Հ.Մ. «Րաֆֆի» միութեան նախաձեռնութեամբ՝ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, ուրբաթ, ապրիլ 28-ի երեկոյեան, Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում, նոյն միութեան Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում նւիրւած Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակներին:

Ձեռնարկը մեկնարկեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի աղօթքով: Ապա բացման խօսքով հանդէս եկաւ Լիլիթ Սարդարեանը, որով Կազմակերպիչ յանձնախումբը կարեւորել էր ոգեկոչման միջոցառումների կողքին առկայ խնդիրների եւ մարտահրաւէրների դիմաց միասնական լինելու անհրաժեշտութիւնը:

Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ Վերժիկ Թահմազեանը, ով «Հայոց Ցեղասպանութիւն. ականատես վերապրողների վկայութիւններ» գրքից հատւածներ ընթերցելով, հեղինակի՝ Վերժինէ Սւազեանի աշխատութեան մասին իր տպաւորութիւններով կիսւեց լսարանի հետ:

Գեղարւեստական բաժինը յագեցած էր երգերով, ասմունքով, պարային եւ երաժշտական կատարումներով: