Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ՝ ԿԵԱՆՔԻ ՈՒ ՀԱՒԱՏՔԻ ԱԽՈՅԵԱՆՆԵՐ

Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տարածիչը՝ Պօղոս առաքեալ եբրայեցիներին գրած իր նամակում խօսելով հաւատի մասին ասում է. «Ի՞նչ է հաւատը։ Հաւատ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդէպ յոյս ունենք, եւ համոզւած լինել այն բաներին, որոնք չեն երեւում» (Եբր. 11։1) եւ ապա շարունակելով իր մտածումները առաքեալը հին կտակարանեան հաւատքի հերոսների կեանքի օրինակով շեշտում է հաւատքի կարեւորութիւնը իբրեւ առանցքային խորհուրդ մարդկային կեանքում։ Յարաճուն հաւատքը մարդ արարածի կեանքը պատւանդանում է ժայռի վրայ, նրա աչքերը յառած պահելով կեանքի կենսապարգեւ Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին։

Անցեալ շաբաթ տօնեցինք Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը, մի տօն, որ Քրիստոսի եկեղեցու մեծագոյն տօներից է եւ ողնասիւնը միաժամանակ քրիստոնէական վարդապետութեան։ Պօղոս առաքեալը յիշեցնում է մեզ հին Ուխտի ժողովրդի հաւատքի զօրութիւնը գրելով.«Ուրիշները ենթարկւեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան։ Քարկոծւեցին, սղոցւեցին, փորձութիւնների մատնւեցին, սպանւեցին սրով»։(Եբր. 11։36-37)

Մեր ժողովուրդը ինք եւս իր վերջին երկհազարամեայ պատմութեան ընթացքին տառապանքի, հալածանքի, գաղթի, աքսորի ու անապատի կամ լեռների վրայ իր կեանքը քարշ տալով ապրեց գողգոթացեալ մի կեանք առանց յուսահատութեան։ Մեր ժողովուրդը իր մեծով ու փոքրով, ծծկեր մանուկի ու անթացուպով քայլող ծերունիներով, մտաւորականներով, եկեղեցականներով՝ քահանայ, վարդապետ ու եպիսկոպոս քայլեց միշտ իր հոգու խորքում վառ պահելով վերապրելու տեսիլքը, խաւարը յաղթահարելու իր վճռակամութիւնն ու մահւան իր իսկ մահով յաղթելու իր Փրկչի օրինակը։

Ցեղասպանութեան ենթարկւած մեր ժողովուրդը ապրեց իր կեանքի ամենից դառն փորձութիւնը՝ զրկւելով իր հայրենի հողից, որի վրայ հազարաւոր տարիներ ապրել, գործել, մշակել իր քրտինքը խառնած հողին եւ նաեւ արիւնը՝ ի պաշտպանութիւն իր սուրբ հայրենիքին։ Հայրենազրկումը ամենից տառապալից ապրումը արթնացնում է մեր հոգում, մի ապրում որ ամէն վայրկեան ուղեկից է մեզ եւ որ մեզ ահաւոր անորոշութեան առաջ է կանգնեցնում։

Նեղութիւնն ու հալածանքը, վիշտն ու տառապանքը մարդ արարածին զօրութիւն, քաջութիւն, համարձակութիւն եւ փորձութիւնների յաղթելու ուժ են տալիս, որպէսզի վկայի իր հաւատքի, մարդկային կոչումի ու առաքելութեան, այլեւ հոգեւոր-ազգային այն արժէքներին, որոնց վրայ պատւանդանւած է լինում ազգը, ընկերութիւնը։ Առաքեալը հռոմայեցիներին գրած իր նամակում ասում է. «Քրիստոսը կարելի դարձրեց մեզ համար հաւատով հասնել այն շնորհին, որի մէջ ապրում ենք այժմ եւ պարծենում Աստծու փառքին արժանանալու յոյսով։ Եւ ոչ միայն այսքանը, այլեւ պարծենում ենք մեր նեղութեան մէջ եւս՝ իմանալով, որ նեղութիւնները մեզ տալիս են համբերութիւն, համբերութիւնը՝ տոկունութիւն, տոկունութիւնը՝ յոյս, իսկ յոյսը երբեք ամօթով չի թողնում»։ (Հռ. 5։3-5)

Հաւատքով զօրացած հնարաւոր կը լինի յաղթահարել բոլոր նեղութիւններն ու տագնապները եւ յաղթականօրէն շարժւել դէպի ապագան։ Աստծուց մեզ շնորհւած հաւատքը գօտեպնդում ու զրահաւորում է մարդ արարածին, նրան ատակ դարձնելով քրիստոսաբոյր կեանքի։ Ի վերջոյ հաւատքը հոգեւոր կեանքի հէնքն է, առանցքը, որի վրայ խարսխւած մարդու կեանքը դառնում է զօրութեան եւ ներշնչման աղբիւր։

