Ապրիլի 24-ի երեկոյեան բազմամարդ էր «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճը, որտեղ ըստ ընկալեալ սովորութեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական երեկոյ, մէկտեղւած գեղարւեստական յայտագրով:
Տէրունական աղօթքով եւ Իրանի ու Հայաստանի պետական հիմներով մեկնարկած միջոցառման սկզբում, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի խօսքը ընթերցեց օրւայ հաղորդավար Սարինէ Թորոսեանը: Իր խօսքը նա այսպէս սկսեց. «Պատմութիւնը կրկնւում է: 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութիւնից 109 տարի անց, հայ ժողովուրդը լուռ ականատեսը եղաւ իր ժողովրդի երկրորդ էթնիկ զտմանը, այս անգամ 21-րդ դարում եւ հայրենիքի մի ուրիշ հատւածում: Արցախի աննախադէպ հայաթափումը, Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների «Նշաձողը իջեցնելու» դաւաճանական քաղաքականութեան արդիւնքն էր: Քաղաքականութիւն, որը պաշտօնականացւեց հայ ժողովրդից թաքուն, Բաքւի «կիրթ եւ կառուցողական» բռնապետի եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռը զբաղեցնող անձի միջեւ, 2022 թ.-ին Պրագայում:
Բաւարարելով թշնամու ծաւալապաշտական պահանջները, Հայաստանի գործող իշխանութիւնները ոչ միայն Սիւնիքը, այլեւ ամբողջ Հայաստանի Հանրապետութեան տարածքը դարձրեցին խոցելի եւ անպաշտպան: Հայ ժողովուրդը եւ նամանաւանդ հայ զինւորն ամէն օր ականատեսն են Թուրքիայի եւ Բաքւի ցեղասպան նկրտումներին եւ չյագեցող ախորժակին»:
Խօսքի մէջ նշւել էր. «Արցախի Հանրապետութեան սուբիեկտայնութեան լիարժէք փլուզումից յետոյ, պանթուրքական տանդեմը ներկայացնող՝ Թուրքիան եւ Ադրբեջանը լծւել են աշխատանքի, իրենց վաղեմի երազանքի «Զանգեզուրի միջանցք»-ի կեանքի կոչմանը՝ միաւորելու համար թուրքական աշխարհը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքով:
Արցախի ամբողջական յանձնումով չբաւարարւելով, Հայաստանի Հանրապետութեան իշխող խմբակը, որն ըստ Գելափի վերջին հարցումների վայելում է ժողովրդի ընդամէնը 8 տոկոսանոց վստահութիւնը, անցել է Տաւուշի մարզի գիւղերի յանձնմանը, եւ հայ ժողովրդին նոր պատերազմի վտանգով սպառնալով, փորձում է նոր կապիտուլացիա պարտադրել, նոր զիջումները քողարկելու համար, փորձում են հայ ժողովրդին համոզել որ այս տարածքները հայկական չեն: Հարկ է նշել, որ այս տարածքների յանձնումը անվտանգային լրջագոյն սպառնալիքներ է ստեղծելու ոչ միայն հազարաւոր քաղաքացու կեանքի եւ ազատ տեղաշարժի համար, այլեւ առ ոչինչ է դարձնելու հիւսիս արեւելեան ճանապարհի ռազմավարական հատւածը, Հայաստան մտնող գազամուղը, հեռահաղորդակցութեան եւ էլեկտրականութեան կապուղիները:
