դառնում է Աստծուն՝ խաղաղութիւն է լինում իր եւ Աստծու միջեւ) «Երանի՜ նրանց, որոնք հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը» (Մտ 5.10)։ Արդարութիւնն ու արդարացնողը Քրիստոս ինքն է։ Հետեւաբար, արդարութեան համար հալածւողները՝ Քրիստոսի համար հալածւողներն են։ Արդարութեան համար հալածւող նկատւում են բոլոր նրանք, որոնք չարչարւում են Քրիստոսի հանդէպ իրենց ունեցած սիրոյն ու հաւատքին համար։ թ) «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամէն տեսակ զրպարտութիւն անեն իմ հետեւորդները լինելնուդ համար» (Մտ 5.11)։ Ամէն մարդ կարող է նախատւել, հալածւել ու բամբասւել, բայց Յիսուսի այս երանին միայն նրանց համար է, որոնք ի՛ր համար, իր սիրոյն ու իր Աւետարանին համար նախատւում, հալածւում ու բամբասւում են։ «Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ մեծ է ձեր վարձատրութիւնը երկնքում։ Յիշեցէ՛ք, որ նոյն ձեւով հալածանքի ենթարկւեցին նաեւ ձեզնից առաջ ապրած մարգարէները» (Մտ 5.12)։ Տէրը պատւիրում է մեզ ցնծալ եւ ուրախանալ երբ զրպարտւում ենք իր հետեւորդները լինելնուս համար, որովհետեւ մեծ վարձատրութիւն է սպասում մեզ երկնքում։ Մեր մեծ Տիրոջ համար նախատւելը՝ մեզ մեծ վարձքի է արժանացնում։

3) Չորեքշաբթի, Յունւարի 4-ին, Ս. Սարգիս եկեղեցում Հայր Սուրբը իբրեւ նիւթ ընտրեց աղօթքը։ Նա խօսելով աղօթքի մասին՝ ասաց. «Ճշմարիտ աղօթողը նա է, որ աղօթքի ժամանակ Աստծուն է նայում եւ ո՛չ թէ Աստծու ձեռքին։ Ծառան իր տիրոջը ձեռքին է նայում, աղախինը՝ իր տիկնոջը ձեռքին, իսկ մենք՝ մեր Աստծուն պէտք է նայենք (Սղ 123.2)։ Մէկի ձեռքին նայելը՝ վաճառականի վերաբերմունք է։ Մենք Աստծուն պէտք է նայենք, նրա սրտի՛ն պէտք է նայենք։ Աղօթքի ժամանակ պէտք է Աստծո՛ւն խնդրենք եւ ո՛չ թէ Աստծուց խնդրենք, պէտք է Օրհնեա՛լը ուզենանք եւ ո՛չ թէ նրա օրհնութիւնները, պէտք է Բարին փնտռենք եւ ո՛չ թէ նրա բարերարութիւնները...։ Աղօթքի ժամանակ պէտք է մեր սիրտը խօսի եւ ո՛չ թէ մեր բերանը։ Ճշմարիտ աղօթքը հաւատքի կրա՛կ է պահանջում։ Աղօթքը պէտք է փառաբանութիւն լինի եւ ո՛չ թէ սոսկ բառերի կոյտ։ Աղօթքի նպատակը պէտք է լինի Աստծու կամքը իմանալ եւ ո՛չ թէ մեր կամքը Աստծուն իմացնել»։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն Աստւածաշնչի սերտողութեան դասընթացներին, որոնք պիտի օգնեն մեզ լայն գիտութիւն ամբարելու Աստւածաշնչի եւ մեր եկեղեցու հաւատքին մասին եւ միաժամանակ օգնեն, որ աճենք մեր հաւատքի կեանքում։
Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները տեղի են ունենում հետեւեալ ժամանակացոյցով՝
- Երկուշաբթի, երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի:
- Երեքշաբթի երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:
- Չորեքշաբթի, առաւօտեան ժամը 10:00-ից 11:00-ը, Ս. Սարգիս եկեղեցի:

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