ՄԱՅԻՍ 28-Ի 105-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ԹԵՄԻՍ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԱՐԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՝ Հ.Մ. «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՄԻՈՒԹԵԱՆ ՅԱՐԿԻ ՏԱԿ

Հայ ժողովուրդը, մայիսեան յաղթանակների տեսլականով, անհրաժեշտ է սթափւի ու շարժւի Մայիսեան նորանոր յաղթանակներ կերտելու ուղղութեամբ:

Այդ տեսլականով տոգորւած, երէկ՝ մայիսի 24-ի երեկոյեան Թեհրանի միութիւններում մեկնարկեց մայիսեան ոգով լիցքաւորւելու ծրագրերի շարանը, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ, նախաձեռնութեամբ նոյն միութեան եւ համադրութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի:

Միջոցառումը յագեցած էր դասախօսական-գեղարւեստական յայտագրով, մայիսեան ոգին փոխանցող տեսաֆիլմի ցուցադրութեամբ, ընթերցւեց Թ.Հ.Թ. Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի խօսքը: Հանդիսատեսը վայելեց երիտասարդների միջոցով իրականացւող երգերը, Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի սաների կատարումները, ասմունքները եւ սրինգի կատարումները: Առանձին ելոյթով հանդէս եկաւ՝ Թ.Հ.Թ. Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի կողմից Հայաստանից հրաւիրւած երգչուհի Եւա Եգանեանը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, ով իր ելոյթը սկսեց հետեւեալ բնաբանով «Մայիս 28-ը՝ հայոց պատմութեան ազգային տօների տօնն է»: Իր ելոյթի ընթացքում նա անդրադառնալով ՀՀ ներկայ իշխանութիւնների ազգադաւ գործողութիւններին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը իր միասնական կեցւածքով կարող է կրկին կերտել Մայիս 28-ի հերոսապատումը՝ կասեցնելով Արցախի դաւադիր յանձնումը թշնամուն:

Միջոցառման եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր ելոյթի ընթացքում ընդգծեց. «Այսօրւայ տօնը, որը համախմբել է մեզ բոլորիս պարտաւորութեան եւ յանձնառութեան տակ է դնում մեզանից իւրաքանչիւրին, որպէսզի ոչ միայն տարւայ մէջ մի օր այդ տօնով խանդավառւենք, այլ այդ տօնի խորհուրդը մեր կեանքի ու էութեան մասը կազմի»: Ելոյթի աւարտին պատանի-պարմանուհիները շնորհաւորելով Մայիսի 28-ը ծաղիկներ էին նւիրում ներկաներին:

Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսատեսներ:

Յատկանշական է, որ Թ.Հ.Թ. Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի կողմից Հայաստանից հրաւիրւած երգիչ-ուհի՝ Եւա Եգանեանը, եւ Մաւր Մկրտչեանը ելոյթներով հանդէս են գալու Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. «Սիփան» եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների մայիսեան ծրագրերին:

Լուրը՝ «Ալիք»-ից