Հետեւաբար, այս ամբիոնից յայտարարում ենք, որ առանց սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքները եւ իրաւական հիմքերը յստակեցնելու որեւէ գործընթաց անթույլատրել, անօրինական եւ հակասահմանադրական է»: Իր ելոյթի ընթացքում նա ասաց. «Անվտանգութեան խնդկիրները լուծելու, բանակի մարտունակութիւնը բարձրացնելու, իրական դաշնակիցների հետ յարաբերութիւնները կարգաւորելու փոխարէն, օրւայ իշխանութիւնները խաղաղութեան կեղծ օրակարգով երկիրը տանում են նոր պատերազմի եւ նոր կորուստների, Հայաստանը դարձնելով գերտիրութիւնների աշխարհաքաղաքական հակամարտութեան բախման թատերաբեմ»: Նա վերջում անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների հակաազգային յայտարարութիւններին, կապւած Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն Սրբադասւած նահատակներին նշեց. «Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի շեմին, Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն անցել են ցեղասպանութեան ուրացման թուրքահաճոյ քաղաքականութեան կեանքի կոչմանը՝ շրջանառութեան մէջ դնելով թուրքի եաթաղանի զոհ դարձած 1,5 միլիոն նահատակների անունները ցուցակագրելու վտանգաւոր թէզը՝ կասկածի տակ դնելով ցեղասպանութեան եղելութիւնը: Վստահ ենք սակայն, որ նրանց չի յաջողւի աւարտին հասցնել թուրքի անաւարտ ծրագիրը, Հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ պատմութեան աղբամանն է նետելու, թուրք-ադրբեջանական կամակատարներին:
Սիրելի հայրենակիցներ՝ ինչպէս մատնանշեցինք մեր պետականութեան դէմ կան բազմաթիւ մարտահրաւէրներ սակայն հայ ժողովուրդը մէկ անգամ եւս ոտքի է կանգնելու է եւ վերանւաճելու իր անցեալի յաղթանակները:
Հայկական Պետականութեանը ազատագրւելու է եւ վերածնւելու է շնորհիւ՝ Հայոց եկեղեցու, ազգային ուժերի եւ հայրենասէր անհատների»:
Ապա հաղորդավարը ներկայացնելով օրւայ բանախօս՝ ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Աննա Գրիգորեանի կենսագրական տւեալները, ամբիոնի մօտ հրաւիրեց օրւայ բանախօսին:
Բանախօսը իր ելոյթը այս տողերով սկսեց. «Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը: 20-րդ դարասկզբին Օսմանեան կայսրութեան ծրագրած եւ իրագործած հրէշաւոր չարագործութեան նպատակը՝ հայութեան ամբողջական բնաջնջումն էր, իսկ հետեւանքը հայ ժողովրդի հայրենազրկումը, մեր բնօրրանում հայութեան ֆիզիկական ու պատմական, հոգեւոր եւ մշակութային ներկայութեան իսպառ բացառումը: Այս օրերին մենք ոգեկոչում ենք մեր մէկուկես միլիոն անմեղ զոհերին, վերյիշում նրանց տառապանքի ուղին եւ խոնարհւում նրանց անմահ յիշատակի առաջ»: Նա իր ելոյթի այլ բաժնում ընդգծեց. «Հայաստանի Հանրապետութիւնը իր մեծ ներդրումն է ունեցել ցեղասպանութիւնների կանխարգելման եւ դատապարտման միջազգային ջանքերում: Աւաղ այսօր հէնց Հայաստանի Հանրապետութիւնում, օրւայ իշխանութիւնները շարժւում են ուրացման ճանապարհով: Տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանութեան դապարտման հարցը եղել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթութիւններից մէկը: Այսօր, օրւայ իշխանութիւնները հրաժարւում են այդ օրակարգից, ասելով, որ այն ոչ թէ՝ Հայաստանի Հանրապետութեան՝ որպէս պետութեան, այլ՝ Սփիւռքի հարց է»:
