Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին՝ Ապրիլի 24-ի առաւօտեան խուռներամ շարքերով մասնակցենք կրօնական-քաղաքական ծրագրերին

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ, շաբաթ 13 ապրիլ 2024 թւականի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում էր կազմակերպւել Թեհրանի հայոց թեմի միութիւնների վարչութիւնների եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ կապւած Ապրիլեան ծրագրերի կազմակերպման:

Սկզբում յանձնախմբի նախագահ Արա Գալստեանը ողջունելով ներկաներին, համապարփակ գծերով ներկայացրեց յանձնախմբի նախաձեռնած աշխատանքները՝ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի միջոցառումների կապակցութեամբ, նշելով, որ այս տարի յանձնախմբի որոշմամբ Ապրիլի 23-ի երեկոյեան, միայն Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում տեղի է ունենալու երիտասարդական համահաւաք եւ գեղարւեստական ճոխ ծրագիր, որի նպատակն է մեր երիտասարդների մօտ վերակենդանացնել պահանջատիրութեան ոգին:

Անդրադառնալով Ապրիլի 24-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւելիք միջոցառումներին, Արա Գալստեանը նշեց, որ ինչպէս միշտ կատարւելու է եկեղեցական արարողութիւն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակին, ապա եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր նահատակների յուշարձանի մօտ տեղի է ունենալու խնկարկում եւ ծաղիկների մատուցում նախ պաշտօնական անձանց եւ համայնքային կառոյցների ու միութիւնների կողմից, ապա ժողովրդի միջոցով: Տեղի է ունենալու ժողովրդական համահաւաք, հնչելու ենք ելոյթներ, կարգախօսեր եւ խօսքեր: Ատենապետը նշեց, որ ինչպէս ընկալեալ սովորութեան Ապրիլի 24-ի երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի է ունենալու բանախօսանկան-գեղարւեստական յայտագրով միջոցառում: Նա իր գնահատանքը յայտնեց միութիւններին, որոնք արդէն իսկ նախաձեռնել են իրենց ծրագրերը:

Հանդիպմանը, թէ՝ յանձնախմբի նախագահը, եւ թէ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Հայրիկ Աղանեանը, կարեւորեցին Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման ծրագրերին գիտակից հայորդիների մեծաքանակ մասնակցութիւնը, որը վստահաբար իր խիստ արտացոլումն է ունենալու եւ այս հարցով դիմեցին միութիւններին, որպէսզի չխնայեն իրենց կարելին, իրենց միութենականներին մասնակցութեան կոչ ուղղելու առումով: Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների եւ առաջարկութիւնների արծարծման:

Լուրը՝ «Ալիք»-ից