Ապրիլեան մեր նահատակների խորհուրդով օծուն այս օրերին վերյիշում ու տագնապահար սրտով վերապրում ենք մեր նահատակների անցեալի կեանքը իր հայրենի հողի վրայ. հայ գիւղացու հորովելն ու հնձւորների կանչը, հայրենի գիւղերի ու քաղաքների եկեղեցիների զանգերի ղօղանջները, որոնք հարիւրաւոր տարիներ անընդմէջ ղօղանջեցին եւ հիմա չկան, հայ աշակերտների կանչը հայոց երկնակամարի ներքեւ, այլ խօսքով հայկական կեանքը իր ամբողջութեամբ մի պահ վերակենդանանում է մեր մտահորիզոնի առաջ եւ ակամայ աչքերդ խոնաււում են։

Այո՛, խորախորհուրդ այս օրերին, արար աշխարհը թող իմանայ, որ թուրքը եւ իր այս օրերի նոր եղբայր ադրբեջանցին թշնամի են մեր ժողովրդին։ Թուրքը ցեղասպան, քանդիչ ու աւերիչ է ու կը մնայ այդպիսին, այնքան ատեն, որ շարունակում է ժխտել Հայոց Ցեղասպանութիւնն ու գրաւեալ պահել մեր սրբացած նահատակների արիւնով նւիրականացած մեր հայրենիքը։

Այսօր մենք ականատես ենք լինում թուրքի ու ադրբեջանցու ոճրագործութիւններին եւ իրենց նկրտումների Արցախի մեր ժողովրդի նկատմամբ։ Թուրքը իր բնազդով ջարդարար է ու ցեղասպան եւ հետեւաբար մեր ժողովուրդը մնում է ու շարունակում է մնալ պահանջատէր։ Հայրենազուրկ ժողովրդի գոյապայքարը կազմում է հէնքը, առանցքը իր պահանջատիրութեան։ Հաւատքով գօտեպնդւած հայ ժողովուրդը կոչւած է համատեղ պայքարով շարունակելու պահանջատիրական իր պայքարը, բայց նախ պէտք է խորապէս ուսումնասիրենք մեր պատմութիւնը, որ անմահանուն Յովհաննէս Թումանեանի բառերով.«Մի լուսատու լապտեր է, որ ամէն մի ժողովուրդ ձեռքին պէտք է ունենայ՝ իր ճամբէն անմոլոր գնալու համար»։ Արդարեւ պատմութիւնը դաստիարակ է, որ մեզ ուժ եւ զօրութիւն է տալիս վշտին, տառապանքին յաղթելու եւ լուսաւորւած շարունակելու կեանքի ճանապարհը։ Ի վերջոյ հայրենասիրութեան աւիւն եւ աւիշ տւողը հայրենաճանաչութիւնն է։ Հայրենասիրութեան ակունքը հայրենա-ճանաչողութիւնն է։

Ինքնաճանաչողութիւնը մեզ մղում է իմաստութեամբ շարժւելու, մի կողմ դնելու մեր ներքին անհամերաշխութիւնը եւ բռունցքւած շարունակելու մեր պահանջատիրական պայքարը։ Որքան ներշնչող են անմահանուն Ամենայն Հայոց Խրիմեան հայրիկի հետեւեալ խօսքերը.«Ներքին անհամերաշխութիւնը աւելի շատ է հայրենիքին կորստեան մատնում քան եկած թշնամին»։

Պօղոս առաքեալը մեզ յիշեցնում է «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիւ վկաներով (նահատակներով) ենք շրջապատւած, դէն գցենք ամէն խոչընդոտ եւ մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտութեամբ է պաշարում մեզ, եւ համբերութեամբ պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ» (Եբր. 12։1)։

Փորձութիւն է հաւատքի տկարութիւնը. փորձութիւն է եկեղեցու նկատմամբ անտարբերութիւնը, փորձութիւն է հայոց լեզւի, պատմութեան եւ մշակութային արժէքների նկատմամբ թերացումը, փորձութիւն է նահանջելը պահանջատիրական մեր պայքարում եւ վերջապէս փորձութեան յաղթել է ուխտել հաւատարիմ մնալ այն ամէն ինչին, որ հայկական, հայաբոյր է ու մեզ կապում է մեր հայրենիքին։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ապրիլ 2023
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