Բանախօսը ցաւով անդրադարձաւ ՀՀ գործող իշխանութեան տարբեր անդամների հակահայ եւ հայադաւ ակտերին ու արտայայտութիւններին, ինչպէս օրինակ Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակների, նահատակութեան փաստի հարցականի ենթարկելը եւ ուրացման քաղաքականութիւնը, Նոր Սահմանադրութեան ընդունման օրակարգը, որի նպատակը Սահմանադրութիւնից ջնջելն է յղումը՝ անկախութեան հռչակագրին, որտեղ ամրագրւած է Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան դատապարտման վերաբերեալ դրոյթները: ՀՀ ԱԺ-ի պատգամաւորը նշեց. «Այսօր գործող իշխանութիւնը առաջարկում է մի կեղծ ընտրութիւն իրական եւ պատմական հայրենիքների միջեւ, ինչն իրականում նշանակում է մոռանալ մեր պատմութիւնը, մեր ինքնութիւնը, ով ենք մենք, որտեղից ենք գալիս: Ես ուզում եմ Ձեզ հաստատակամօրէն վստահեցնել, որ ՀՀ քաղաքացիները հիմնովին մերժում են այս հայրենադւութիւնը եւ ուրացման օրակարգը: Ի վերջոյ մարդն ու անասունը միմեանցից տարբերւում են յիշողութեամբ եւ ցաւօք այսօր միայն ՀՀ գործող իշխանութիւններն են մեզ առաջարկում պատմութեանը նայել նոր դիտանկիւնից, մէկ էլ Էրդողանը, որ նախօրէին հայերի մասին խօսելիս ասում է՝ ժամանակն է հրաժարւել անհիմն յիշողութիւններից»: Նա ընդգծեց, որ դժբախտաբար մենք այսօր եւս վերապրեցինք Դեր Զորը եւ կրկին տեսանք Ցեղասպանութիւն, էթնիկ զտում եւ վկաները՝ Արցախի մեր հայրենակիցները, որոնք Լաչինի միջանցքով փորձում էին մազապուրծ օթեւան գտնել ՀՀ-ում, եւ իրենց հետ վերցնում էին Արցախից վերջին խաչքարը, իրենց ունեցւածքը, ինչ կարողանում էին նոյնը պատահեց 1915-ին:
Բանախօս Աննա Գրիգորեանը ընդգծեց, որ եթէ մէկ դար առաջ հայ ժողովուրդը ցեղասպանւել է պետութեան բացակայութեան պայմաններում, ապա Արցախում Ցեղասպանութիւն տեղի ունեցաւ Հայոց Պետականութեան առկայութեան պայմաններում եւ այդ օրերին ՀՀ իշխանութիւնները ոչ միայն միայնակ թողեցին Արցախի ժողովրդին, այլ այն ընթացքում երբ սպանում էին մեր հայրենակիցներին, կառավարութեան ղեկավարը ուղիղ եթերում յայտարարեց, որ Արցախի ժողովրդին ուղղակի վտանգ չի սպառնում»: Բանախօսը իր ելոյթի ընթացքում անդրադառնալով Հայոց աշխարհի տարածքների զիջման քաղաքականութեանը ընդգծեց. «Զիջումը, որպէս պետական քաղաքականութիւն պէտք է մերժւի, ստորացման եւ նւաստացման շղթան պէտք է ջարդւի: Արցախի զարթօնքը մեր ժողովրդի եզակի միասնականութեան, պայքարի, ուժի եւ յաղթանակի խորհրդանիշն է: Արցախը եղել է, կայ եւ մնում է իմ, Ձեր եւ բոլոր հայերի հայրենիքը»:
Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ընդգծեց. «Լրացաւ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը: Այս ողբերգական ժամանակներից դար ու մէկ տասնամեակ անց, կրկին համախմբւել ենք ոգեկոչելու Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների յիշատակը:
Անցնում են տարիները, բայց մեր յատուցման պահանջատիրական պայքարի կրակը շարունակում է մնալ թէժ՝ բոցավառում է նորանոր սրտեր, եւ տաքացնում նորանոր հոգիներ, մեզ կոչելով ապրելու եւ պայքարելու, նոյն հետեւողականութեամբ որ ապրեցին ու պայքարեցին մեր անցեալ սերունդները, պայքարեցին զինւորի անկոտրում յամառութեամբ ու համարձակութեամբ, յանո՛ւն Հայ Դատի լիարժէք լուծման, յանո՛ւն մեր արդար իրաւունքների վերականգնման»:
