Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՇՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ 50-ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԸ

Ուրբաթ, 12 մայիս 2023 թւականին, իւրայատուկ միջոցառմամբ եւ գեղարւեստական յագեցած յայտագրով, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցաւ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումը՝ Ս. Սարգիս եկեղեցում:

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ յոբելեանական երգչախումբը եւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաները համատեղ հնչեցրին Տէրունական աղօթքը:

Յոբելեանական ծրագրի բացման խօսքով եւ Ս. Սարգիս Եկեղեցու խորհրդի անունից, հանդէս եկաւ Անի Քրիստի սրկ. Մանուէլեանը: Խօսքի մէջ նշւած էր. «50 տարի առաջ այս օրերին Թեհրանի հայկական համայնքը ապրում էր երջանկութիւնը իր նորաօծ եկեղեցու եւ ներկայութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ երանաշնորհ Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորէն առաջին կաթողիկսի»: Իր ելոյթի ընթացքում, նա անդրադառնալով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու անմնացորդ դերակատարութեանը, հայ ժողովրդի գոյապայքարի ընթացքում, նշեց. «Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր հիմնադրութեան առաջին իսկ օրւանից եղաւ հայ ժողովրդի եկեղեցին, իր քրիստոնէական եւ հայկական գունաւորումով»:

Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր երեք երգչախմբերի՝ ազգային, եկեղեցական ու ժողովրդական կատարումներով: Առանձին երգացանկով հանդէս եկաւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի երգչախումբը, Արփինէ Յարութիւնեանի խմբավարութեամբ եւ երգեհոնի կատարմամբ, որոնք իրենց թօթովախօս լեզւով ապացուցեցին հայ նոր սերնդի կապւածութիւնը ՝ ազգային արժէքներին: Հանդիսութեանը՝ Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի յղած կոնդակը՝ 50-ամեայ յոբելեանի կապակցութեամբ:

Ապա հանդիսատեսը ունկնդրեց Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբերի կատարումները, որը կրկին ապացոյցն էր հայ երիտասարդի յանձնառութեան:

Ծրագրի ընթացքում ներկաները դիտեցին Կարէն Մնացականեանի պատրաստած տեսաֆիլմը, որը պատկերում էր եկեղեցու 50-ամեայ պատմութիւնը, թերթելով Թեհրանի հայկական համայնքի պատմութեան անմնացորդ էջերը, Թեհրանի հայոց թեմի երջանկայիշատակ առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանի օրօք եկեղեցու հիմնադրման օրերը, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի, Հայաստանի Հանրապետութեան նախագահների ու պետական պաշտօնատարների, Իրանի պետական այրերի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կատարած այցերը եւ պատմական այլ յուշերը:

Հանդիսութեանը իրենց յոբելեարին ուղերձներ էին յղել՝ Իրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ համատեղ կերպով՝ «Հայ կին» միութիւնը եւ միութեան կից «Անի», «Անահիտ»եւ «Արմենուհի» միութիւնները: Ուղերձները ընթերցեց օրւայ հաղորդավար՝ Անանիա սրկ. Յարութիւնեանը:

Յոբելեանական հանդիսութեան գեղարւեստական յայտագրի աւարտին հանդիսատեսը վայելեց մայեստրօ Ռազմիկ Օհանեանի խմբավարութեամբ «Յոբելեանական երգչախմբի» երգացանկը, որին դաշնամուրային կատարումներով ընկերակցում էին Մայիս Մատթէոսեանը եւ Արմէն Ասատրեանը: Կատարումներին, մեներգերով հանդէս եկան՝ Կարինէ Մուրդեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Արմէն Թահմազեանը, Օֆիկ Մելիքեանը եւ Զօրիկ Ֆարհադեանը, իսկ ասմունքային կատարումով Նորիկ Ղարաբէգեանը: Կատարումներից առաջ մայեստրօն ողջունելով Ս. Սարգիս եկեղեցու օծման 50-ամեակը, ընդգծեց, որ Սրբազան Հօր հովանաւորութեամբ կեանքի կոչւած Յոբելեանական երգչախումբը ներկայացնելու է հայ երգարւեստի աշխարհից դասական, հոգեւոր եւ հայրենասիրական ստեղծագործութիւններ:

Ծրագրի եզրափակիչ բաժնում հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը նախ իր գնահատանքի խօսքը ուղղեց ժամանակի թեմակալ առաջնորդ, երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանին, ում օրօք հիմնադրւեց ու օծւեց Ս. Սարգիս եկեղեցին, ապա գնահատանքով արտայայտւեց եկեղեցու կամարների տակ երկար տարիներ իրենց աշխատանքը ծաւալած նւիրեալների մասին եւ գնահատագրեր յանձնեց՝ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանին եւ եկեղեցու վաստակաւոր լուսարար Շմաւոն Տէր-Յովհաննիսեանին: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձաւ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի միջոցով Իրանում եւ իրանահայ համայնքում ծաւալած աշխատանքներին եւ առ ի գնահատանք՝ մայեստրոյին պարգեւատրեց՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով եւ ընթերցեց Վեհափառ Հայրապետի յղած կոնդակը:

Գնահատագրերը յանձնելուց յետոյ հանդիսութեան եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Ս. Սարգիս եկեղեցում իրականացած պատմական իրադարձութիւններին եւ նշեց. «Ամեակի տօնակատարութիւնը, որքանով, որ հպարտութիւն է պատճառում, նոյնքան եւ պարտաւորութիւն եւ յանձնառութիւն է դնում մեզանից իւրաքանչիւրի ուսերին, որպէսզի մեզ ժառանգ մնացածը, փորձենք առաւելագոյն չափով ու պայծառագոյն կերպով պահել ու պահպանել: Այդ պարտաւորութիւնը մեզ են աւանդել՝ թեմի երջանկայիշատակ առաջնորդ Տ. Արտակ արք. Մանուկեանը եւ ժամանակի ազգայինները, որպէսզի առաւելագոյն նախանձախնդրութեամբ շարունակենք իրենց ուղին»:

Գեղարւեստական յայտագրի աւարտին եկեղեցու բակում կազմակերպւել էր ընդունելութիւն Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի միջոցով:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ Հատիսի

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