ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Երկուշաբթի, թւականիս փետրւարի 20-ին, «Թունեան-Թովմասեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում հայոց դպրոցների ծնողական խորհուրդների անդամների հետ:

Կրթական խորհրդից հանդիպմանը ներկայ էին՝ ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը եւ նոյն խորհրդի անդամներ՝ Մելինդա Քեարիմ Մասիհին, Կարինէ Մանուչարեանը, Անի Համբարձումեանը եւ Մելինէ Փիեազաքը:

Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը ողջունեց ներկաներին, ապա աւելացրեց, որ այս հանդիպումը հետապնդում էր երկու կարեւոր նպատակ, նպաստել ծնողական խորհուրդնրի մէջ համագործակցութեան ամրապնդմանն ու յաջող փորձի փոխանակմանը:

Իւրաքանչիւր դպրոցից ներկայ էին երեքական ներկայացուցիչ, որոնք համառօտ զեկոյց ներկայացրեցին դպրոցից, եւ անդրադարձան այն տարւած աշխատանքներին, որոնք յաջողութիւն են բերել դպրոցին:

Ծնողական խորհրդի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկութիւններ ու տեսակէտներ, Կրթական խորհրդի անդամներն էլ իրենց հերթին խոստացան, անհրաժեշտութեան դէպքում, հնարաւորինս ամէն բան կանեն խորհուրդներին աջակցելու առումով:

Կրթական խորհրդի անդամ՝ Կարինէ Մանուչարեանի կողմից հանգամնօրէն ներկայացւեց ծնողական խորհուրդների կանոնագրութիւնը:

Հանդիպման աւարտին, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը գնահատեց կատարւած աշխատանքները, եւ շնորհակալութիւն յայտնեց անհրաժեշտ եւ նպաստաւոր քննարկումների համար:

Հանդիպումն անցաւ անմիջական եւ հաճելի մթնոլորտում, իսկ վերջում հիւրերի համար նախատեսւել էր համեստ հիւրասիրութիւն:

Կրթական Խորհրդի Հանրակապ