Պատգամաւորը իր ելոյթի ընթացքում նշեց. «Համախմբւել ենք վերանորոգելու պայքարի մեր ուխտը եւ ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ անկոտրում կամքով շարունակելու ենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու Հայ Դատի պահանջատիրական մեր երթը: Համախմբւել ենք, որ մեր արդար պահանջի ձայնը միացնենք համայն հայութեան ձայնին եւ ի լուր աշխարհի բարձրաձայնենք, որ չկորանք, չընկրկեցինք, չնահանջեցինք եւ չենք նահանջելու, կանք եւ կը շարունակենք մեր պահանջատիրական յանձնառու պայքարը՝ մինչ Հայ Դատի լուծումը եւ հայ ազգի իրաւունքների ամբողջական իրացումը»: Նա ընդգծեց. «Հայոց Ցեղասպանութիւնը չի աւարտւել: Այն տակաւին շարունակւում է: Շարունակւում է Արցախում, նրա հայաթափմամբ եւ կորուստով: Ուստի բոլորս պէտք է շարունակենք համազգային մեր պայքարը՝ միասնական ոգով եւ յաղթականի տեսլականով:
Այսօր Սփիւռքի համար աւելի քան երբեւէ պարզ է թէ ինչ անելիք ունի եւ ինչ ճանապարհ պէտք է կտրի պահանջատիրական պայքարի ուղում:
Սփիւռքը պէտք է վերակազմակերպել, նոր դերաբաշխում կատարել եւ այդ վերադասաւորւած համակարգով ծառայել Հայաստանին ու Հայ Դատին: Այդ բոլորը պիտի անել յանուն հայրենիքի՝ սնւելով հայրենասիրական ոգով եւ այդ մեկնակէտից ելնելով»:
Միջոցառմանը Հայ Դատի Միջին Արեւելքի յանձնախմբի յայտարարութիւնը Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի կապակցութեամբ ընթերցեց Նայիրի Բալալեանը: Խօսքի մէջ նշւել էր. «Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը։ Օսմանեան կայսրութեան իրագործած Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ հարիւրամեայ անպատժելիութեան եւ անհատոյց մնալու փաստը շարունակում է իր բացասական անդրադարձն ունենալ համայն մարդկութեան վրայ։
Եթէ Թուրքիան պատասխանատւութեան ենթարկւած լինէր՝ չէին լինի Կամբոջիայի եւ Ռուանդայի ցեղասպանութիւնները, յատկապէս, 21-րդ դարում տեղի չէր ունենայ Արցախի բնիկ ժողովրդի տեղահանութիւնն իր պատմական հայրենիքից, Արցախի էթնիկ զտումը, բռնագրաւումը, ինչպէս նաեւ ազգային, պետական եւ անհատական ունեցւածքի թալանն ու պատմամշակութային դարաւոր արժէքների կործանումը։ Զանգւածային լրատւամիջոցների եւ հաղորդակցութեան միջոցների ներկայ ժամանակաշրջանում, դժբախտաբար, շարունակում ենք ականատես դառնալ այդպիսի ցեղասպանական ոճիրների։ Արցախում տեղի ունեցածից շուրջ մէկ տարի անց՝ այսօր, ականտեսն ենք մէկ այլ անիրաւութեան, մէկ այլ տառապանքի ու ողբերգութեան»։
Յայտարարութեան մէջ նշւել էր. «Հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան դէմ գործած ոճիրների նկատմամբ պատշաճ եւ գործնական հակազդեցութեան բացակայութեան հետեւանքն է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայէլն այսօր հանդգնում է պաղեստինցի ժողովրդի դեմ իր ցեղասպանական ոճիրը գործել։
