ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒ ՎԵՐԱՊԱՏՒԵԼԻ ՄԻՇԷԼ ԱՂԱՄԱԼԵԱՆԻՆ

Նկատի ունենալով պայմանների թելադրանքով դպրոցների վերադասաւորման յոյժ կարեւոր եւ այժմէական օրակարգը, ընթացիկ շրջանում Թեմական խորհրդի հիմնական մտասեւեռումն է եղել դպրոցների համակցման կապակցութեամբ Կրթական խորհրդի կողմից ուսումնասիրւած եւ ներկայացւած ծրագրի գործնական փուլին մօտեցման աշխատանքների իրագործումը, որի համար կեանքի է կոչւել Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցութեամբ յանձնախումբ, որը հետամուտ է եղել գործընթացին:

Դպրոցների վերադասաւորման ուղղութեամբ իրականացւող աշխատանքների շարանում շաբաթ, 6 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունել է Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին եւ իրեն ընկերակցող Եկեղեցու Երէց Մասիս Վարդումեանին:

Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը:

Հանդիպման հիմնական առանցքն է եղել «Գոհար» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցների վերադասաւորման հարցը, մասնաւորաբար «Գոհար» դպրոցի, որը պատկանում է Հայ Աւետարանական համայնքին:

Հանդիպման ընթացքում պայմանների թելադրանքը նկատի ունենալով, ընդգծւել է դպրոցների վերադասաւորման հարցին աչալրջութեամբ հետամուտ լինելու անհրաժեշտութիւնը:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