Արդարութեան եւ իրաւունքի յաղթանակն անխուսափելի է։ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի կապակցութեամբ վերանորոգում ենք արդարադատութեան համար պայքարը շարունակելու մեր կամքը եւ երախտագիտութեամբ յիշում արաբ եւ իրանցի եղբայրական ժողովուրդների մարդկային ու կրօնական ազնւագոյն սկզբունքներից բխած պատւաբեր կեցւածքը՝ Թուրքիայի կողմից գործած ցեղասպանութիւնը վերապրած հայերի նկատմամբ։ Մեր պայքարը պէտք է շարունակւի»։
Ելոյթները եզրափակւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամով, որը ընթերցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:
Սրբազան Հօր պատգամի մէջ նշւել էր. «109 տարիներ ի վեր ոգեկոչում ենք եւ միաժամանակ ուխտում ենք հաւատարիմ մնալ մեր նահատակների յիշատակին: Այսօր եւս մեր ժողովուրդը ամենուրեք ապրում է եւ գործում է իր նահատակների յիշատակով: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը պարտաւորիչ եւ յանձնառու թւական է, որովհետեւ մեր նահատակների ոգեկոչումը կարելի չէ պարփակել տարւայ մէկ օրւայ կամ մէկ շաբաթւայ մէջ: Տարւայ 365 օրը մեզ համար լինելու է ո՛չ միայն ողբի եւ կոծի օր, այլ՝ ուխտի օր»: Պատգամի մէջ նշւած էր. «Այսօր այն օրն է, որ հայ մարդը, հայ ուսուցիչը, աշակերտը, եկեղեցականը, խանութպանը, գործարարն ու երկրաչափը, զինւորն ու հրամանատարը, նախարարն ու պագամաւորը, գրողն ու մտաւորականը, դեղագործն ու բժիշկը, ինքնաշարժի վարորդն ու օդաչուն, կուսակցականն ու անկուսակցականը, այլ խօսքըվ հայ մարդը ինչ դիրքի, պաշտօնի եւ վիճակը մէջ էլ որ լինի պիտի ուխտ անի, որ ինքն հաւատարմօրէն կառչած մնալու է հայ ժողովրդի պահանջատիրութեան պայքարին, այնքան ժամանակ, որ Դեր Զորի անապատներից, Հայաստանի դաշտերի ու ձորերի խորքից, Եփրատ ու Տիգրիս գետերի ջուրերի կարկաչունից իր ականջին անլռելի զանգակատան ղօղանջի նման, հնչում է աւել քան մէկուկէս միլիոն մեր սուրբ նահատակների արեան կանչը: Ու ոչ ոք չի կարող եւ հետագային էլ չի կարողանայ մեզ շեղել մեր կեանքի այս ընթացքից:
Անցեալ աւելի քան հարիւր իննը տարիները եկան ցոյց տալու, որ հայի համար կարմիր գիծ է իր նահատակների կտակի նկատմամբ արտայայտւած նւազագոյն արհամարանք, անտարբերութիւն եւ կամ ինչ-ինչ նպատակների եւ կամ մեկնաբանութիւնների արդիւնքում ձեռք ձգւած պայմանաւորւածութիւնը»:
Պատգամի այլ բաժնում անդադարձ էր կատարւել Հայաստանի ներկայի իրավիճակին եւ նշւել էր. «Վերջին հարիւր տարւայ մեր ժողովրդի արիւնով կերտւած Հայաստանի Հանրապետութիւնը, այսօր կարծէք առ ու ծախի առարկայ է նոյնինք Հայաստանի Հանրապետութեան իշխանաւորների կողմից՝ յագուրդ տալով նրանց ախորժակներին: Բայց կարծէք այս հողատւութիւնները չեն յագեցնում թշնամիին, դրա ապացոյցը այն է, որ մի-երկու օր առաջ Թուրքիոյ ոճրագործ նախագահը յայտարարել է, որ հայերը պէտք է մոռանան անցեալը եւ իրենց պամտութիւնը: Նայենք պատմութեան եւ յիշենք, որ Հայաստանի Երկրորդ Հանրապետութեան 70 տարիների ընթացքին կոմունիզմը ոչ միայն չկարողացաւ հայրենաբնակ մեր ժողովրդի մտքից ու հոգուց դուրս բերել մեր նահատակների սրբազան կտակի խորհուրդը, այլ ինքը ընթացք տւաւ ժողովրդի ինքնաբուխ պահանջին եւ կանգնել տւեց Ծիծեռնակաբերդ յուշահամալիրը իբրեւ Անլռելի ղօղանջ Հայոց Ցեղասպանութեան եւ այսօր եւս ոչ ոք, ոչ թուրքը եւ ոչ էլ թուրքանման ուժերը չեն կարող մեզ հեռացնել մեր յիշողութիւններից մեր նախնիների եւ նահատակների յիշատակի կատարումից»:
Թեմակալ առաջնորդի պատգամի այլ բաժնում նշւել էր. «Ո՞ր ժողովուրդը իր կամքով իր հայրենիքը կը յանձնէ իր թշնամուն: Հայրենիք, որի հողով, ջրով, բնութեամբ ու շնչով մեր ժողովուրդը, մեր հայրերը ստեղծագործեցին: Ո՞վ է իրաւունք տւել որեւէ մէկին իր հայրենի հողը «նւէր բաժնելու» իր թշնամուն: Մանաւանդ վերջին շրջանի 30 տարիներին մեր հայրենի հողը՝ մեր չքնաղ Արցախը դարձեալ թշնամու «Ձիերի սմբակների ներքեւ» է տրորւում: Այո՛, ո՞վ հաշիւ պիտի տայ պատմութեանը, մեր անմահանուն եւ անզուգական Ֆեդայիներին եւ բաց երկինքի տակ իրենց հոգին աւանդած մեր ժողովրդի անմեղ զաւակներին: Այս բոլորը մեր պարտականութիւնն է: Մենք պիտի յիշեցնենք պատմութեան եւ մեր գալիք սերունդներին, որ մենք պահանջատէր ենք եւ հետամուտ ենք մեր սրբադասւած նահատակների արեան կանչի արդար դատի իրականացման»:
Միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, եւ դեսպանութեան դիւանագիտական ներկայացուցիչները, Իրանում Կիպրոսի դեսպանը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի Միշէլ Աղամալեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր՝ Սուրիկ Աբնուսեանը եւ դիւանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Յայտագրի գեղարւեստական բաժնում, հայ ժողովրդի պահանջատէր ոգով ներշնչւած գեղարւեստական կատարումներին երիտասարդ ու արհեստավարժ մեներգիչներն ու ասմունքողները, կենդանի երաժշտական կատարումներով, հանդիսատեսին պատճառեցին յուզմունք, ցասում եւ պահանջատիրութիւն՝ վերատիրանալու եւ վերականգնելու իր ազգային արժանապատւութիւնը:
Գեղարւեստական ծրագրերին, որը զուգորդւած էր Արցախից պատկերներով, իրենց երգերով եւ ասմունքային կատարումներով մասնակցութիւն էին բերել՝ Այրինա Նորավեանը, Արտոյտ Զոհրաբեանը, Թենի Ֆարմանեանը, Վահիկ Մարգարեանը, Ալին Ասլանեանը, Վահէ Քեշիշզադէն, Արեգ Մարգարեանը, Րաֆֆի Ստեփանեանը, Անդրէ Խաչիկեանը, Դերենիկ Ալեքսանեանը, Արութին Մեհրաբին, Անի Արզումանեանը եւ խմբի ղեկավար Գէորգ Խաչատրեանը, ով նաեւ հեղինակել էր «Երանի» կոչւող երգը, որը առաջին անգամը հնչեց:
Յատկանշական է, որ վերջում բեմ բարձրացան Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական խմբերը եւ Սրբադասւած նահատակների անմեռ յիշատակով երդւեցին հաւատարիմ մնալ, նրանց անշեղ ուղուն, Աստծուն, Հայաստանին եւ Արցախին:
Նշելի է, որ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում ՀՈՒՍԿ-ի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի համատեղ գործակցութեամբ կազմակերպւել էր հայ աշակերտների ձեռքի աշխատանքների ու նկարչութիւնների ցուցահանդէս:
Թղթակից՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ
Լուրը՝ «Ալիք»-ից